Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրական արդարադատությո՞ւն ես հայցում, «դիմիր» Սահմանադրությանը

Հուլիս 01,2024 13:00

Դատարանը դատարանին մերժել է

Հազվադեպ է պատահում, երբ սահմանադրականության հարցով ակտիվություն են ցույց տալիս դատարանները: ՍԴ-ն օրերս մերժեց Վերաքննիչ վարչական դատարանի, Վերաքննիչ քրեական դատարանի դիմումները:

2024 թվականի մայիսի 8-ից Սահմանադրական դատարանում էր Վերաքննիչ վարչական դատարանի դիմումը:

Դիմողը թիվ ՎԴ/2164/05/24 վարչական գործով խնդրել էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին եւ 5-րդ մասերի՝ ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի համապատասխանությունը որոշել:

Դիմողը նշել էր, որ վարչական դատարանին ընդդատյա են նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության նորմատիվ իրավական ակտերի` դրանց համեմատ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին համապատասխանությունը վիճարկելու վերաբերյալ գործերը, որպիսի գործերով վարչական դատարան կարող են դիմել նաեւ պետական մարմինները կամ դրանց պաշտոնատար անձինք:

Մասնավորապես, պետական մարմինները կարող են դիմել վարչական դատարան, եթե համարում են, որ վարչական մարմնի նորմատիվ իրավական ակտով խախտվել են պետության այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մաս)։ Ընդ որում, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածով սահմանված են նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան դիմելու ժամկետներ: Մասնավորապես, նշված հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում (պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայցադիմումներով (համապատասխանում է քննարկվող դեպքին) վարչական դատարան կարելի է դիմել վիճարկվող նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում։ Մինչդեռ, նույն հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում (պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ներկայացված հայցադիմումներով (համապատասխանում է քննարկվող դեպքին) վարչական դատարան կարելի է դիմել առանց ժամկետային սահմանափակման։

Սակայն ըստ վարչական դատարանի, «Ստացվում է, որ օրենսդիրը ՀՀ վարչական դատարան դիմելու համար ժամկետային տարբեր կարգավորումներ է սահմանել նույն դեպքի եւ սուբյեկտների համար՝ մի կողմից դատարան դիմելու իրավունքի իրացումը հատկորոշված սուբյեկտների համար պայմանավորելով նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետով եւ միաժամանակ մյուս կողմից նույն սուբյեկտների համար նորմատիվ իրավական ակտի վիճարկման համար դատարան դիմելու իրավունքի իրացումը չպայմանավորելով որեւէ ժամկետով»։ Այսինքն, առկա է հակասություն:

ՍԴ դիմած դատարանը պնդել էր. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 193-րդ հոդվածի 1-ին մասի եւ 5-րդ մասի նորմերի միջեւ առկա հակասությունը քննարկվող դեպքում հնարավոր չէ հաղթահարել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի վկայակոչված 40-րդ հոդվածով ամրագրված կանոնակարգմամբ՝ հաշվի առնելով, որ քննարկվող դեպքում գործ ունենք միեւնույն իրավաբանական ուժն ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմերի հետ, որոնք զետեղված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի միեւնույն մասում, ավելին՝ նույն հոդվածում, ուժի մեջ են մտել միաժամանակ, իսկ դիմումատուն պետական մարմին է»։

Սահմանադրական դատարանը մերժելով վարչական դատարանին, արձանագրեց, որ դիմողը իրավասու չէր դիմել ՍԴ, հասկացնելով, թե սահմանադրական արդարադատությո՞ւն ես հայցում, «դիմիր» Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասին: Այն է. «Դատարաններն իրենց վարույթում գտնվող կոնկրետ գործով կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի սահմանադրականության հարցով դիմում են Սահմանադրական դատարան, եթե հիմնավոր կասկածներ ունեն դրա սահմանադրականության վերաբերյալ եւ գտնում են, որ տվյալ գործի լուծումը հնարավոր է միայն այդ նորմատիվ իրավական ակտի կիրառման միջոցով»:

Սահմանադրական դատարանը ՍԴԱՈ-97 որոշմամբ շեշտել է, որ Բարձր դատարան ներկայացված դիմումների շրջանակներում, ի թիվս այլնի, պետք է ներկայացնել վիճարկվող նորմի՝ Սահմանադրությանն անհամապատասխանությունը հիմնավորող այն բազմաբովանդակ պատճառաբանությունը, որը կհիմնավորի դատարանի՝ «հիմնավոր կասկած» ունենալու սահմանադրական պահանջի առկայությունը:

Վերաքննիչ քրեական դատարանի դիմումն էլ մայիսի 20-ից էր դատարանում:

Նախ, ըստ դիմողի որոշման, Արարատի եւ Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2023 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճռի դեմ Արարատի մարզի դատախազության ավագ դատախազ Հ. Սարգսյանի կողմից բերված վերաքննիչ բողոքի քննությունը կասեցվել է մինչեւ ՀՀ սահմանադրական դատարանի կողմից որոշում կայացնելը: Դիմողը վիճարկում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասի 1 դրույթների սահմանադրականության հարցը:

Դիմողը գտնում է, որ. «Տեղի է ունենում դատապարտյալի կողմից նախկին դատավճռով պատժի կրած մասի կրկնակի հաշվակցում, ինչի արդյունքում հանցանք կատարած անձի վիճակն անարդարացիորեն բարելավվում է:

Հետեւաբար, դատարանը՝ հանցագործությունների համակցությամբ պատիժ նշանակելով, Սահմանադրությամբ եւ քրեական օրենքով իրավասու եւ լիազորված չէ մեղադրյալի նկատմամբ կիրառել նշանակված վերջնական պատժից եւ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված նվազագույն պատժի ժամկետից ավելի մեղմ պատիժ:

Այդպիսով, ստեղծվում է իրավական անորոշություն ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածով նախատեսված հատուկ կանոնի եւ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների կիրառելիության հարցում, ինչպես նաեւ վտանգվում է տուժողի կարգավիճակ ունեցողի՝ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը»: Պարզվեց՝ վերաքննիչ քրեական դատարանն էլ իրավասու չէ դիմել ՍԴ: Դատարանը եզրահանգում է, որ դիմողի՝ վիճարկվող դրույթի ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ ներքին համոզման հիման վրա ձեւավորված պատճառաբանությունների ու հիմնավորումների բացակայությունը հանգեցնում է Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասի իմաստով «հիմնավոր կասկածի» բացառմանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հունիսին ՍԴ դիմած Վճռաբեկ դատարանի քրեական պալատը չի մերժվել, նրա դիմումի քննությունը նշանակվել է հուլիսի 22-ին:

«Առավոտ» օրաթերթ
30.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031