Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժշտով»

Հուլիս 01,2024 12:00

Դաշնակահար, պրոֆեսոր Իրինա Կրասոտինան՝ հայ պատանիների մասին:

Երեւանում օրերս կայացավ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, դաշնակահարուհի Իրինա Կրասոտինայի Կամերային երաժշտության ամառային դպրոցը, որը եզրափակվեց հունիսի 27-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայացած շքեղ գալա-համերգով:

Կամերային երաժշտության ամառային դպրոցը կազմակերպել էր Primavera Foundation of Armenia հիմնադրամը, «Առնո Բաբաջանյան» համերգասրահի աջակցությամբ, որն անցավ  2024թ. հունիսի 21-27-ն ընկած ժամանակահատվածում:

– Տիկին Կրասոտինա, հիշում ենք՝ ինչպիսի ոգեւորությամբ անցան անցած տարվա ձեր վարպետության դասերը եւ ուրախ ենք ողջունել ձեզ, որ այժմ Երեւանում եք ավելի ծավալուն ծրագրով: Ինչպե՞ս են ընթացել պարապմունքները եւ ինչպե՞ս եք գնահատում արդյունքը:

– Նախ, թույլ տվեք շնորհակալությունս հայտնեմ ջերմ հյուրընկալության համար, ինձ համար մեծ ուրախություն է վերադառնալ արեւոտ Երեւան: Ամառային դպրոցի ժամանակ, ի տարբերություն այլ դպրոցների, որտեղ պարապմունքները ծրագրված են լինում երկու օրը մեկ, այստեղ ես ամեն օր ինտենսիվ պարապմունքներ եմ անցկացրել պատանի երաժիշտների հետ եւ ապշած եմ նրանց աշխատասիրության, առաջընթացի եւ զգայուն ընկալունակության վրա: Նրանք հրաշալի արդյունքներ են գրանցել, ես հպարտանում եմ յուրաքանչյուր երաժշտով:

 – Ինչպե՞ս եք ընտրել երեխաներին եւ ծրագիրը, որի վրա աշխատել եք, այնուհետեւ ներկայացրել գալա-համերգին, որին դեռ կանդրադառնանք:

– Դպրոցի մասին հայտարարությունից հետո Primavera Foundation էին դիմել տարբեր անսամբլներ: Դպրոցին մասնակցելու համար ընտրվել էին Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտացված միջնակարգ դպրոցի աշակերտներ, ինչպես նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, որոնք տիրապետում էին ամենատարբեր գործիքների՝ դաշնամուր, ջութակ, թավջութակ, կիթառ…:  Ծրագիրը շատ բազմազան էր, հնչեցին Հայդնի, Բեթհովենի, Գլիերի, Գրիգի, Պուլենկի, Դեֆալյայի եւ այլ եվրոպական դասականների ստեղծագործություններ:

– Ինչպես նաեւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ…

– Այո, մեզ համար մեծ պատիվ էր, որ համերգի հատուկ հյուրն էր միջազգային ճանաչում ունեցող «Ավետիս» լարային քառյակը, որը կատարեց Արման Ղուշչյանի «Հավերժությունը կազմված է ներկայից» ստեղծագործության նոր խմբագրության համաշխարհային պրեմիերան (խմբ. – ստեղծագործությունը գրվել է 2023թ.-ին, որի սկզբնական տարբերակը հնչել է Լյուցեռնի փառատոնին՝ ամերիկյան Isidore String Quartet-ի կատարմամբ): Ինձ համար բացահայտում էր, որ Ամառային դպրոցի մասնակիցներից ոմանք նաեւ ստեղծագործում են եւ նրանց առաջարկով համերգին կատարեցինք իրենցից մեկի՝ պատանի ջութակահարուհի եւ կոմպոզիտոր Վիկտորիա Ուլիխանյանի «Արեւի մեխանիկա» տրիոն՝ գրված դաշնամուրի, ջութակի եւ թավջութակի համար: Այն ինձ իսկապես դուր եկավ, տրիոն ծրագրային է եւ շատ հետաքրքիր: Այն իրո՛ք Լույսի մասին է եւ երաժշտությունն ինքը շատ պայծառ է, երեխաները հրաշալի կերպով ներկայացրեցին այն:

– Առհասարակ, ձեր մասնագիտական գործունեության մեջ հաճա՞խ եք անդրադառնում հայ կոմպոզիտորներին:

– Բավականին, նվագում ենք Ա. Խաչատրյանի, Հարությունյանի տրիոները՝ գրված կլարնետի, ջութակի եւ դաշնամուրի համար, Կ. Խաչատրյանի Ջութակի սոնատը, Բաբաջանյանի Տրիոն եւ Սոնատը: Այս ստեղծագործությունները հաճախ են կատարում Մոսկվայում:

– Գալա-համերգին երիտասարդ երաժիշտները իրոք փայլեցին իրենց վարպետությամբ: Հատկանշական էր, որ դուք նույնպես հանդես եկաք նրանց հետ անսամբլով:

– Այո, երիտասարդների ոգեւորությունն ու նվիրված մոտեցումը ինձ ստիպեցին շեղվել իմ նախնական ծրագրից եւ նրանց հետ ներկայանալ անսամբլով, ինչի համար շատ ուրախ եմ:

– Ձեզ ի՞նչն է դուր գալիս հատկապես կամերային երաժշտության մեջ եւ առհասարակ, ի՞նչ կարեւորություն ունի այն երաժշտի համար:

– Ես ուզում եմ անպայման ընդգծել այն փաստը, որ կամերային անսամբլն անգնահատելի նշանակություն ունի ցանկացած երաժշտի մասնագիտական կյանքում, այն սովորեցնում է համագործակցել, բեմի վրա շփվել մյուս երաժիշտների հետ, կառուցել փոխադարձ վստահություն եւ ըմբռնում, սոցիալական կապեր ստեղծել, ընկերական հարաբերություններ հաստատել պատանի երաժիշտների միջեւ: Կամերային անսամբլը նաեւ հրաշալի հնարավորություն է տալիս մենակատարի կարիերա չունեցող երաժիշտներին,  մնալ բեմի վրա եւ շարունակել հաջող երաժշտական գործունեությունը: Մենք ծրագրում ենք Կամերային անսամբլի ամառային դպրոցը դարձնել ամենամյա եւ տարեցտարի ընդլայնել այն:

Մեր կողմից հավելենք, որ պատանի երաժիշտները չէին կարող թաքցնել իրենց ոգեւորությունը եւ գնահատանքը այն բոլոր մասնագիտական հմտությունների եւ գաղտնիքների համար, որ փոխանցեց նրանց պրոֆեսոր Կրասոտինան: Նրանք նաեւ բարձր էին գնահատում վերջինիս մարդկային առաքինի որակները եւ այն, որ պրոֆեսորը միացավ իրենց, մեկ բեմի վրա կողք կողքի հանդես գալով անսամբլով, ինչը հազվագյուտ փորձառություն էր իրենց համար:

Իրինա Կրասոտինան Չայկովսկու անվան Մոսկվայի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է, Իպոլիտով-Իվանովի անվան պետական երաժշտական մանկավարժական ինստիտուտի անսամբլային ամբիոնի վարիչ, իսպանական երաժշտության մագիստրոս, արվեստի պատմության գիտությունների թեկնածու, Primavera Foundation of Armenia-ի  ‹«Կամերային երաժշտություն» բաժնի  ղեկավար: Սա տիկին Կրասոտինայի երկրորդ այցելությունն է Հայաստան. նա 2023թ. սեպտեմբերին Երեւանում անցկացրել է կամերային անսամբլի վարպետության դասեր:

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031