Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում. Բագրատ սրբազանը՝ Սիսիանում

Հունիս 30,2024 22:58

Ինչպես տեղեկանում ենք «Սրբազան պայքար» ֆեյսբուքյան էջից, Սիսիանի բնակիչների հետ հանդիպմանը Բագրատ սրբազանը, մասնավորապես, ասել է․

«Հայրենիք հանձնելու այս ողջ գործընթացը մեզ չէր կարող ուղղակի անտարբեր թողնել։ Դրանից առաջ էլ մի բան չէր, որովհետև մենք բոլորս միասին կանգնել ենք, սառած աչքերով նայել ենք, թե ինչպես են մեր Արցախը հանձնում, թե ինչպես են մեր գերեզմանները քանդվում, թե ինչպես են մեր սրբարանները պղծվում։

Նայել ենք, ժողովուրդ, այդ մեղքը գործել ենք, այդ հանցանքը գործել ենք, գործել ենք ինքներս մեր հանդեպ, գործել ենք ինքներս մեր գալիքի հանդեպ, գործել ենք ինքներս մեր ժառանգության հանդեպ»։

«Պատերազմը բերում է այն մարդը, որը մեծ իմաստով ոչ բանակցություն, ոչ խոսակցություն ունի աշխարհի հետ, ոչ խոսակցություն ունի թշնամու հետ, որովհետև նրա համար խոսակցությունները վերջացել են, միայն հարկադրանքն ու պարտադրանքն են ճշմարտություն, ոչ էլ խոսակցություն ունի իր սեփական ժողովրդի հետ»։

«Մենք պետք է շնորհակալություն հայտնենք մեր նահատակ տղաներին և ուխտ կնքենք, որ այս ամոթի ու խայտարակության ժամանակները մեր իսկ օրոք ջնջվելու են»։

«Մեր շարժման միակ թիրախը չարիքի վերացումն է: Չարիք, որը մարմնավոր տեսքով այսօր նստած է մեր կյանքի ջուր տվող աղբյուրի վրա, որից մենք ցամաքել ենք, չորանում ենք, դրա համար էլ չենք հասկանում` ոնց ենք իրար հետ հարաբերվում, չենք հասկանում, թե իրար հետ ոնց կարելի է ջերմությամբ խոսել
Այո, ժողովուրդ, դա վերացական բան չէ, կոնկրետ, շոշափելի է տեսքով ու հասցեով»։

«Այդ սահմանահանձնման, հայրենահանձնման գործընթացը տարածում են ողջ Հայաստանի վրա, ու երբ մարդիկ ընդվզում են՝ ասելով, որ սա անընդունելի է մեզ համար, ապա դրա դիմաց ստանում են հայհոյանք, հալածանք, պախարակում, կալանք, ծեծ, ռումբ, ջարդ ու արյուն։
Սա նշանակում է, որ մեր երկրում կառավարիչները բարոյական ոչ մի արգելք չունեն…
Ասել եմ, եթե Տավուշում որևէ բան պատահի, նշանակում է սա վերջին մեխն է լինելու մեր պատվի ու արժապատվության դագաղի վրա»։

«Այս շարժման բուն էությունն արժեքային փոփոխությունն ու չարիքին հեռացնելն է։
Ես անընդհատ շեշտել եմ ու շեշտելու եմ` մեր երկիրը կառավարվում է չարիքի կողմից և իմ հրապարակ դուրս գալը պատահականություն չէ։
Աստված մարգարեի միջոցով հարցրեց՝ ո՞ւմ ուղարկեմ: Ես հանձն եմ առել ասելու՝ ինձ ուղարկեք:
Եվ ուզում եմ, խնդրում եմ, որ յուրաքանչյուր մարդ այդպես լսի․ ինձ ուղարկես, ես եմ այդ գործիքը, միջոցը, կամուրջը, հնարավորությունը ես եմ։
Ես առանց ակնկալիքի եմ, առանց սպասելիքների, առանց սիրվելու, հանձն առնելու բոլոր դժվարությունները, բայց միայն մեկ նպատակի համար, որ ունենամ հայրենիք ու պատիվ։

Իմ ամբողջ ցանկությունն այն է, որ ես երկրից աչքերս փակելուց զգամ, որ օրհնված եմ գնում, ոչ թե նզովված: Երանի ամեն հայ մարդու հավատամքն այդպես լինի։
Մեր ներկայությունն այստեղ չի լինելու հավիտենապես, բայց մեր ներկայությունը կարող է լինել անմահների շարքում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930