Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Շարժման մարելու մասին դեռ վաղ է խոսել, բայց եթե հիմքում չդրվի հստակ ծրագիր, մեծ հավանականությամբ այն վերջնականապես կմարի»

Հուլիս 01,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

-Պարոն Բաղադասարյան, իշխանություններն ամեն կերպ փորձում են ներկայացնել, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը մարել է։ Ի՞նչ են ցույց տալիս զարգացումները, շարժումը մարո՞ւմ է։

-Իհարկե, շարժումը զգալիորեն պասիվացել է, բայց մարելու մասին առայժմ վաղ է խոսել։ Այլ հարց է, որ եթե շարժման հիմքում չդրվի հստակ ծրագիր, գործողությունների հստակ ժամանակացույց, ապա մեծ հավանականությամբ, այո, շարժումը վերջնականապես կմարի։ Բայց դրանով այն խնդիրները, որոնք ներկայացնում է շարժումը, դրանց պատճառները չեն վերանա։ Այսինքն՝ արդյունքում Հայաստանում ներքաղաքական իրավիճակն ավելի պայթունավտանգ կդառնա։

Եթե շարժման կողմից ներկայացվի իրատեսական ծրագիր՝ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերելու իրատեսական ճանապարհային քարտեզ ու հստակ քայլեր, ես վստահ եմ, որ շարժումը կսկսի էլ ավելի մեծ թափով, որովհետեւ խնդիրները կան եւ գնալով խորանում են։ Իսկ եթե իրատեսական ծրագրի ներկայացում տեղի չունենա, այս շարժումը կմարի։

– Իշխանությունները ուժի միջոցով փորձեցին ճնշել ու վախեցնել հասարակությանը, այս գործոնը պատճառ դարձա՞վ, որպեսզի մարդիկ պասիվություն ցուցաբերեն։

– Ես կարծում եմ, որ հակառակը եղավ՝ ոչ թե ոստիկանական գործողությունները նպաստեցին, որ շարժումը թուլանա, այլ շարժման մասնակիցների փոքրաթիվ լինելն էր, որ իշխանություններին հնարավորություն տվեց ոստիկանական կոշտ մեթոդներ ու բիրրտ ուժ կիրառել։ Եթե փողոցում լիներ ոչ թե 4-5 հազար մարդ, այլ 100 կամ 150 հազար մարդ, ես վստահ եմ, իշխանությունները չէին համարձակվի այդպիսի ուժի կիրառման հրաման տալ։ Եթե անգամ հրաման տային, ոստիկանական ստորաբաժանումները չէին հանդգնի այդպիսի կոշտ մեթոդներ կիրառել։

– Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում այց կատարեց Սյունիք ու հայտարարեց, որ ի զարմանաս իրեն՝ մարդիկ աջակցում են իր ծրագրերին։ Նա ասաց, որ Սյունիքում մարդիկ իրեն հարցնում էին, թե իրենց մոտ երբ է իրականացվելու սահմանազատման գործընթաց։ Սա իշխանության քարոզչական հնա՞րք է, թե՞ իրապես մարզերում մարդկանց որոշ խմբեր աջակցում են Փաշինյանին։

– Ես իշխանական քարոզչական հնարքներին, հատկապես այդպիսի նախապես կազմակերպված հանդիպումներին առանձնապես չեմ հավատում եւ չեմ վստահում։ Եվ չեմ կարծում, թե հասարակության շրջանում դա մեծ աջակցություն ունի։ Երկրորդ, սահմանազատումը եւ սահմանի հստակ գծումն ամենակարեւոր հարցը չէ, դա ընդամենը բաղադրիչ է։ Ինքը ոչինչ չարժե, քանի դեռ խաղաղության համաձայնագիր չի ստորագրվել, որովհետեւ ոչ մի ցանկապատ ու փշալար անվտանգության երաշխիք չէ, քանի դեռ չկա խաղաղության համաձայնագիրը։ Իսկ այդ համաձայնագիրը ստորագրելու համար Ադրբեջանը գնալով ավելի ու ավելի կոշտ նախապայմաններ է դնում։ Այսինքն՝ այդ սահմանազատման գործընթացը որեւէ միլիմետր մեզ չի մոտեցնում խաղաղությանը։ Այո, իշխանությունները կարող են դա ներկայացնել քարոզչական նպատակներով եւ անգամ միամիտ ինչ-որ մարդկանց հավատացնել, որ այդ փշալարն է իրենց անվտանգության երաշխիքը։ Բայց, ցավոք, իրականում այդպես չէ։ Իրականում խնդիրները շատ ավելի բարդ ու խորքային են։

– Տեսնում ենք, որ Բաքվի նախապայմաններից մեկը Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն է։ Պարզ է, որ նրանք պահանջում են Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրին հղումը, որտեղ հիշատակվում է նաեւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը։ Սա ինչպե՞ս եք գնահատում։

– Եթե Ադրբեջանն իսկապես ցանկություն ունենար խաղաղության համաձայնագիր ստորագրել, այդ պահանջին զուգահեռ պիտի հայտարարեր, որ իրենք էլ իրենց հերթին մտադիր են փոխել իրենց Սահմանադրությունը, որովհետեւ իրենց Սահմանադրությունում էլ տարածքային պահանջներ կան Հայաստանի նկատմամբ։ Եթե իրենք զուգահեռաբար դա չեն անում, նշանակում է՝ Հայաստանի նկատմամբ հնչեցվող այդ պահանջն ընդամենը պատրվակ է, որպեսզի Հայաստանը ներկայացվի որպես «ապակառուցողական» կողմ, եւ դրանով իսկ վիժեցվեն խաղաղ բանակցությունները։

Այս իրավիճակում, ուժերի այս հարաբերակցության պայմաններում ես խաղաղությունն իրատեսական չեմ համարում։ Խաղաղության համաձայնագիր կարող է ստորագրվել եւ խաղաղություն կարող է հաստատվել միայն այն դեպքում, եթե ինչ-որ կերպ վերականգնվի ուժերի հավասարակշռությունը, եւ Ադրբեջանը հասկանա, որ այլեւս չի կարող լրացուցիչ ինչ-որ բաներ պոկել Հայաստանից եւ պետք է բավարարվի արդեն իսկ ձեռք բերածով։ Առայժմ ուժերի այս հարաբերակցության պայմաններում, այդ թվում, նաեւ արտաքին աշխարհի ուժային բեւեռների այս հարաբերությունների համատեքստում ես խաղաղությունը իրատեսական չեմ համարում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031