«Աշտարակ բ/կ» տնօրենի հետ, Aravot.am-ի տեղեկություններով, ձերբակալվել էին նաեւ բժշկական կենտրոնի եւս երկու աշխատակից: Վերջիններս ազատ են արձակվել, իսկ տնօրենը կալանավորվել է:
Բժշկական կենտրոնի տնօրեն Արգիշտի Հովհաննիսյանը կալանավորվել է կոռուպցիոն գործարքի բացահայտման արդյունքում՝ մասնավոր ոլորտում առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և կաշառք ստանալուն օժանդակելու մեղադրանքով։
Հովհաննիսյանը ձերբակալվել է հենց բժշկական կենտրոնից, խուզարկել են նրա աշխատասենյակը: Իսկ թե ինչ են փնտրել կամ գտել իրավապահները նրա աշխատասենյակում փորձեցինք պարզել նրան այս պահին փոխարինող, նրա տեղակալ՝ բժշկական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Արտավազդ Սարգսյանից:
«Սովորաբար մի դեպք, որ լինում է, սկզբում շատ մեծ աղմուկ է լինում, բայց հետո պարզվում է, որ չնչին բաներ են: Չգիտեմ՝ հետո ինչ կպարզվի, չեմ էլ իմանում՝ ինչ ծավալի ու չափերի մասին է խոսքը: Մեծն էլ հարաբերական հասկացություն է, մեկի համար մեծը x –ն է, մյուսի համար՝ xl-ն է»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով իր ղեկավար, կալանավորված Հովհաննիսյանին մեղսագրվող խոշոր չափերի կաշառք ստանալուն, ասաց Արտավազդ Սարգսյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ ասաց, որ տեղյակ չէ, թե Հովհաննիսյանի աշխատասենյակից խուզարկությամբ ինչ է հայտնաբերվել:
Իսկ թե ինչ պաշտոն են զբաղեցնում Հովհաննիսյանի հետ ձերբակալված բժշկական կենտրոնի եւս երկու աշխատակիցները, մեր զրուցակիցն ասաց ՝ չգիտի հաստիքացուցակով վերջիններս փոխտնօրե՞ն, թե ՞ օրինակ տնտեսական գծով ինչ որ պատասխանատու են գրանցված: Նշենք, որ նրանց եւս մեղադրանք է առաջադրված:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ