Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերքաբերից 800 հա պետք է վերադարձնեին, բայց ադրբեջանցիները եկել, նստել են էն դիրքերի վրա, որոնք կյանքում երազներում չէին տեսնի»․ Բագրատ սրբազանը՝ Ներքին Հանդում

Հունիս 29,2024 18:34

«Չեմ հավատացել, որ մեր որևէ գյուղ, կամ որևէ գյուղի ժողովուրդ գերեզմանատուն չունենա»,- Ներքին Հանդի բնակիչների հետ զրույցում այսպես ասաց Բագրատ սրբազանը։

Գյուղի ժողովուրդը մտահոգություն հայտնեց՝ ջահելությունն իր ապագան գյուղում չի տեսնում. գյուղում ընդամենը չորս աշակերտ կա։

Ներքին Հանդի բնակիչներն ահազանգեցին՝ գյուղի գերեզմանատունը թշնամու նշանառության տակ է։ Բագրատ սրբազանն ասաց․ «Թշնամին եկել, հասել է մեր կոկորդին, գրեթե գերեզմանատան մեջ է կամ գլխին է։ Իրականությունը դա է, մնացածը խաբեություններ են, փաստը դա է, որ այսօր ձեր կյանքի միջոցով արտահայտված է մեր երկրի իրականությունը։ Դուք այսպես խտացված պատկերն եք այն ամենի, որ մեր կյանքում կատարվում է»։

Բագրատ սրբազանը փաստեց՝ Ներքին Հանդը հատկապես մեր վտանգված գյուղերից է․ «Վերջին զոհերն այստեղ ենք ունեցել։ Եվ նաև եկել ենք ծանոթանալու, թե գյուղում վիճակն ինչ է։ Տավուշի սահմանազատում կոչվածը, որն ուղղակի հայրենիքի հանձնումն է, նաև ստերից մեկը հենց այստեղ է խոսել, այս տաղավարում է այդ ցանկապատը, նշանաձողը ցույց տվել, որը չհասկացանք, թե որտեղ է գտնվում»։

Ներքին Հանդի բնակիչները վստահեցրին՝ իրենք ամենաշատն են ուզում խաղաղություն․ «Բայց էս ձև խայտառակ վիճակն ի՞նչ է։ Սա խայտառակություն է․ կզած ապրելն ո՞ւմ է պետք, մինչև ե՞րբ։ Վերջը այս հարցը պետք է լուծվի արժանի ձևով։ Պետք է համախմբվենք»։

Ներքին Հանդի բնակիչներն ասացին՝ գյուղում անտառտնտեսություն կա, 14 անասուն ունեին, բայց հիմա ոչ մի բան չունենք․ մի քանի խոզ կա։ Համարյա բոլորն ունեն մեղվափեթակներ։

Գյուղի բնակիչներից մեկն էլ ցավով նշեց․ «90-ականներին քշեցինք, տարանք ուր հասցրինք, հիմա հավի նման հետ տվեցին, առանց կրակոցի մերոնք հետ քաշվեցին, իրենք եկան, այդտեղ կանգնեցին, ասացին, որ ԽՍՀՄ տարիներից իրենց տարածքն է»։

Ըստ Բագրատ սրբազանի՝ այս ամենի պատճառը սուտն ու կեղծիքն է, խաբեությունը, անարդարությունը, համատարած ատելությունն ու քաոսը․ «Նայեք՝ Կիրանցում ինչ է տեղի ունեցել։ 30 տարի մարդիկ իրար հետ նույն գյուղում ապրել են, տարբեր կենցաղային խնդիրներ ունեցել են ամեն տեղի պես, բայց ոչ մի անգամ իրար նկատմամբ թշնամություն չեն ունեցել սահմանի, սահմանապահ լինելու հարցում։ Հիմա Կիրանցում ժողովուրդը երեք մասի է բաժանված։ Ատելության մեջ են ապրում իրար նկատմամբ հիմա։ Շատ չեն արտահայտվում, բայց որ խմբի հետ խոսում ես, հասկացվում է։ Երբեք այդպիսի բան չի եղել։ Ոսկեպարում՝ նույնը։ Անցյալ օրը մեկն ասում է՝ մի գնացեք Ոսկեպար, էնտեղ յոթ հատ զոմբի կա։ Ասում եմ՝ ամոթ է, տենց բաներ մի ասեք։ Գյուղի մեջ էլ էլի բաժանված են իրարից։ Ատելություն է մեր ամբողջ կյանքը, թշնամություն է, ու դրա հեղինակն այս մարդիկ են, որ իշխանության գլխին են։ Ընդհանրապես երկրի թե′ անվտանգության, թե′ ներքին կայունության, թե′ բարեկեցության պատասխանատուներն իրենք ենք»։

Բագրատ սրբազանն ասաց՝ այս շարժման գաղափարաբանությունը, էությունը արժեքային է․ «Մենք պետք է երկրի արժեքային դաշտը փոխենք, սուտ խոսելու մշակույթը վերանա, մեր երկրում պիտի մարդ կամ պաշտոնյա չլինի, որ անպատասխանատու լինի իր ասածի ու իր գործածի համար։ Ով ինչ ուզում, խոսում է, ով ինչ ուզում, ասում է։ Ոչ մեկ դրա համար պատասխան չի տալիս։ Մեզ ինչ ասես ասել են՝ ԿԳԲ գործակալ, թմրամոլ, լավ էլ գիտեք, հա ամեն ինչ։ Կենդանի ԿԳԲ ագենտ տեսե՞լ էիք, իսկ կղերաֆեոդալ տեսե՞լ էիք, նարկոբարոն տեսա՞ք։ Պարոն Դանիելյան Գառնիկին ճանաչու՞մ եք, հայտնի նարկոբարոն է։ Ամբողջ ստի դեմը ճշմարտության հաղթանակի մասին է։ Մարդկանց համար մի քիչ հասկանալի չէ, բայց այդ դաշտում է հաղթանակն ու պարտությունը՝ մնացածը հետևանքներն են։ Ինչքան սուտը շատանում է, մեր հայրենիքը փոքրանում է։ Սուտն այնքան է շատացել, որ ծայրից ծայր է կիսվում երկիրը։ Տիգրանաշենի մասին են խոսում, մեր շրջանում անկլավների մասին, Սյունիքի խնդիրն ամբողջ»։

Բագրատ սրբազանը հավաստիացրեց՝ թշնամու մտքի մեջ հող վերադարձնել՝ նման բան չկա․ «Ալիև չլինի, ով ուզում է, լինի․ թուրքիզմի մեջ հողի մասին ոչ մի բան չկա, որ հող պիտի զիջես, իրենց համար գոյություն չունի այդ գաղափարը։ Կարող ես նվաճիր, այդպես են ասում։ Կիրանց-Ոսկեպարում սահմանահանձնումն արել են, բերքաբերցիք Կիրանցի, Ոսկեպարի ժողովրդի նկատմամբ մեծ մասամբ անտարբեր էին՝ մտածելով, որ Բերքաբերից 800 հա պետք է վերադարձնեն։ Հիմա գնացեք, տեսեք՝ ինչ են արել․ ադրբեջանցիները եկել, նստել են էն դիրքերի վրա, որոնք կյանքում երազներում չէին տեսնի։ Էն դիրքերից, որ պետք է նահանջեին, ոչ էլ նահանջել են։ Մեր ողջ ժամանակաշրջանն այսպես է լինելու։ Այս շարժումն ինչքան էլ բովանդակությամբ արժեքային է, լուծումը մեկն է համարում՝ խոչընդոտը, պատճառը պետք է վերացնել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930