Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադառնալով Նորագյուղ թաղամասի վերակառուցման ծրագրին ՝ քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Նորագյուղ թաղամասը դառնալու է Երեւանի նոր կենտրոնը, ծրագրի իրագործմամբ փոխվելու է Երեւանի դիմագիծը։
«Այստեղ մենք ունենք մի քանի կարեւոր խնդիրներ, որոնք պետք է մեր ուշադրության կենտրոնում լինեն: Առաջին հերթին դա Նորագյուղի բնակիչներն են եւ նրանց իրավունքների լիակատար պաշտպանությունն այս ամբողջ գործընթացում։ Շատ դեպքերում, այնտեղ տները բավականին հին են, հողաշեն, բնակիչները կարիք ունեն բնակարանային եւ բնակֆոնդի հարցի լուծման։
Այս ծրագիրն օգտագործելով՝ վստահ եմ Նորագյուղ թաղամասի խնդիրները հնարավորություն կունենանք լուծելու։ Երկրորդը ճանապարհի խնդիրն է, որը մեր ծրագրով է նախատեսված, Մոնթե Մելքոնյանի միացումը դեպի Արշակունյաց պողոտա, այսինքն՝ Իսակովի-Արշակունյաց պողոտաների միացումը էականորեն կբեռնաթափի այդ հատվածի երթևեկության ծավալը»,-նշեց Տիգրան Ավինյանը:
Նրա ձեւակերպմամբ. «Ուրբանիստական այս լուծումները էականորեն բեռնաթափելու են նաեւ Երեւանի փոքր կենտրոնը, որովհետեւ ենթադրվում է, որ այստեղ են տեղափոխվելու որոշ չափով ֆինանսական, բիզնես եւ միգուցե պետական եւ տեղական ինքնակառավարման սուբյեկտներ»:
Կարդացեք նաև
Ավինյանը նշեց, որ ծրագիրը մեծ ռեսուրսներ է ենթադրում, ուստի հարկ կլինի ունենալ միջազգային գործընկերներ։ Հավելեց, որ արդեն պատրաստ է գլխավոր հատակագիծը, որն իրականացվել է հայտնի ճարտարապետական ընկերության կողմից:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ