Այսօր «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համատնօրեն Լարա Ահարոնյանը խոսեց ընտանեկան բռնության մասին: Նա ասաց, որ երկու ապաստարան կա հիմա, որտեղ հնարավոր է 24 անձ պահել ու լիքը կանայք դուրս են մնում:
Նա ասաց, որ բյուջեի միջոցներով Հայաստան է հրավիրվում արտիստ, որը հայտնի է անչափահասների հանդեպ սեռական բռնությունների դեպքերով ու դրանով ուղերձ է հղվում հանրությանը, որ սեռական բռնությունը կարեւոր խնդիր չէ. «Գումարները պետք է ուղղվեն ուրիշ ծախսերի վրա, ոչ թե Հայաստան բերենք մարդ, որը ճանաչված է համաշխարհայնորեն որպես անչափահասների սեռական բռնության ենթարկող: Ուղերձ ենք հղում, որ դա խնդիր չի, մարդը լավ դերասան է, իրեն պիտի ընդունեք ինչպես որ է, նույնիսկ եթե ինքը բռնարար է: Այս մի օրինակը բավարար է: Օրենքները միայն հերիք չեն: Մտածելակերպը պետք է փոխվի, լուռ չմնան, երբ մի բան մարդու իրավունքների դեմ է: Երբ հասարակությունը տեսնում է, որ որոշում կայացնողները, որոնք իշխանություն ունեն, ինչ դիրքով են արտահայտվում, կփոխեն իրենց մտածելակերպը:
Պարոն Փաշինյանն էլ կհիշի, որ տարիներ առաջ կազմակերպության հետ մի գիրք էինք հրատարակել՝ «Իմ մարմինը իմ իրավունքն է», սեռական բռնության մասին էր, դուք բոլորդ երեւի կհիշեք ինչքան հարձակվեցին մեզ վրա այդ գրքի պատճառով, որովհետեւ ուզում էինք, որ երեխաները պաշտպանված լինեն: Այսօր Հայաստանը ունի դատավճիռ Եվրոդատարանում հենց անչափահաս երեխայի ոտնձգություն եւ բռնաբարություն, սեռական բռնություն՝ իր ուսուցչի կողմից, որ նաեւ համայնքի ներկայացուցիչ է եղել Սյունիքում: Մի քանի օր առաջ հրատարակվեց: Այս խնդիրները կան ու երբ որ դուք պետական մարմիններում ձեր դիրքը չեք արտահայտում, որ ճիշտ արտահայտություններ տաք, մարդկանց մտածելակերպը չի փոխվելու»:
Լարա Ահարոնյանը խոսեց նաեւ Ստամբուլյան կովենցիայի մասին՝ ասելով, որ մանիպուլյացիաներ եղան ու աղմուկ բարձրացավ. «Մարդիկ մտածեցին՝ դրանով քանդվում են ընտանիքները, բոլորը գեյ են դառնում, իրենց երեխաներին վաճառում են բոլորը, դրա համար էդ օրենքը հետաձգվեց: Հիմա հուսով եմ, որ այս օրենքը վերջապես իր տեղը կգտնի ու կվավերացվի ԱԺ-ի կողմից, որովհետեւ ստորագրված է: Ինքը կարեւոր ստանդարտ է տալիս: Արդեն ՀՀ-ն իր օրենքներով լիքը մոտեցել է այդ օրենքի բովանդակությանը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ