Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անպտղության խնդիրը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՝ հավասարապես, բայց կարծրատիպերը դեռ պահպանվում են․ գինեկոլոգ

Հունիս 29,2024 14:56

2024թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է ծնելիության նվազում՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` 2024թ. հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 10 547 ծնունդ, մինչդեռ 2023թ. նույն ժամանակահատվածում` 11 425 ծնունդ: Ծնելիության նվազման պատճառներից մեկն, ըստ մասնագետների, անպտղությունն է, և թեպետ պետությունը «Անպտղության հաղթահարման» ծրագիր է իրականացնում, այնուամենայնիվ, այն ունի հստակ սահմանափակումներ՝ թե տարիքային, թե ծառայություններից օգտվելու տեսանկյունից։ Եվ չնայած ժամանակակից բժշկությունը նույնիսկ անհնարին թվացող իրավիճակում ի զորու է երեխա պարգևել զույգերին, ինչպես նաև միայնակ կնոջը, սակայն այդ հնարավորություններից օգտվելու համար բավական մեծ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ։

Վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն նաև նկատելի տարբերություն կա ամուսնալուծությունների թվերում։ Ըստ քաղաքացիական կացության ակտերի ռեգիստրի արձանագրումների՝ 2024թ․ հունվար-ապրիլ ամիսներին գրանցվել է 1479 ամուսնալուծություն, մինչդեռ 2023թ․ նույն ժամանակահատվածում՝ 1420։ Գինեկոլոգների խոսքով՝ ընտանիքներում անպտղության համար կանանց անհիմն մեղադրելու խնդիրը դեռևս պահպանվում է մեր հասարակությունում։

Մանկաբարձ-գինեկոլոգ, ռեպրոդուկտոլոգ Լիլիթ Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է անպտղության հիմնական պատճառներին ու կարծրատիպերին, ինչպես նաև դեղորայքային աբորտին:

-Անպտղությունը հիմնականում կանա՞նց, թե՞ տղամարդկանց մոտ է հանդիպում։ Այսօր այս թեմայով դեռ կա՞ն կարծրատիպեր մեր երկրում, մասնավորապես՝ երեխա չունենալու հարցում մեղադրանքը կանանց կողմն ուղղելու։

-Նախ ասեմ, թե ինչ է անպտղությունը․ եթե զույգն առանց հակաբեղմնավորիչ մեթոդներ կիրառելու ապրում է կանոնավոր սեռական կյանքով և 1 տարվա ընթացքում չի գրանցվում հղիություն՝ անհրաժեշտ է դիմել գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգի, իսկ եթե կնոջ տարիքը 35-ից ավելի է՝ ապա 6 ամիս անց է անհրաժեշտ դիմել բժշկի։

Անպտղության խնդիրը հանդիպում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՝ հավասարապես։ Բայց, ցավոք, գալիս են կանայք, որոնք տարիներով բազմաթիվ հետազոտություններ են անցել և արդեն իսկ հոգեպես ճնշված վիճակում են գտնվում, իսկ իրենց զուգընկերը որևէ հետազոտություն չի անցել։ Եվ երբ տղամարդը սպերմոգրամա՝ սերմնահեղուկի հետազոտություն, է անցնում, պարզվում է, որ խնդիրն իրենից է։ 20 տարվա ամուսնացած զույգեր կան, որոնք հասնում են բաժանության եզրին ու նոր պարզում, որ խնդիրն ամուսնու մոտ է եղել, սակայն կնոջից թաքուն է պահել ամուսինը, իսկ կինն այդքան տարի հոգեպես ճնշված ու իրեն անպտուղ է զգացել։ Իհարկե այս ամենին զուգահեռ կան նաև գրագետ զույգեր, որոնք նախաամուսնական փուլում հետազոտվում են, այս դեպքերը գնալով ավելանում են, ինչը ողջունելի է։

Ժամանակակից բժշկությունն այսօր այնքան է զարգացել, որ անգամ դաշտանադադարից հետո հնարավոր է լինում կնոջը հղիացնել, նույնիսկ արգանդի բացակայության, սերմնահեղուկում սերմնաբջիջների զրոյական քանակի, ու  ձվաբջիջների բացակայության դեպքում են երեխաներ ունենում։

-Որո՞նք են անպտղության հիմնական պատճառները։

-Անպտղության պատճառները բազմաթիվ են։ Ժամանակին բժշկին դիմելն օգնում է ավելի արագ պարզել խնդիրն ու լուծում տալ, մինչդեռ տարիներով խնդիրն աչքաթող անելուց կարող է անպտղության պատճառները բազմապատկվեն ու բուժումն ավելի բարդ լինի։ Սակայն, ցավոք, երբեմն լինում է անհայտ ծագման անպտղություն, երբ զույգի մոտ ամեն ինչ նորմալ է, սակայն հղիություն չի գրանցվում։ Կանանց մոտ անպտղության ամենահաճախ հանդիպող պատճառներից են հորմոնալ խանգարումները, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը, ձվարանների վաղաժամ հյուծման համախտանիշը, արգանդափողերի անանցանելիությունը, ոչ առողջ ապրելակերպը, սթրեսները, ձվազատման խանգարումները, արգանդի խոռոչում առկա խնդիրները, այդ թվում՝  բարակ լորձաթաղանթը, պոլիպները։ Անպտղության պատճառ է նաև արգանդի բնածին բացակայությունը, կանանցի օրգանների բորբոքային հիվանդությունները, հղիության ընդհատումները, բազմաթիվ զուգընկերները, ինֆեկցիոն-բորբոքային հիվանդությունները և այլն։

-Մինչ բազմաթիվ կանայք բուժվում են անպտղության դեմ, մյուսները հղիությունն արհեստական ընդհատելու քայլեր են կատարում։ Տեսակետ կա, թե վիժում առաջացնող դեղորայքն անցանկալի հղիությունից ազատվելու հեշտ միջոց է։ Հղիության մինչև ո՞ր ժամանակահատվածում է թույլատրվում  կատարել դեղորայքային աբորտ և ի՞նչ բարդություններ կարող է այն առաջացնել 

-Հղիության ընդհատում առհասարակ չի կարելի կատարել, եթե մոր կամ պտղի կյանքի հետ անհամատեղելի արատներ չկան։ Բայց դեղորայքային աբորտը բժշկական տեսանկյունից թույլատրվում է կատարել հղիության մինչև 9 շաբաթական ժամանակահատվածում։ Դեղորայքային աբորտը առաջին հերթին կարող է առաջացնել անպտղություն, բայց պատահում է նաև, որ կանայք դեղորայքային աբորտից հետո նաև հոգեբանական խնդիրներ են ունենում։

-Արդյոք այդ դեղերն ազա՞տ են վաճառքի համար։

-Դեղորայքն ազատ վաճառքի չէ, սակայն կանայք գիտեն մեկ դեղի անուն և ծանոթների միջոցով այն ձեռք են բերում, մինչդեռ դեղորայքային աբորտի նշանակման հատուկ սխեմա գոյություն ունի և դեղորայքների հստակ հաջորդականություն, որպեսզի գրագետ կազմակերպվի հղիության ընդհատումը։ Իսկ տնային պայմաններում կատարվող աբորտի դեպքում շատ բարձր է արյունահոսությունների, թերի վիժումների, մայրական մահացությունների ռիսկը։

-Դեղորայքն օգտագործելուց հետո, եթե կինը զղջում է, Հայաստանում կա՞ հնարավորություն պրոգեստերոնի կիրառմամբ չեզոքացնել դեղորայքի ազդեցությունը, և արդյոք դա բացասական ազդեցություն չի՞ թողնի պտղի վրա։ 

-Եթե, այնուամենայնիվ, կինն ընդունել է վիժում առաջացնող դեղորայք և զղջում է, պետք է շտապ դիմի բժշկի, անցնի հետազոտություն, այդ թվում՝ սոնոգրաֆիա- և հետևի բժշկի խորհրդին։

Աբորտ կատարելուց առաջ պետք է խորը մտածել, հղիության ցանկացած ժամանակահատվածում այն պետք է համարել մարդասպանություն, անկախ այն փաստից, որ արգանդում գտնվողը փոքրիկ էմբրիոն է։  Չէ՞ որ շատերը երազում են մայրանալու մասին։

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930