Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր կողքին հիմա նստած են կանայք, որոնց համար ամենապարզ բանը՝ խանութ իջնելն էլ վտանգավոր է, քանի որ տեսքը չի համապատասխանում». Լարա Ահարոնյան

Հուլիս 01,2024 11:52

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համատնօրեն Լարա Ահարոնյանն այսօր «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումում ասաց, որ հեղափոխությունը կարեւոր դեր է խաղացել Հայաստանում ու կարեւոր փոփոխություններ են եղել մարդու իրավունքների ոլորտում, կանանց թիրախավորման հարցերում, ինչը ողջունելի է. «Բայց բաներ կան, որոնց վրա արժե աշխատել, որպեսզի մեր երեւակայած հայրենիքը, Հայաստանը ունենանք»:

Նա նշեց, որ ամենապարզ բաներից շատերը չեն օգտվում ու իրենք փորձում են փոխել մարդկանց կյանքը. «Ձեր կողքին հիմա նստած են մարդիկ՝ կանայք մասնավորապես, որ ամենապարզ բանը՝ խանութ իջնել, մի բան վերցնել իրենց տան համար ուտելու, վտանգավոր բան է, որովհետեւ իրենց տեսքը չի համապատասխանում նրան, որ մենք ասել ենք՝ ճիշտն է այսպես ասած: Դրա համար սուպերմարկետ գնալը իրենց համար կարող է կյանքի խնդիր լինի, բռնության խնդիր լինի»:

Լարա Ահարոնյանն ասաց, որ պատերազմից հետո կանայք լուրջ խնդիր ունեն խնամելու պատերազմից վերադարձած իրենց ամուսիններին ու պատերազմից հետո բռնության դեպքերը շատանում են, որովհետեւ դա ազդում է հոգեվիճակի վրա: Նաեւ կան կանայք, որ իրենց համար ամենաանապահով տեղը սահմանը չի, կարող է դա լինել իրենց տան 4 պատերի մեջ, իրենց կյանքն, այսպես ասած, իրենց հարազատների մեջ. «Ուզում եմ էս կանանց մասին հիշեք, մտածում եք՝ փոքրամասնություն են, բայց ոչ, փոքրամասնություն չեն: Կան մարդիկ, որ բռնության են ենթարկվում իրենց ընտանիքների մեջ, քանի որ իրենց սեռական կողմնորոշումը կամ գենդերային ինքնությունը չի համապատասխանում նրան, ինչն ընդունված է հասարակության մեջ, նրանք ենթարկվում են բռնության հենց իրենց ծնողների կողմից: Pink Armenia-ի հետ եմ խոսել, կազմակերպությունները 50-ից ավելի բռնության դեպքեր են նշում: Շատ անգամ պետական ոլորտում եւ կառավարության մեջ չեք ուզում խոսեք դրա մասին կամ ուզում եք թաքցնել շուրթերի տակ, բայց իրականության մեջ դա չի լուծում հարցը»:

Լարա Ահարոնյան ասաց, որ օրենք գրողներից շատերն էլ չեն ընկալում ինչ է գենդերային ինքնությունը, չեն ուզում դրա մասին խոսել, բայց նրանք մեր քաղաքացիներն են. «Քաղաքական կամքը կա, որոշ տեղերում կարելի է առաջ գնալ այս հարցերով, բայց լիքը հարցեր կան, որոնց անդրադառնալ է պետք: Շատ կարեւոր քայլ արեցինք, երբ հեղափոխությունից հետո Ընտանեկան բռնության օրենքը ընդունվեց, ապաստարանները պետական բյուջեից կան, բայց կան նաեւ բացթողումներ: Օրինակ, ոստիկանության հետ աշխատանքը տարվում էր, կարողանում էին ապահովել անհետաձգելի միջամտություն կամ պաշտպանական միջոցներ, բայց երբ գործը հասնում էր դատարան, հետ էր կանչվում այդ ամենը եւ կինը մնում էր անպաշտպան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031