Գոհ ենք ձեր բարեհոգությունից, բայց մենք կարիք ունենք քաղաքական, իրավական աջակցության, որ միջազգային ատյաններում մեր իրավունքները պաշտպանության տակ առնվեն ու մեր խնդիրներին ռազմավարական, համակարգային լուծումներ տրվեն։
Այս իմաստով հայտարարություն էր արել «Մենք կանք» արցախյան քաղաքացիական նախաձեռնությունը՝ հասկացնելով, որ բարեգործությունը ոչ մի բան է, եթե մարդկանց իրավունքները չեն պաշտպանվում։
«Ի՞նչ ես ինձ մեղադրում, դու գիտե՞ս ես քանի արցախցու եմ օգնել»,
«Դու սկի չգիտես, թե շուշեցի քանի կանանց ենք օգնել»,
Կարդացեք նաև
«Իմիջիայլոց այդ ռոք խումբը, որին քննադատում եք, արցախցիների համար դրամահավաք է արել»։
Սրանք արտահայտություններ են, որոնք հանրային քննարկումներում արվել են և կարող էին արվել միմիայն արցախցիների քաղաքական աջակցությունը 2018 թվից վերացնելուց հետո։
Պարզ է․ կա Արցախը, չկան այս արտահայտությունները, կա Արցախի բնակիչների քաղաքական ու իրավական աջակցությունը, ոչ ոք չի կարող դեսուդեն հպարտանալ, որ փողով, տնով, վերմակ-դոշակով կամ ժպիտով օգնել է ինչ-որ մեկին։
Արցախը գաղտնի չի հանձնվել, բնական աղետ չի եղել։ Բոլորիս վերաբերող տարածքը բոլորիս աչքի առաջ փուլ առ փուլ, աղետ առ աղետ՝ քաղաքական աջակցություններից զրկելով՝ հանձնել է Հայաստանի այսպես կոչված իշխանությունը։
Արցախը հանձնել նշանակում է հանձնել Արցախի բնակիչների իրավունքներն ու նրանց քաղաքական աջակցությունը։ Հանձնելու քաղաքական որոշման արդյունքում առաջացել են բարեգործներն ու բարեգործվողները։
Հետևաբար, բարեգործությունը հետևանքն է քաղաքական ու իրավական աջակցության բացակայության։
Արցախի պարագայում արցախցու քաղաքական, իրավական աջակցությունը ինքնորոշման պաշտպանությունն էր, իսկ քաղաքական աջակցությունից զրկելը՝ Ադրբեջանի կազմում Արցախը ճանաչելը՝ բարեգործ դառնալու լայն հնարավորություն ստեղծել, ինչքան հայաթափված Արցախ, այնքան կարիքավոր ու բարեգործ։
Ո՞վ է բարեգործը։
Նա է, ով հայտնվում է, երբ ի հայտ է գալիս կարիքավորը։ Չկա կարիքավոր, չկա բարեգործ։ Ե՞րբ է ի հայտ եկել Արցախի կարիքավորը։ Երբ դադարեցվել է Արցախի քաղաքական, դիվանագիտական, իրավական, ռազմական աջակցությունը։
Հետևաբար, որպեսզի չառաջանային կարիքավորներ, անհրաժեշտ էր չթողնել, որ վերացվի Արցախի քաղաքական աջակցությունը, այսինքն, լավագույն բարեգործությունը, բարեհոգությունն ու մեծահոգությունը կլիներ, եթե Արցախը հանձնողների, այսինքն՝ քաղաքական աջակցությունից զրկողների դեմն առնվեր, որպեսզի անտուն, անհենարան չդառնան մարդիկ, և որ սրա նրա բարեգործության կարիքը չունենան։
Ուրեմն բարեգործությունը զզվելի է, քանի որ նա հակառակ է տևական, իսկական աջակցությանը։
Էլ ինչո՞ւ է բարեգործությունը զզվելի։
Բարեգործությունը զզվելի է, քանի որ ինքնաբավ ու վեհ զգացումները, որոնք արթնանում են բարեգործի մոտ բարեգործություն անելիս, կարող են արթնանալ միայն, եթե ուրիշը՝ բարեգործվողը, դժբախտության մեջ է, երբ բացակայում է նրա քաղաքական աջակցությունը։
Բարեգործն ինքն իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ պատճառահետևանքներից է, որ նրա մոտ վեհության զգացումներ է արթնանում, նա պարզապես վայելում է այդ զգացումը և ուրիշներին էլ վարակում՝ հաստատելով բարեգործների հասարակական շերտ ու մրցաշար։
Բարեգործությունը զզվելի է, որովհետև բարեգործությունից առաջացած ինքնավեհ զգացումները գերադասելի են բարեգործների համար, քան այն, որ պետք էր կանխել ողբերգությունը, որ բարեգործության օջախներ չառաջանան։
Բարեգործությունը զզվելի է, որովհետև այն անտեսանելի բռնակալություն է։
Բարեգործն իր օժանդակությամբ կարծիք ունենալու իշխանություն է հաստատում բարեգործվողի վրա։ Նա տարբերակում է, թե որ կարիքավորն ինչպիսի արձագանք է տալիս բարեգործությունից։
Լսած կլինեք բամբասանքներ, որ էն մեկին օգնեցի, բայց անշնորհակալ էր, ինչքան օգնում ես, էլի ա ուզում, էն մյուսը՝ լավ ա, մինչև ինքդ չես առաջարկում, չի վերցնում։
Բարեգործները սոցիալական դաս են, որտեղ մեծահոգիները հավաքվում են ու փորձի փոխանակում անում, թե ով ինչ տեսակի բարեգործվող ունի և ով, որ տեսակին է սիրում, որ տեսակին՝ ոչ։ Ստրկատերերի ակումբի պես։
Բարեգործությունը բռնակալություն է, քանի որ հանրային վեճերում բարեգործը կարող է առանց ծանրութեթև անելու դուրս տալ այսպիսի արտահայտություն՝ դու սկի չգիտես մենք ինչ օգնություն ենք ցույց տվել շուշեցի կանանց։ Բարեգործը, չի հարցնում բարեգործվողին, թե արդյո՞ք կարելի է իրեն ցուցաբերած օժանդակությունը գործածել հանրային վեճերում՝ հակառակորդին ինչ-որ բան ապացուցելու համար։ Բարի արած գործից ինքնավեհ զգացողությունը սահմանափակում է բարեգործվողի կարծիքի իրավունքը ու բարեգործին դնում տակտից դուրս։ «Դե պարզ ա, որ օգնել եմ, ուրեմն առանց հարցնելու կարող եմ օգտագործել էդ փաստը»։
Մյուս կողմից, Բարեգործը, լավություն անելով, իշխում է ամոթխածությունը բարեգործվողի․ կարիքավորը կամաչի ասել, որ տհաճ է, երբ դեսուդեն օգտագործում ես արածդ լավությունը։ Իշխել ուրիշի ամոթը բռնակալություն է։
Սա ավելի լավ ըմբռնելու համար ընթերցողը կարող է պատկերացնել, որ ինքն է շուշեցի կինը, որին օգնել են բռնի տեղահանվելուց հետո ու այդ օգնության մասին հայտարարում են, որ վեճերում հաղթեն հակառակորդին։ Տալիս է օգնություն և դարձնում նրան զենք։ Ասես փողով կամ վերմակ-դոշակով փաստարկ է առել։ Զզվելի՞ է։ Զզվելի է։
Բարեգործությունը զզվելի է, որովհետև այն շարքից հանում է քաղաքական՝ մշտական աջակցության կարևորությունը։ Բարեգործների սոցիալական շերտը վեր է դասում բարեգործությունը քաղաքական աջակցությունից և դրա համար աղետից աղետ չի ընդվզում աղետը կանխելու համար։
Բարեգործությունը հարմարավետ է, քաղաքական աջակցությունը՝ փշոտ։
Քաղաքական աջակցության ճանապարհը զրկանքներով է, քաղաքական աջակցողն անցնում է հակառակորդների, թշնամիների, յուրայինների հարստահարմամբ, քաղաքական աջակցողը պիտակավորվում է, բանսարկվում, բանտարկվում, զրկվում ֆինանսից, աշխատանքից, երջանկությունից։
Քաղաքական աջակցությունը ճանապարհին սխալներ է անում և անընդհատ իրավիճակներ են ստեղծում, որ սխալվես, բարեգործությունը չի սխալվում, որովհետև ընդունված է լավություն անելը միշտ ճիշտ է․ ավելին՝ այն համընկնում քաղաքական աջակցությունից զրկողների շահերին, զրկողները լինեն երկրի ներսից, թե դրսից։ Ինչքան շատ բարեգործ, այնքան լայն հնարավորություն քաղաքական աջակցությունը վերացնելու։ Զզվելի չէ՞։ Զզվելի է։
Հայաստանի բոլոր քաղաքացիները չեն դեռևս կարիքավոր՝ բարեգործության մատերիալ, քանի որ դեռևս ամբողջովին չի ավարտվել Առաջին հանրապետությունից Սովետական միությանը անցած, 3-րդ հանրապետություն տեղափոխված և իներցիայով շարունակվող մեր քաղաքական աջակցությունը։
Քաղաքական աջակցություններն էլ ավելի նվազեցնելու արդյունքում Երևանն է հանձնվելու ու բոլորս ենք հայտնվելու արցախցիների կարգավիճակում և ամենայն հավանականությամբ աշխարհի տարբեր մասերում մեզ հետ զբաղվելու են բարեգործությամբ։
Եվ արդյո՞ք մենք չենք վիրավորվի, որ մեր քաղաքական, իրավական աջակցությունն ապահովելու փոխարեն, որ կարիքավոր չդառնայինք, Երևանի տունը չկորցնեինք, այդ զզվելի բարեգործությունն է արվելու մեր հանդեպ՝ իրենց սոցիալական դասերում գնահատելով, թե ինչպիսի բարեգործվող ենք մենք՝ դառնալով նրանց ինքնավեհության աղբյուրները։
Կվիրավորվենք, և կարիքավոր չդառնալու համար անհրաժեշտ է զբաղվել մեր և մեր մյուս քաղաքացիների քաղաքական և իրավական աջակցությամբ, որը լավագույն բարեգործությունն է մեզ ու շրջապատին։
Առանց քաղաքական ու իրավական աջակցության բարեգործությունը մոմն է, որը հանցագործը եկեղեցում վառում է որպես մեղքերի թողություն և անցնում հաջորդ հանցանքին։
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ
Նկարը ձեւավորվել է արհեստական բանականության միջոցով