Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորությունն այնպիսին էր, որ կա մոտ 30 տարվա տարիքային տարբերություն»․ ԱՄՆ-ում վերլուծում են Թրամփ-Բայդեն բանավեճը, մտահոգություն հայտնում Բայդենի թեկնածության վերաբերյալ

Հուլիս 01,2024 14:53

Ամերիկյան և միջազգային մամուլը քննարկում է հինգշաբթի Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի միջև կայացած նախընտրական բանավեճը։

Լրագրական և վերլուծական շրջանակները փաստում են, որ բանավեճի ակնհայտ առաջատարը Դոնալդ Թրամփն էր։ Նույնիսկ Թրամփին խիստ քննադատության ենթարկող, ավելի ձախ հենվող լրատվամիջոցների վերլուծաբանները անհանգստություն են հայտնում նախագահ Բայդենի՝ տարիքով պայմանավորված դժվարությունների առնչությամբ։

 

Խռպոտ ձայնը

Բանավեճի հենց սկզբից Ջո Բայդենը խոսում էր ցածր, խռպոտ և դժվարըմբռնելի ձայնով, հաճախ կորցնում էր միտքը նախադասություններ կազմելիս։ Թեև Բայդենի շտաբից տեղեկացրին, որ այդ երեկո նրա ձայնը խզված էր, բացասական տպավորությունները չփարատվեցին։

The Washington Post-ի ընտրարշավերի լուսաբանման լրագրող-մեկնաբան Հաննահ Նոելսը կարծիք է հայտնել, որ «սա հենց այն է, ինչին ձգտում էր հասնել Թրամփի նախընտրական թիմը՝ ցուցադրելով նախագահի տարիքային խնդիրները»։

 

Հարցը տարիքը չէ Թրամփ

Վիրջինիայում աջակիցների հետ հանդիպման ժամանակ, սակայն, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Բայդենի խնդիրը տարիքը չէ։ «Նա ուղղակի ոչ-կոմպետենտ, աշխարհում չհարգված, կոռումպացված անձնավորություն է», – ասել է նա։

 

Ես գիտեմ ինչպես աշխատել Բայդեն

Հյուսիսային Կառոլինայի աջակիցների հետ հանդիպմանն էլ Բայդենն անդրադարձել է բանավեճից հետո իր վերաբերյալ մտահոգություններին, նշելով՝ գիտի, որ երիտասարդ չէ։ «Ես չեմ քայլում այնպես, ինչպես առաջ, չեմ խոսում այնքան սահուն, որքան առաջ, չեմ բանավիճում այնպես, ինչպես առաջ․․․բայց ես գիտեմ ինչպես աշխատել»։

 

Վտանգված նախագահություն

Բրիտանացի լրագրող, պատմաբան Թիմ Ստենլին The Telegraph-ում գրել է, որ դեմոկրատները պետք է լրջորեն քննարկեն Բայդենին փոխարինելու հարցը, այլապես Թրամփը նոյեմբերին հաղթանակ կտոնի։ «Եթե անգամ նա [Բայդենը] հաղթի, վտանգավոր կլինի այսպիսի վատառողջ մարդուն թույլ տալ գերտերություն առաջնորդել», – կարծում է բրիտանացի լրագրող-պատմաբանը։

«Եթե նոյեմբերին Ջո Բայդենը պարտվի, պատմությունը կարձանագրի, որ ընդամենը 10 րոպե տևեց նրա նախագահությունը ոչնչացնելու համար»։ Սա էլ CNN-ի Սպիտակ տան թղթակից Ստեֆան Քոլինսոնի համոզմունքն է։ Իր հոդվածում նա բացատրում է, որ չկան հիմքեր պնդելու, թե Բայդենն ունակ չէ կատարել նախագահական ֆունկցիաները, բայց հինգշաբթի ակնհայտ դարձավ, որ նա չի կարողանում հաղորդակցվել ժողովրդի հետ և ներկայացնել իր նախագահության երկրորդ ժամկետի տեսլականը։

44-րդ նախագահ Բարակ Օբամայի ընտրարշավի համակարգող Դեյվիդ Փլաուֆն էլ հետևյալ կերպ է մեկնաբանել բանավեճը․ «Ցավով եմ սա ասում։ Բայդենը և Թրամփը երեք տարվա տարբերություն ունեն, բայց տպավորությունն այնպիսին էր, որ կա մոտ 30 տարվա տարբերություն։ Ընտրողները դա հաշվի են առնելու»։

 

Մեզ նոր թեկնածու է անհրաժեշտ դեմոկրատ գործիչ

Տարբեր լրատվամիջոցներ հայտնում են, որ դեմոկրատները կուլիսներում քննարկում են Բայդենին այլ թեկնածուով փոխարինելու հնարավորության մասին։ Ներկայացուցիչների տան դեմոկրատ անդամներից մեկը Financial Times-ին տեղեկացրել է՝ «Դեմոկրատ շատ ներկայացուցիչներ երեկոյան միմյանց հաղորդագրություններ էին ուղարկում՝ նշելով, որ Բայդենը պետք է հայտարարի երկրորդ ժամկետից հրաժարվելու մասին։ Մեզ նոր թեկնածու է անհրաժեշտ», – ասել է անանուն մնացած քաղաքական գործիչը։

 

Շատ կնախընտրեի ունենալ առնվազն 15-20 տարով ավելի երիտասարդ թեկնածու քաղաքացի

Այնպես չէ, թե Բայդենի համար ձախողված որակվող դիմակայությունը երաշխավորում է 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը Վաշինգտոն։ Շատ ամերիկացիներ գոհ չեն այն երկընտրանքից, որի մեջ հայտնվել են։ The New York Times պարբերականի հարցման ընթացքում, օրինակ, Ֆինիքս քաղաքից Ռայն Ռիվերան շեշտել է՝ «Աստված իմ։ [Բանավեճն] ուղղակի ահավոր էր։ Ես շատ կնախընտրեի ունենալ առնվազն 15-20 տարով ավելի երիտասարդ թեկնածու»։

Քաղաքացիները նաև դժգոհում են բանավեճի ցածր որակից, հատկապես նշելով բանավեճի այն հատվածը, երբ թեկնածուները վիճում էին, թե նրանցից ով է ավելի լավ գոլֆ խաղում։

 

The New York Times-ի կոչը նախագահին

Ի դեպ, The New York Times-ի խմբագրակազմը հայտարարությամբ նախագահ Բայդենին կոչ է արել դադարեցնել երկրորդ ժամկետի համար ընտրարշավը։

«Կան դեմոկրատ առաջնորդներ, որոնք ավելի լավ են պատրաստված Թրամփի երկրորդ նախագահության հնարավորությանը հստակ, ազդեցիկ և եռանդուն այլընտրանքներ ներկայացնելու համար: Չկա որևէ պատճառ, որ կուսակցությունը վտանգի ենթարկի երկրի կայունությունն ու անվտանգությունը՝ ստիպելով ընտրողներին ընտրություն կատարել պարոն Թրամփի և պարոն Բայդենի թերությունների միջև», – նշել է նյույորքյան լրատվականը։

Խմբագրությունից հավելել են, սակայն․ եթե ընտրությունը լինի Թրամփի և Բայդենի միջև, նրանք կսատարեն վերջինիս թեկնածությունը։

ԱՄՆ նախագահական ընտրությունը կանցկացվի նոյեմբերի 5-ին։ 

Եթե Թրամփն ընտրվի Սպիտակ տան ղեկավար, նա կդառնա ամերիկացի երկրորդ նախագահը, որը ոչ անընդմեջ երկրորդ անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

Հաղթող թեկնածուն երդմնակալությամբ պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին։ 

Նախընտրական երկրորդ բանավեճը սպասվում է սեպտեմբերի 10-ին։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

 

ՀԳ  Թրամփի վերընտրման դեպքում նա իր նախագահության ավարտին կլինի 82 տարեկան, մեկ տարով ավելի մեծ, քան Բայդենն այժմ է։ Նրան ևս հարցեր են ուղղում տարիքով պայմանավորված հնարավոր դժվարությունների մասին։ Նա, սակայն, դրանք կտրականապես մերժում է՝ ընդգծելով, որ կոգնիտիվ ունակությունների թեստեր է հանձնել և ստացել գերազանց արդյունքներ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031