JAMnews. Վրաստանում նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկում է ընտրություններից 60 օր առաջ, սակայն իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն արդեն ոչ պաշտոնապես սկսել է այն։ Այս մասին ասվում է Fair Elections ոչ կառավարական կազմակերպության հրապարակած զեկույցում։
Կազմակերպության իրականացրած ուսումնասիրության համաձայն՝ արդեն իսկ հայտնաբերվել են նախընտրական նպատակներով պետական ռեսուրսների մոբիլիզացման և վարչական ռեսուրսների օգտագործման նշաններ։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի հոկտեմբերի 26-ին։ «Վրացական երազանքը», որը ղեկավարում է երկիրը 12 տարի, կփորձի չորրորդ ժամկետով մնալ իշխանության ղեկին։
Նախընտրական սոցիալական ծրագրեր
Կարդացեք նաև
ISFED-ի զեկույցում ասվում է, որ սովորաբար կառավարությունն ընտրություններից առաջ սկսում է իրականացնել լայնածավալ սոցիալական ծրագրեր: Բացահայտվել են պետական նախաձեռնություններ, որոնցում նկատելի են ընտրական նպատակներով վարչական ռեսուրսի օգտագործման նշաններ։
Զեկույցում թվարկված են կոնկրետ սոցիալական նախագծեր, որոնք կառավարությունը հանրայնացրել և մեկնարկել է 2024 թվականին։
Մասնավորապես՝
- 2024 թվականի փետրվարին կառավարությունը հանդես եկավ զինվորականների կենսաթոշակների բարձրացման նախաձեռնությամբ։ Մայիսի 1-ից նախկին ուժայինների կենսաթոշակները կհասցվեն հազար լարիի [մոտ 355 դոլար]։
- 2024 թվականի ապրիլին վարչապետը հայտարարեց նաև հարկային պարտավորությունների ներման մասին։ Վրաստանի կառավարության որոշմամբ՝ բոլոր ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի, մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գոյացած և չվճարված հարկերը կներվեն։ Ինչպես նշել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, օրինագծի ընդունումից հետո 145 հազար ֆիզիկական անձանց հարկային պարտավորությունները՝ ընդհանուր 590 մլն լարի [մոտ 209 մլն դոլար] ամբողջությամբ կներվեն։
- 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ մինչև 2023 թվականը վարկեր վերցրած կենսաթոշակառուների համար տոկոսադրույքները կնվազեցվեն։ Նախաձեռնությունը կտարածվի ավելի քան 150 հազար տարեց մարդկանց վրա։
- Ընտրություններից առաջ աշխատավարձերի բարձրացումներ են արձանագրվել ամենակարևոր ոլորտներից մեկում՝ կրթության ոլորտում։ Աշխատավարձի նոր բանաձևը, որը բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս, ուժի մեջ կմտնի 2024 թվականի հուլիսի 1-ից և, ինչպես հայտարարվել է, կապահովի ուսուցիչների աշխատավարձի «աննախադեպ» բարձրացում։
ISFED-ի զեկույցում խոսվում է նաև ապրիլի 29-ին կառավարության կողմից կազմակերպված հանրահավաքի մասին՝ ի պաշտպանություն կառավարության քաղաքականության և «օտարերկրյա ազդեցության թափանցիկության» մասին օրենքի։ Ասվում է, որ այդ ակցիային նախապատրաստվելիս «Վրացական երազանքն» ակտիվորեն օգտագործել է վարչական ռեսուրսները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: