Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը տարածաշրջանում պետք է դառնա կանաչ էներգիայի խոշոր մատակարար․ Shtigen Group-ի հիմնադիրը ելույթ ունեցավ «APRI ֆորում 2024»-ին

Հունիս 29,2024 11:45

APRI Armenia անկախ հետազոտական ինստիտուտը մեկ հարկի տակ էր հավաքել քաղաքական, դիվանագիտական, ակադեմիական և բիզնես ոլորտի ներկայացուցիչների, ինչպես նաև մտավորականների ու լրագրողների աշխարհի տարբեր անկյուններից՝ նախանշելու Հայաստանի համար զարգացման կարևորագույն ուղիները․ Երևանում անցկացվեց «Կառուցելով ապագան» խորագրով եռօրյա համաժողովը։

Բանախոսները քննարկում էին կայուն գյուղատնտեսության, կանաչ էներգետիկ լուծումների, թվային տեխնոլոգիաների բարելավման, ինչպես նաև շրջակա միջավայրի, առողջապահության, տրանսպորտի, արհեստական բանականության և այլ ոլորտների վերաբերյալ հարցեր:

Shtigen Group-ի հիմնադիր տնօրեն Հայկ Շեկյանն իր ելույթում կարևորեց վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների ավելացումը՝ ընդգծելով, որ կառավարության դերն այս գործընթացում չափազանց մեծ է։ Նա շահագրգիռ կողմերին միասին աշխատելու կոչ արեց՝ հանուն Հայաստանի կայուն և մրցունակ ապագայի․ «Մենք չպետք է բավարարվենք մի քանի ՄՎտ հզորությամբ արևային կայանների կառուցմամբ։ Մեր հավակնությունները պետք է մեծ լինեն, նպատակներն էլ պետք է սնուցվեն մի քանի ԳՎտ հզորության հասնող կայաններ կառուցելու տեսլականով։ Այդ էներգետիկ հսկաների շնորհիվ մենք կկարողանանք երկիրը տարածաշրջանում վերածել կանաչ էներգիայի խոշոր մատակարարի»։

 Հայկ Շեկյանը, անդրադառնալով Հայաստանում e-mobility ոլորտի զարգացման հեռանկարին, ներկաների ուշադրությունը հրավիրեց մարտկոցների վերամշակման խնդրին՝ մատնացույց անելով միջազգային լավագույն փորձը․ աշխարհում կան ընկերություններ, որոնց հաջողվել է լիթիումի ավելի քան 90%-ը վերամշակել:

Ի դեպ, ֆորումի հովանավորներից էր «Հայաստան-Հնդկաստան բիզնես խորհուրդը» (AIBC), որի հիմնադիրներն են գործարարներ Հայկ Շեկյանը Հայաստանից և Ռանանջայ Անանդը Հնդկաստանից։  Կազմակերպության նպատակն է՝ հիմնվելով Հայաստանի ու Հնդկաստանի պատմական սերտ կապերի վրա՝ երկու երկրների բիզնես միջավայրն ու շրջանակը էլ ավելի զարգացնել։

«Հայաստան-Հնդկաստան բիզնես խորհրդի» գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը ֆորումի պանելային քննարկմանը կարևորեց երկու երկրների համատեղ իրականացվող քայլերը․ «Որքան էլ կարևոր է երկու երկրների միջև պատմական և քաղաքակրթական հարուստ անցյալը, մենք չպետք է բավարարվենք միայն դրա մասին խոսելով. այն պետք է ցատկահարթակ լինի՝ ավելի ամուր գործնական հարաբերություններ կառուցելու համար։ Հնդկաստանի ներուժը չպետք է թերագնահատված լինի․ այս երկրի հետ Հայաստանը կարող է համագործակցել տարբեր ճյուղերով»։

Ի դեպ, ֆորումին ներկա գտնվելու համար Երևան էր ժամանել նաև AIBC-ի համահիմնադիր և գլխավոր քարտուղար Ռանանջայ Անանդը։ Նրա խոսքով՝ Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները վերջին շրջանում մեծ զարգացում են ապրում ինչպես ռազմական համագործակցության, այնպես էլ բիզնես առումով․ «Որպես «Հայաստան-Հնդկաստան բիզնես խորհրդի» համահիմնադիր՝ կարևորում եմ մեր երկու ժողովուրդների միջև գործընկերային հարաբերությունների զարգացումը, որին պատրաստվում ենք նաև մենք նպաստել: Ստեղծելով ավելի խորը տնտեսական և մշակութային կապեր՝ մենք նպատակ ունենք նոր հնարավորություններ ստեղծել բիզնեսի համար՝ ըստ այդմ ամրապնդելով մեր երկրների աճն ու բարգավաճումը»,- ընդգծել է Անանդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930