Վճռաբեկ դատարանը նախադեպային դիրքորոշում է ձեւավորել «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգավորող դատական ակտին առաջադրվող որակական պահանջների վերաբերյալ
Վճռաբեկ դատարանը, 2024 թվականի հունիսի 21-ի թիվ 09/08.07.2021 եւ 05/08.07.2021 որոշումներով, մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքին կամայական միջամտություններից եւ չարաշահումներից պաշտպանող բավարար ու արդյունավետ երաշխիքների համատեքստում անդրադառնալով «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարգադրող դատական ակտին առաջադրված որակական պահանջներին, արձանագրել է, որ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը կարող է իրականացվել միայն անձին (անձանց) բնակարանում հետեւելու նպատակով։ Հետեւաբար, որպես վերահսկողության գաղտնի միջոցառման այդ տեսակի բնութագրիչ հատկանիշի հստակեցում, միջոցառումը թույլատրող դատական ակտում կարեւոր է որոշակիացնել «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման տեղը եւ հստակ մատնանշել դրա նույնականացման համար անհրաժեշտ ու բավարար տվյալները՝ նպատակ ունենալով թույլ չտալու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքին միջամտության անվերահսկելի կամ կամայական իրացումը։ Հակառակ պարագայում նախնական դատական վերահսկողության խնդիրները չեն իրագործվի, իսկ տրամաբանությունը՝ կխարխլվի։
Չափազանց անորոշ ձեւակերպումներով կազմված՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում կատարելու դատարանի թույլտվությունը (որոշումը) իր բնույթով չի սահմանափակում անձի իրավունքին միջամտությունն այն չափով, որը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի իմաստով «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում», քանզի անորոշության ու անկանխատեսելիության հետեւանքային ազդեցությամբ միջոցառումն իրականացնող մարմնին թողնում է լայն հայեցողություն՝ որոշելու համար, օրինակ՝ միջոցառումների անցկացման տեղը, որպիսի պայմաններում կամայականությունը եւ չարաշահումները չեն բացառվում, ինչը, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, չի ապահովում հանրային շահի ու անհատի շահերի միջեւ անհրաժեշտ հավասարակշռությունը:
«Առավոտ» օրաթերթ
30.06.2024