Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ, ի թիվս այլնի՝ Երեւանի ավտոբուս ՓԲԸ-ից Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին զեկուցվեց, որ անցյալ շաբաթ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 35 պատահար՝ առանց լուրջ հետեւանքների:
Ինչ վերաբերում է սպասարկման ենթակա ավտոբուսներին, ընդհանուր թվով 82 միավոր անսարք ավտոբուս կա, վթարված՝ 28 միավոր: Պարզաբանվեց, որ պատճառը տեխսպասարկման կայաններում պահեստամասերի բացակայությունն է, եւ այդ խնդիրը շաբաթվա ընթացքում կլուծվի:
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից էլ զեկուցեցին, որ 19 նմուշ խմելու ջրի լաբորատոր հետազոտություն է իրականացվել շաբաթվա ընթացքում, շեղումներ չեն արձանագրվել, սակայն Երեւան քաղաքի բնակիչների շրջանում արձանագրվել է աղիքային վարակի՝ 106, օդակաթիլային վարակի՝ 324, մանկական վնասվածքների՝ 142, մակաբուծային հիվանդությունների 15 դեպք: Քիմիական թունավորումների դեպքերը 12-ն են, սննդային թունավորումներինը՝ 5-ը:
Ավինյանն անդրադարձավ ավագանու նիստում բարձրացված հարցերից մեկին, խոսքը վերաբերվում է փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղիներին եւ հասարակական տրանսպորտի, մասնավորապես տրոլեյբուսի կանգառում չկանգնելուն: Նրան տեղեկացրին, որ փողոցներում իրականացվում են կահավորման աշխատանքներ, մասնավորապես՝ Զաքիյան, Պուշկին փողոցներում, Աբովյան-Նալբանդյան հատվածներում այդ աշխատանքներն ավարտվել են, վճարովի ավտոկայանները գործում են, այս ամսվա ընթացքում աշխատանքներ կիրականացվեն Կողբացի փողոցում, Թումանյան-Պուշկին, Մաշտոց-Կողբացի, Հին Երեւանցի-Թումանյան հատվածներում, աշխատանքները կշարունակվեն այլ փողոցներում եւս:
Կարդացեք նաև
Իսկ տրոլեյբուսի՝ խնդրահարույց կանգառի հարցը լուծել են՝ այն տեղափոխելով 50 մետր հեռավորության վրա գտնվող մեկ այլ կանգառ՝ պատճառաբանությամբ, որ նախորդ կանգառը անվտանգ չէր ուղեւորների համար;
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ