Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ կլինեինք մենք, եթե մեր նախնիներն էլ առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի բանաձևած «պարզապես ապրելու» «գաղափարաբանությամբ»․ «Փաստ»

Հունիս 29,2024 10:10

Ոչնչիզմի, «զրոյական կետի», «դրա մասին պիտի դեռ 6 տարի առաջ ասեի» և նմանօրինակ այլ հանճարեղ «գաղափարների» մեծն ռահվիրան վերջերս վերստին փայլատակեց նորանոր «մարգարիտներով»: Ահավասիկ, յուրայինների հետ «քաղաքական ժողովի» ժամանակ հայտարարեց, թե՝ «իրական Հայաստանի գաղափարախոսությունը հետևյալն է՝ երբ ժողովուրդն ասում ա մեզ և բոլորին։ Ասում ա՝ լսեք, չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել, չենք ուզում զոհաբերվել, ուզում ենք ուղղակի ապրել»:

«Իրական Հայաստանի» մասին հերթական սնանկությունը դնենք մի կողմ ու առժամանակ կենտրոնանանք «պարզապես ապրելու» ոչ այն է՝ ուղերձի, ոչ այն է՝ «գաղափարաբանության» վրա: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ «չենք ուզում այլևս մաքառել, չենք ուզում գոյատևել, չենք ուզում տառապել»: Իսկ ո՞վ է, առհասարակ, նման բաներ ուզում: Ոչ մի խելքը գլխին, հոգեկան շեղումներ չունեցող մարդ, անկախ սեռից, կրոնական կամ ազգային պատկանելությունից, ոչ մի խելքը գլխին ժողովուրդ, հասարակություն, հանրույթ, իհարկե, չի ուզում տառապել: Բայց, ի՞նչ է, մեր սերունդը, որ իր ուսերին կրեց ԽՍՀՄ փլուզման ու անկախության վերականգնման, Արցախի ազատամարտի փորձությունները, ի՞նչ է, ուզում էր տառապե՞լ: Թե՞ մենք ուզում էինք, որ 88-ին Հայաստանի ավելի քան 30 տոկոսն ավերակած երկրաշարժ լինի, կամ էներգետիկ ճգնաժամ լինի, որպեսզի գոյատևենք, բայց կարողանանք վերապրել ու ոտքի կանգնել: Թե՞ մեր պապերի սերունդն էր ուզում, որ Երկրորդ աշխարհամարտ լինի, չնկարագրենք, թե ինչպիսի ավերումներով ու տառապանքներով հագեցած:

Թե՞ մեր պապերի հայրերի սերունդն էր երազում Առաջին աշխարհամարտի ու Հայոց ցեղասպանության մասին: Արժե՞ շարունակել թվարկումը: Ո՛չ: Սեփական ազգի, ժողովրդի, նաև աշխարհի պատմության հիմնական իրադարձությունների մասին տեղյակներն իրենք էլ կարող են դա հրաշալի անել, իսկ անտեղյակներին, որ երևի «Այբբենարանն» էլ մինչև վերջ չեն կարդացել, անիմաստ է բացատրել հանրահայտ բաներ: Հիմա՝ հարց. իսկ որտե՞ղ կլինեինք մենք, ո՞վ կլինեինք մենք, առհասարակ կլինեի՞նք, եթե մեր նախնիներն էլ առաջնորդվեին Նիկոլ Փաշինյանի բանաձևած «պարզապես ապրելու», կներեք արտահայտության համար՝ «գաղափարաբանությամբ»: Եվ իսկապես էլ, ինչպե՞ս մեր նախնիները չեն «ֆայմել», որ կարելի է ուրանալ սեփական ազգությունը, հավատը, պատմությունը ու… «պարզապես ապրել»: Իբր որպես ի՞նչ էին մաքառում, օրինակ՝ Վանում կամ Մուսա լեռան վրա, ինչո՞ւ էին Սարդարապատում կամ Ապարանում կռվում թուրքերի դեմ, այլ ոչ թե, Փաշինյանի մոտեցմամբ ու քարոզմամբ, «պարզապես ապրում»: Իբր որպես ի՞նչ էին մեր պապերը արդյունաբերություն ու տնտեսություն ստեղծում, մաքառում ու պայքարում, հաճախ չափաբաժնով հաց էլ չունենալով: Ինչո՞ւ էին, օրինակ՝ կամավորագրվում հայկական դիվիզիաներին ու հարյուր հազարներով զոհվում Հայրենական պատերազմի ճակատներում: Ըստ Փաշինյանի, ինչո՞ւ չէին հոգնում մաքառելուց, ինչո՞ւ միանգամից հոժարակամ չէին մտնում ֆաշիստական համակենտրոնացման ճամբարների գազախցիկները՝ մրմնջալով՝ «մենք պարզապես ուզում ենք ապրել, չենք ուզում մաքառել…»:

Կամ վերցնենք ամենամեծ հայերից մեկին՝ Մեսրոպ Մաշտոցին: Իբր ինչո՞ւ էր մաքառում, պայքարում, հայոց գրերը վերականգնում, դպրոցների ցանց ստեղծում: Փաշինյանը ինչ-որ հրաշքով հայտնվեր 5-րդ դարի սկզբներում ու քարոզեր, թե՝ «բա ձեզ պետք է, էն է՝ ասորերեն, պարսկերեն, հունարեն գրերը կան, էլի, հերիք չի՞ գոյատևեք, եկեք ապրենք, պարզապես ապրենք… Կարելի է ավելի աբսուրդ տարբերակներ նկարագրել, որպեսզի առավել ևս ընդգծվի, որ այն, ինչ ասում է Փաշինյանը, նույնիսկ ավելի վատ բան է, քան անհեթեթությունը: Դա ոչնչացման ու վերացման «գաղափարախոսություն» է, չնայած, որպես ծաղր, փաթեթավորված է «պարզապես ապրենք» կապակցությամբ: Աշխարհում կան, իհարկե, կենդանի օրգանիզմներ, որ «պարզապես ապրում» են: Ասենք՝ անձրևորդերը, պլանկտոնը, մանրէները, սպորները, մի խոսքով: Չնայած, գիտնական կենսաբանները կհակաճառեն, որ թվարկվածները պարզապես չեն ապրում, այլ յուրաքանչյուրը ծառայում է որոշակի նպատակի: Բայց, մեծ հաշվով, այն, ինչ առաջարկում է Նիկոլ Փաշինյանը կամ ձևակերպում է որպես «գաղափարախոսություն», ընդամենը քարոզչություն է այն բանի, որ մենք դադարենք ազգ լինելուց, դադարենք հայրենիք ունենալ, վերանանք մարդկային արժեքներից, մոռանանք մեր ժողովրդի պատմությունը, մշակույթը ու վերածվենք պարզապես կենսաբանական օրգանիզմների:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930