ԱԺ պատգամավոր Լիլիթ Մինասյանի ֆեյսբուքյան գրառումը
Ելույթս ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական և անվտանգային հարցերով հանձնաժողովի նիստին։
Հարգելի գործընկերներ,
Թույլ տվեք պատմել Ձեզ հայ ադրբեջանական հարաբերությունների վերջին զարգացումները։
Այս տարի ապրիլին Հայաստանն ու Ադրբեջանը վերջապես սկսեցին սահմանների դելիմիտացիայի գործընթացը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, որը ողջունվել է տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ներառյալ Եվրոպայի միությունը։
Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը։ Հայաստանն ու Ադրբեջանը ամենաբարձր մակարդակով պայմանավորվել են, որ փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ հիմնվելով Ալմա-Աթայի հռչակագրի վրա։ Հայաստանը հավատարիմ է այս սկզբունքին և իր միջազգայնորեն ճանաչված 29 հազար 743 քառակուսի կիլոմետրից այն կողմ որևէ հավակնություն չունի։ Այս մոտեցումը Հայաստանի Հանրապետությունը գործնականում ապացուցել է Ադրբեջանի Ղազախի և Հայաստանի Տավուշի մարզի չորս գյուղերում սահմանազատում իրականացնելու նախաձեռնությամբ։
Կարդացեք նաև
Առաջին անգամ անկախ պետականության շրջանում Հայաստան Ադրբեջան սահմանի 12կմ տարածքը սահմանազատված է։ Զուգահեռաբար, կողմերը պայմանավորվել են ավարտել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի կանոնակարգի նախագծի համապատասխանեցումը մոտ օրերս:
Հույս ենք հայտնում, որ սահմանի ամբողջ երկայնքով սահմանազատման գործընթացը շարունակական կլինի և բոլոր խնդրահարույց հարցերը կլուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով։
Քանի որ Հայաստանի կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում, մենք պաշտոնապես առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ:
Հուսով ենք այս նախաձեռնությունը դրական արձագանք կստանա Ադրբեջանի գործընկերներից։
Հարգելի գործընկերներ,
Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը Հարավային Կովկասում երկարատև կայուն խաղաղությանը՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, Ալմա-Աթայի հռչակագրի համաձայն պետական սահմանի սահմանազատման, ինչպես նաև հաղորդակցությունների ապաշրջափակման վրա երկու պետությունների ինքնիշխանության և իրավասության ներքո՝ հիմնված հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։
Մենք կարծում ենք, որ ԵԱՀԿ-ն կարևոր դեր ունի Եվրոպայի ժողովրդավարական անվտանգությանը նպաստելու գործում: Մենք գնահատում ենք ձեր ներդրումը տարածաշրջանի խաղաղության և կայունության գործում և ակնկալում ենք ձեր շարունակական ներգրավվածությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործում։