Լրահոս
Օրվա լրահոսը

Լարված մթնոլորտ, փոխադարձ մեղադրանքներ, սակայն առանց միջադեպերի․ կայացավ «Բայդեն-Թրամփ 2»-ի առաջին դեմ առ դեմ դիմակայությունը

Հունիս 30,2024 11:10

Լարված մթնոլորտ, փոխադարձ մեղադրանքներ, սակայն առանց միջադեպերի․ թերևս այսպես կարելի է նկարագրել ԱՄՆ նախագահությանը հավակնող երկու թեկնածուների՝ 81-ամյա Ջո Բայդենի և 78-ամյա Դոնալդ Թրամփի հինգշաբթի կայացած բանավեճը։

Եթե ես լինեի նախագահ…

Արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի կիզակետում Ուկրաինան էր։

45-րդ նախագահ Թրամփի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը ռազմական գործողություն չէր նախաձեռնի, եթե նախագահի պաշտոնում ինքը լիներ։

Թրամփը հավաստիացրել է, որ տեսնելով Աֆղանստանից ամերիկյան ուժերի, Թրամփի բնութագրմամբ, պատմական ամոթալի դուրսբերումը՝ Ռուսաստանի նախագահը արձանագրեց Բայդենի վարչակազմի ոչ-կոմպետենտ լինելը և սկսեց պատերազմն Ուկրաինայում։ Նախկին առաջնորդը հավելել է՝ Բուշի օրոք Ռուսաստանը տարածքներ է խլել [Վրաստանից], Օբամայի օրոք՝ [Ղրիմից], Բայդենի օրոք էլ Ուկրաինայից, բայց իր կառավարման ժամանակահատվածում Ռուսաստանը տարածքներ չի նվաճել։

Եթե Պուտինը հաղթի Ուկրաինայում…

Ի պատասխան, գործող նախագահ Բայդենը փաստել է, որ 2021-ի օգոստոսին թալիբների իշխանության գալուց հետո ԱՄՆ զորքերը իրենց հետ հարյուր հազար մարդ են դուրս բերել Աֆղանստանից։

Բայդենի պնդմամբ՝ Թրամփին չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ է անում Ուկրաինայում։ Ռուսաստանի առաջնորդին անվանելով պատերազմական հանցագործ՝ 46-րդ նախագահը զգուշացրել է՝ Ուկրաինայում հաղթանակի դեպքում Վլադիմիր Պուտինն այդտեղ կանգ չի առնի։ Ի՞նչ է սպասվում Լեհաստանին, ի՞նչ է սպասվում Բելառուսին, ի՞նչ է սպասվում ՆԱՏՕ-ի անդամներին, հռետորական հարցեր է հնչեցրել Բայդենը։

Քննարկված հարցերի մեծամասնությունը վերաբերում էին ամերիկյան ներքին նշանակություն ունեցող խնդիրների․ հանցագործությունների թվի աճ, անօրինական միգրացիայի դեմ պայքար, ռասայական հավասարություն, արհեստական ընդհատումների հանդեպ դիրքորոշում, հարկային քաղաքականություն, ժողովրդավարություն և այլն։

Բանավեճն՝ ամփոփ

Եթե փորձենք ի մի բերել բանավեճում նախկին և ներկա նախագահների հիմնական ասելիքը, ապա կստանանք հետևյալ մոտավոր պատկերը։

Թրամփ․ Երկիրը բարգավաճ վիճակում է եղել, երբ ես իշխանությունը հանձնեցի Բայդենին։ Նա եկավ և քանդեց իմ չորս տարվա աշխատանքը։

Բայդեն․ Իշխանության գալով՝ ես քանդված երկիրը դարձրել եմ բարգավաճ երկիր։

Բանավեճի ո՛չ սկզբում, ո՛չ վերջում թեկնածուները միմյանց ձեռք չսեղմեցին։

ԱՄՆ նախագահական ընտրությունը կանցկացվի նոյեմբերի 5-ին։

Եթե Թրամփն ընտրվի Սպիտակ տան ղեկավար, նա կդառնա ամերիկացի երկրորդ նախագահը, որը ոչ անընդմեջ երկրորդ անգամ ընտրվել է այդ պաշտոնում:

Հաղթող թեկնածուն երդմնակալությամբ պաշտոնը կստանձնի 2025 թվականի հունվարի 20-ին։

Նախընտրական երկրորդ բանավեճը սպասվում է սեպտեմբերի 10-ին։

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930