Հունիսի 28-ին Երևանում՝ Խուլերի մշակույթի և սպորտի հանրապետական պալատի հանդիսությունների դահլիճում համերգով հանդես եկավ Արցախի «Մենք ենք մեր սարերը» երգի պարի պետական համույթը, որն ստեղծվել է 2000 թվականին։ Համույթն ստեղծման օրվանից ելույթներով հանդես է եկել Արցախի Հանրապետության գրեթե բոլոր զորամասերում ու բնակավայրերում։ Պարբերաբար համերգներով հանդես է եկել նաև արտերկրում՝ ՌԴ տարբեր քաղաքներում, ԱՄՆ, Իրան, Լիբանան, Հունաստան և այլուր։
Համույթի տնօրենն է Արցախի մշակույթի վաստակավոր գործիչ Սլավա Ապրեսյանը։ 2020թ․ Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո համույթը դադարեցրել էր համերգները։ Տղաները նաև մարտադաշտում էին։ Պատերազմից հետո առաջին հմերգն Ստեփանակերտում կայացավ 2022 թվականի հունիսի 16-ին։ Սակայն դժվար էր շրջափակված Արցախում հանդես գալ համերգներով։ 2023 թ․ սեպտեմբերի վերջին եղավ նաև ողբերգությունը՝ Արցախը հայաթափվեց։ Այժմ, մեծ դժվարություններից հետո, համույթն իր գործունեությունը շարունակում է Երևանում։
Կարդացեք նաև
Առաջին համերգը կայացել էր 2024 թ․ փետրվարի 29-ին Երևանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Երևանյան երկրորդ համերգի կայացմանն աջակցել էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը, OVIO ընկերությունը, «Արաբկիր» բժշկական կենտրոնը, «Լույս» ընկերությունը, «Տերյան» մշակութային կենտրոնը։ Երկրորդ համերգին «Մենք ենք մեր սարերը» համույթի հետ հանդես եկավ նաև Արսեն Գրիգորյանը՝ Մրոն։
Համերգի սկզբում հնչեցին ՀՀ և Արցախի Օրհներգերը, եղավ լռության րոպե՝ ի հիշատակ Արցախյան բոլոր պատերազմներում և ՀՀ սահմաններում նահատակված քաջորդիների հոգիների։ Համույթը հանդես եկավ արցախյան, ազգագրական, ռազմահայրենասիրական երգերով՝ պարային կատարումներին զուգահեռ։ Դահլիճում հիմնականում տեղահանված արցախցիներ էին, որ կարոտի ցավը սրտերում՝ ոգևորված էին կատարված երգ ու պարով։ Ու կա հավատ՝ կգա տուն դարձի ճանապարհը։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ