Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչքան Արցախում ապրողներինն է Արցախը, հարյուրապատիկ ավելի անգամ աշխարհում ապրող ցանկացած հայինն է»․ Բագրատ սրբազանը փորձեց հանդարտեցնել միմյանց հետ լեզվակռիվ անող արցախցիներին

Հունիս 29,2024 16:37

«Մեր Արցախը հանձնել են, ո՞նց լավ լինեմ»,- ՀՀ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում արցախցի կինն այսպես պատասխանեց Բագրատ սրբազանի հարցին՝ լա՞վ եք։

Բագրատ սրբազանն ասաց՝ դա միայն իրենց խնդիրը չէ։ Արցախցի կինն ասաց՝ «մեկա գնալու ենք մեր Արցախը, ես հույս եմ պահում»։ Սրբազանը հարցրեց՝ որտեղի՞ց եք, ասաց՝ Ստեփանակերտից, էն թեժ կետից, որ ինը ամիս մեզ բլոկադայի մեջ պահել են։

 

Դավիթ Բեկ գյուղում Բագրատ սրբազանին ուղեկցում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Արթուր Սարգսյանը, «Սասնա ծռերի» ներկայացուցիչներ, Ժիրայր Սեֆիլյանը։

Բնակիչների հետ զրույցում Բագրատ Սրբազանը հարցրեց՝ 2020-ից առաջ հողերը օգտագործո՞ւմ էիք դեպի Լաչին, բնակիչներն ասացին ՝ այո ու նշեցին․ «Գյուղում հիմա արոտավայր չկա, կեսից ավելի պակասել են կենդանիները։ Մենք էլ խնդիրներ ունենք։ 50 հա հողեր, որ սեփականաշնորհված, վկայականով է, անցել է իրենց։ Գուգլ քարտեզով՝ չգիտեմ ոնց, բայց այդ 50 հեկտարը չկա»։ Դավիթ Բեկի բնակիչներն ասացին՝ նոյեմբերի 9-ից հետո են եկել այսքան մոտ դիրքերը։ Հետո էլ ամեն մեկն իր խնդիրների մասին պատմեց սրբազանին։

Գյուղացիներից մեկն ասաց․ «Մենք էն ժամանակ սոված-ծարավ սաղ ռայոնները գրավեցինք, սրանք կուլտուրական հանձնեցին իրենց»։

Մեկն էլ ասաց՝ ոչ մի բանով չեն ընդառաջում սահմանամերձ գյուղերին․ «Ուզում ենք վարուցանք անել, ոչ սալյարկով են օգնում, գյուղացու ուժը չի պատում։ Մեր արտերը քոլեր են դարձել, մի երկու տարուց հետո սկի մեր գյուղում կով էլ չի լինի»։ Դավիթ Բեկի բնակիչներն ասացին՝ մինչև 70 հեկտար վարելահող անցել է թշնամուն, մինչև 150 հեկտար անտառ-թփուտներ։ Մեկն էլ նշեց․ «Երկու հեկտար հող ունեմ, թուրքը պոստ է դրել այդ հողի մեջ, մի մասով էլ ճանապարհ է քցած։ Կարողա՝ վաղն ասեն՝ այդ հիմարն ո՞վ է եղել, որ ձեզ հող են տվել․ սովետական  միության ժամանակ թուրքն այդտեղ էր ապրում»։ Բնակիչներից մեկն էլ նշեց․ «Իմ սեփական շենքը 12 անգամ հրետակոծվել է, մինչև այսօր ոչ մի փոխհատուցում չենք ստացել պետությունից։ 1991-ին են խփել․ մինչև այսօր ոչ մի օգնություն չենք ստացել, պատճառն ի՞նչ է»։

Սրբազանի հետ զրույցում բնակիչները նաև մտահոգություն հայտնեցին, որ իրենց գյուղի տղաներից Առաքելյան Էրիկը և մի քանիսը ապրիլյան պատերազմին, 44-օրյա պատերազմին են մասնակցել, բայց ասում են, որ չեն մասնակցել․ «Ամեն դեպքում անտարբերություն է․ պիտի զոհվի՞, որ ասեն՝ Էրիկը կամ Սերյոժան լավ էր»։ Ի պատասխան՝ Բագրատ սրբազանը նշեց․ «Ոչ միայն անտարբերություն է, այլև պետական համակարգը չի գործում։ Այդ մարդիկ բոլորը պետք է հաշվառված լինեն։ Եղբորս տղան ծառայել է ամերիկյան բանակում, այնտեղ է ծնվել մեծացել․ եղբայրս 1991-ին է գնացել։ Իրենց տուն շաբաթը մեկ պատվոգիր, շնորհակալագիր էին ուղարկում, տարբեր կազմակերպություններից գործի առաջարկներ էին անում։ Ինը ամիս այդպես է եղել։ Սա նշանակում է՝ այդ մարդու անունը ընդհանուր մի համակարգ էին մտցրել, որոնց աջակցում են հասարակական կազմակերպությունները և պետական ինստիտուտները»։

Դավիթ Բեկի բնակիչները մտահոգություն հայտնեցին՝ մեր գյուղը կործանվում է․ երիտասարդները պետք է մնան, որ սահմանն էլ պահեն, բայց չեն մնում, քանի որ անելու բան չկա գյուղում»։

Բագրատ սրբազանը Դավիթ Բեկի բնակիչների հետ զրույցում մտահոգություն հայտնեց․ «Այսօր մեր զինվորը շնորհքով կացարան չունի ապրելու, բայց ՊՆ նախարարը երկու-երեք հատ տուն ունի։ Երբ քո ենթակայության տակ գտնվող սահման պահող զինվորը չունի կացարան, կիսատ մնացած կացարաններ կան Իշխանասարի կողմերում, երբ զինվորը նորմալ ապրելու կացարան չունի, ու դու ունես երկու-երեք տուն, որ կարճ ժամանակահատվածում ես ձեռք բերել, դա նորմալ չէ»։

 

Բագրատ սրբազանը վստահեցրեց՝ ադրբեջանցիները չեն բավարարվելու հողերի հանձնումով ու հիմա էլ Սահմանադրությունն են ուզում, որ ՀՀ-ն փոխի․ «Հետո պիտի ասի բանակ չպիտի ունենաս, հետո կասի՝ էս գյուղը մի ժամանակ մեր ոչխարները էս սարերում արածում էին, կամ կտաք էդ գյուղը, կամ դուք գիտեք։ Դա թաքուն փորձում են Գեղարքունիքում իրականացնել»։

Դավիթ Բեկում բնակվող արցախցիները Բագրատ սրբազանին հարցրին՝ մեր վիճակն ի՞նչ է լինելու, այստեղի՞ց ուր գնանք։ Մեր վերջը ի՞նչ է լինելու։

Այնուհետև Արցախից բռնի տեղահանվածների միջև լեզվակռիվ սկսվեց։ Հադրութից եկած մի կին ստեփանակերտցի մի կնոջ ասաց՝ զենքը ձեռքներդ հանձնել, եկել եք, պիտի չհանձնեիք, կռվեիք։ Ես կմեռնեի, բայց չէի գա։

Ստեփանակերտցին էլ նրան ասաց՝ հադրութեցի ես, կռիվ չկար, ինչի՞ ես եկել։ Բագրատ սրբազանը փորձեց հանդարտեցնել ու ասաց․ «Ինչքան Արցախում ապրողներինն է Արցախը, հարյուրապատիկ ավելի անգամ աշխարհում ապրող ցանկացած հայինն է, թող գային, ապրեին։ Թող մեկ միլիոն հայ ժողովուրդ գնար, լցվեր Արցախ, դու էլ Հադրութից դուրս չգայիր»։ Այնուհետև համեմատության համար նշեց․ «Հենց էս գյուղի հողերը կռվո՞վ  են հանձնել։ Գորիս-Կապան ճանապարհը կռվո՞վ են հանձնել․ քանի՞ կմ հեռու էին կանգնած մեր զորքերը, որ հրաման տվեցին հետ գալ։ Դե ուրեմն իրար մի մեղադրեք․ նման խնդիր չկա։ Այդ մարդկանց նպատակն էլ դա է, որ դուք իրար մեղադրեք, որ հիմնական թիրախից խուսափեն։ Այս աղետի, այս ամենի պատճառն իշխանության գլուխ նստած մարդիկ են»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Սրբազան պայքար» էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930