JAMnews. Հունիսի 24-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ այս կառույցի գործառույթներն ու կազմը կարող են ընդլայնվել։ Նրա խոսքով՝ զգալիորեն աճում է ռազմաքաղաքական դաշինքի պահանջարկը։ «Սա բնական է, և պատմությունը դա հաստատում է։ Ավելին, ՀԱՊԿ-ն առաջարկում է շատ բարենպաստ պայմաններ մասնակցության համար»,- ասել է Տասմագամբետովը։
Այս ֆոնին կարծիքներ են հնչում, որ Ադրբեջանի անդամակցությունն այս կազմակերպությանը հնարավոր է։ Ժամանակ առ ժամանակ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա։
«Ատլաս» հետազոտական կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հիշեցնում է, որ վերջերս Ալմաթիում ՀԱՊԿ արտգործնախարարների հանդիպման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդես եկավ առաջարկով.
«Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայում և ուզում է ուժեղացնել իր ռազմական դաշինքը, քանի որ հարաբերությունները փչացրել է շատ երկրների հետ: Այս առաջարկը ներկայացնում է Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետություն: Այստեղ երկու տարբերակ կա՝ կա՛մ նկատի է առնվում ՀԱՊԿ-ի ընդլայնումը, կա՛մ խոսք է գնում նոր ռազմական դաշինքի մասին»։
Կարդացեք նաև
Փորձագետի խոսքով՝ աշխատում են այդ ուղղությամբ.
«Ռուսաստանը դա է ուզում։ Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են, որ Ադրբեջանը մասնակցի Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի անվտանգության նոր ճարտարապետությանը։ Ռուսաստանը մեկուսացված է, և, ինչպես ասում են՝ խեղդվողն ուզում է ընկերոջն էլ խեղդել իր հետ։ Բայց ոչ մի երկիր չի գնա այդ քայլին, Ռուսաստանի պատճառով չի փչացնի հարաբերությունները Արևմուտքի հետ»։
Շահինօղլուն կարծում է, որ ՀԱՊԿ-ին անդամակցելը հակասում է Ադրբեջանի ազգային և անվտանգային շահերին.
«Պաշտոնական մակարդակով Ադրբեջանը դաշինքներին չի միանում։ Հենց դրա համար էլ մենք դարձանք Չմիավորման շարժման անդամ, որպեսզի չդառնանք ոչ ՆԱՏՕ-ի, ոչ ՀԱՊԿ-ի անդամ։ Ես չեմ հավատում, որ Ադրբեջանի կառավարությունը դրական կարձագանքի ՀԱՊԿ-ին անդամակցելու առաջարկին»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: