Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ներկայացվեց «Աջափնյակ» մետրոյի կայարանի կառուցման նախագծային աշխատանքների ժամանակացույցը:
Նշվեց, որ նախնական գնահատականներով եւ լավատեսական սցենարի դեպքում այն կտեւի մինչեւ 2032թ, եւ որ Հանրային ներդրումային կոմիտեի շրջանակներում հարցը քննարկվել է Փաշինյանի ղեկավարությամբ կայացած նիստում: ԾԻԳ-ի ներկայացուցիչը հավելեց, որ սա ժամանակացույցն է, որտեղ հաշվի են առնված բոլոր հնարավոր ռիսկերը, ընթացիկ շեղումները, բայց կա նաեւ 2024-25թթ-ի համար կազմված ավելի դետալացված ծրագրի ժամանակացույց, որով փորձում են առաջ ընթանալ, սակայն ժամանակացույցը կախված է նրանից, թե ի վերջո որ ֆինանսավորման աղբյուրն է հաստատվելու:
«Որքան հիշում եմ՝ նախագծով նախատեսվում էր 4 տարի շինարարության համար: Այն տրամաբանական ժամկետներում, որ պայմանագիրը կնքվել էր, իրականացվեց, մի քիչ էլ շուտ հանձնեցին մարդիկ… Ինձ համար տարակուսելի են փորձաքննությունների այսքան երկար տեւող պրոցեսները, եթե դրանք հիմնավորում եւ բացատրություն ունեն, որովհետեւ ենթադրաբար կես տարի չպետք է տեւեին:
Ուզում եմ հասկանալ փորձաքննության արդյունքում նախագծի պոտենցիալ վերանայում իրականացնելո՞ւ ենք, թե՞ ոչ, ուզում եմ հասկանալ՝ ինչ-որ մարդիկ ծանոթանում են փաստաթղթին, հետո ֆիքսում են, որ վե՛րջ, անցնում ենք առաջ, թե՞ մեկնաբանություն է լինելու, դեռ պետք է փոփոխություններ իրականացվեն»,-ասաց Տիգրան Ավինյանը: Երբ տեղեկացավ, որ փորձաքննության տրամաբանությունը ենթադրում է, որ եթե լինեն դիտարկումներ, ապա նախագիծը կվերադարձվի վերջնականացնելու նպատակով, նշեց. «Ամեն դեպքում շինարարության համար նախատեսված ժամկետը՝ ըստ նախագծի, 4 տարի է, եկեք հավելյալ վատատեսական սցենարներ չքննարկենք:
Կարդացեք նաև
Հաջորդ տարվա համար միջնաժամկետ ծախսերի տրամադրման համար հաստատվել է 6 մլրդ դրամ, քննարկում ունեցե՞լ ենք ֆինանսների նախարարության հետ, որովհետեւ քաղաքական որոշում կա, որ իրականացնում ենք ծրագիրը, իսկ եթե իրականացնում ենք 6 մլրդը չի բավականացնելու…
Մենք ունենք տրված խոստում՝ Աջափնյակի կայարանի կառուցման, եւ այն կառուցվելու է: Մեր հիմնական խնդիրն է, որ տեխնիկական բոլոր խնդիրները, ֆինանսները, փորձաքննությունը եւ մնացյալ բոլոր հարցերը ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում լուծվեն: Խնդրում եմ ինձ տեղյակ պահել, որ երբ պետք լինի, միջամտեմ, որովհետեւ սա չի կարելի բյուրոկրատական ընթացքին թողնել, այլապես դանդաղ իր մահով կմահանա»,-ասաց Ավինյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը 2023 թ. մարտին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Տիգրան Ավինյանը՝ մասնավորապես գրելով. «Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են։ Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի»: