Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ցնցել է եվրոպացի ֆուտբոլասերներին՝ ԵՎՐՈ 2024-ի խմբային փուլի վերջին տուրում 2 անպատասխան գնդակ ուղարկելով ՖԻՖԱ-ի վարակնիշային աղյուսակով վեցերորդ լավագույն հավաքականը համարվող Պորտուգալիայի դարպաս։
Այսպիսով՝ վրացիները կշարունակեն պայքարը Գերմանիայում ընթացող քառամյակը մեկ անցկացվող եվրոպական մրցաշարում։ Չնայած պարտությանը, Կրիշտիանու Ռոնալդուի թիմը նույնպես անցավ մեկ-ութերորդ եզրափակիչ փուլ։
Թբիլիսիի փողոցներում մարդիկ «Սաքարթվելո» (Վրաստանի վրացերեն անվանումը–խմբ․) վանկարկումներով և մեքենաների ազդանշաններով տոնել են պատմական իրադարձությունը։
Կարդացեք նաև
«Մենք ապացուցեցինք, որ ունակ ենք դա անել»․ Կվարացխելիա
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Ուլի Սագնոլը անհավանական հաղթանակից հետո նշել է, որ ԵՎՐՈ 2024 մտնելն արդեն իսկ երազանք էր․ «Ֆուտբոլային որակի առումով մեր թիմը ամենատպավորիչը չէ, բայց այն ամենատպավորիչն է իր մարդկային որակներով։ Ես շատ, շատ ուրախ եմ։ Կարծում էի, որ Գերմանիա հասնելը առավելագույնն էր, որը կարող էինք անել, բայց ֆուտբոլի արդյունքը երբևէ չի որոշվում նախապես», – ասել է Սագնոլը։
Կիսապաշտպան և գոլի հեղինակ Խվիչա Կվարացխելիայի խոսքով էլ՝ այս օրը վրացի ֆուտբոլասերների լավագույն օրն է։ «Մենք պատմություն կերտեցինք․․․ Ոչ ոք չէր հավատա, որ մենք կհաղթենք Պորտուգալիային, բայց մենք ուժեղ թիմ ենք։ Եթե նույնիսկ միայն մեկ տոկոսի շանս կար, մենք ապացուցեցինք, որ ունակ ենք դա անել»։
Պորտուգալացի պաշտպան Դիոգու Դալոտը խաղի պարտությունն ամփոփելով ասաց՝ դառնահամ զգացողություն է ապրում։
«Վրաստանը խաղում էր պատմություն կերտելու համար, և մենք չկարողացանք հասնել նրանց»։ Սա էլ պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսի արձագանքն է իր թիմի պարտությանը։
Տղաների հրաշքը․ վարչապետ
Գելսենկիրչեն քաղաքում կայացած հանդիպմանը ներկա էր նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա հանդերձարանում շնորհավորել է ֆուտբոլիստներին։
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն էլ Թբիլիսիից նշել է, որ տղաները հրաշք են պարգևել։
Հիշեցնենք․ Վրաստանն այս տարվա մարտին առաջին անգամ ուղեգիր ստացավ մասնակցելու եվրոպական ֆուտբոլային առաջնությանը։ Սա մեր հարևան երկրի առաջին մասնակցությունն է ֆուտբոլային խոշոր մրցաշարի։
Հունիսի 30-ին Վրաստանը կդիմակայի Իսպանիայի ընտրանուն, որը մինչ այժմ կայացած բոլոր երեք խաղերում միայն հաղթանակ է տոնել։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ