Այսօր «Freedom House»-ի «Ժողովրդավարության դիմադրողականությունն ու մարդու իրավունքների պաշտպանությունը» թեմայով ժողովրդավարության հայկական երրորդ ֆորումին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա իր բացման խոսքում ասաց. «Պետք է արձանագրենք, թե ինչ է տեղի ունեցել ժողովրդավարության այն օրակարգի հետ, որ մենք ունեցել ենք 7 տարի առաջ, քիչ չեն փոփոխությունները: Օրինակ, ընտրությունների կեղծիք կամ ընտրություների արդյունքների կեղծիք արտահայտությունը պատմական ժանրին է վերագրված ՀՀ-ում եւ դա շատ կարեւոր է: Հիմա, երբ Հայաստանի քաղաքացիների հետ խոսենք ընտրությունների արդյունքները կեղծելու մասին, նրանց արձագանքը կլինի՝ էդ ինչի՞ մասին է խոսքը, էդ ի՞նչ թեմա է»:
Խոսելով հավաքների ազատության մասին՝ նա ասաց. «Հիմա Հայաստանում մոռացել են, բայց ներկաներից շատերն են հիշում, որ տեղեր կային, ընդհուպ բացօթյա, որտեղ հանրահավաքներ անելը հեշտ չէր, եթե չասեմ անհնարին, էլ չեմ ասում հյուրանոցային դահլիճներում քաղաքական միջոցառումներ անցկացնելու համար:
Մամուլի ազատության բռնաճնշումներ՝ սա նույնպես թեմա է, որը, ըստ էության անցյալում է ՀՀ-ի համար»:
Կարդացեք նաև
Փաշինյանն ասաց, որ դա չի նշանակում, որ գոհ են ժողովրդավարության այն մակարդակից, որն ունենք, միայն ՏԻՄ մակարդակում ընտրություններից գոհ չէ: Ըստ նրա, այն ընկալումը, որ կա ընտրությունների մասին համապետական մակարդակում, ՏԻՄ մակարդակում արձանագրված չէ:
Խոսելով խոսքի ազատության մասին՝ Փաշինյանն ասաց. «Ես երկար մտածեցի սա ասեմ թե չասեմ, որոշեցի ասեմ, որ պետք է խոսքի եւ մամուլի ազատությունը հանրության կողմից ընկալվի ոչ թե ցնցոտիավոր ջադու, այլ որպես վայելչատես այցելու: Ի՞նչ անել, որ դատական անկախությունը լինի ոչ միայն ծրագիր, կարգախոս, այլեւ լայնորեն ընկալված իրականություն հանրության կողմից, որպեսզի հանրությունը դա ընկալի ոչ թե վերնագիր, այլ մի իրողություն, որի հետ ինքը ամեն օր առնչվում է: Սրանք հարցեր են, որոնք գտնվում են ոչ միայն կառավարության, այլեւ ՀԿ-ների եւ մեծ հաշվով հանրության օրակարգում: Մի բան հստակ է՝ արձանագրումը, որն արել եմ դեռեւս 2018-ին, շարունակում է մնալ անսասան՝ ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների բերում չէ, այսինքն, հանգամանքների բերումով առաջացած իրողություն չէ, այլ ռազմավարություն եւ կառավարությունը շարունակելու է այս ռազմավարական ուղեգիծը: Հայաստանում ժողովրդավարությունը լրջորեն արմատավորվում է եւ միջազգային հանրությունը ՀՀ-ն ավելի ու ավելի շատ է ընկալում որպես միջազգային, գլոբալ ժողովրդավարության մաս, սա թերեւս ամենատեսանելի հաջողությունն է, որ ժողովրդավարությունը արձանագրել է ՀՀ-ում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ