Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ պետական շահերը Բայդենով կամ Թրամփով պայմանավորված չեն

Հունիս 29,2024 10:00

Հրապարակային քաղաքականությունն` ընդհանրապես, եւ «դեբատի» ժանրը` մասնավորապես, ծրագրերի, գաղափարների եւ երկրի ապագան որոշելու մասին չեն: Դրանք ավելի շատ նման են «Ուրախների եւ հնարամիտների ակումբին»,  երբ հանդիսատեսի համար կարեւոր է, թե ով ում լեզվի տակից դուրս կգա:

Այդ առումով Բայդեն-Թրամփ առաջին բանավեճը մաքուր KBH էին՝ այն տարբերությամբ, որ խորհրդային (ռուսական) հեռուստաշոուի մասնակիցները երիտասարդ էին, իսկ այս մրցամարտում ելույթ էին ունենում 81 եւ 77 տարեկան տարեց մարդիկ: (Հիշեցնեմ, ի դեպ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը 2013 թվականին հրաժարվել էր մասնակցել նախագահական մրցավազքին՝ պատճառ բերելով, որ ինքը… 68 տարեկան է):

Միացյալ Նահանգները կայացած ժողովրդավարական երկիր է: Այս համատեքստում դա նշանակում է երեք բան:

1/ Տնտեսական եւ քաղաքական վերնախավի կողմից առաջադրված երկու թեկնածությունների շանսերը մոտավորապես նույնն են: Դուք կարո՞ղ եք պատկերացնել, որ Պուտինը բանավիճեր Խարիտոնովի հետ:

2/ Առաջին դեմքի հնարավոր սխալ որոշումներն ունեն բազմաթիվ «ֆիլտրներ». գոյություն ունի զսպումների ու հավասարակշռումների մեխանիզմ՝ ի դեմս Կոնգրեսի եւ դատական համակարգի:

3/  ԱՄՆ պետական շահերը կախված չեն նախագահի կամքից: Մասնավորապես, բացառված է, որ ընտրապայքարի որեւէ ելքի պարագայում Միացյալ Նահանգները չշարունակի իր աջակցությունը Իսրայելին եւ Ուկրաինային: Իհարկե, արտաքին եւ ավելի շատ՝ ներքին քաղաքականության «երանգներում» կարող են լինել որոշակի փոփոխություններ:

Մնացածն, ինչպես ասացի, ավելի շուտ նման է շոուի, որը կոչված է զբաղեցնել հասարակությունը:  Անցած բանավեճում Թրամփն, անշուշտ, ավելի համոզիչ էր: Նա շատ ավելի վստահ էր խոսում եւ ավելի հաճախ էր իրականությունը խեղաթյուրում (ըստ «Նյու-Յորք Թայմզի» փաստերը ստուգող թիմի): Հայտնի է, որ ներկայիս «հետճշմարտության» դարաշրջանում սուտ խոսելը հաջողության գրավականն է: (Տես՝ նախորդ խմբագրականը):

Բայդենը, հակառակ դրան, խոսում էր «մրսած ձայնով», կմկմում էր, իսկ մի պահ, կարծես թե, կորցրել էր մտքի թելը: Այնպես որ առաջին բանավեճի արդյունքներով Թրամփի շանսերը գերադասելի են թվում: Դրան, կարծում եմ, պետք է գումարել Արեւմուտքում նկատվող ընդհանուր միտումը, ըստ որի, գերապատվությունը տրվում է «աջ», պահպանողական արժեքներին, որոնց ջատագովն է նախագահի տվյալ թեկնածուն:

Թե ով է, ի վերջո, հաղթելու, մեզ՝ հայաստանցիներիս համար այնքան էլ կարեւոր չէ: Օրինակ, բոլոր պարագաներում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները գովերգելու են Փաշինյանին՝ որպես «մեծ դեմոկրատի», քանի որ Հայաստանի վարչապետն ու նրա շրջապատը ժամանակ առ ժամանակ հակառուսական հայտարարություններ են անում եւ, հետեւաբար, դա էլ է բխում ԱՄՆ պետական շահերից:
Բայց բուն ընտրությունների փաստը մեզ համար կարեւոր է: Հիշենք, որ նախորդ անգամ Ադրբեջանը մեզ վրա հարձակվեց այն ժամանակ, երբ Միացյալ Նահանգները նախընտրական թոհուբոհի մեջ էր:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Artem Priakhin-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Թոյլ տուէք որ չորրորդ, շատ հիմնական կէտ մըն ալ նշեմ:

    4/ Թէ Պայտընի եւ թէ Թրամփի կուսակցութիւններո՛ւն մէջ իսկ, կան շատ լուրջ ու զօրեղ հոսանքներ՝ իրենց դէմ:

    Եւ երկուքն ալ ստիպուած են զանոնք նկատի առնելու, որպէս նախագահ:

    Նոյնպէս, կան տարբեր ու բազմատեսակ, այլազան հատուածներ, ամէն մէկու պարագային, զինք ընտրողներուն մէջ: Եւ այդ ալ ստիպուած են նկատի առնելու, երկուքն ալ: Թէ՛ ընտրապայքարի ժամանակ, եւ թէ՛ երբ որ նախագահ դառնան:

    Կը մնայ ափսոսալը որ ԱՄՆի նման երկիր մը, որ վերջապէս այդքան համաշխարհային ազդեցութիւններ ունի, չի կարողանում մարդավարի նախագահական թեկնածուներ ունենալ…

    Մ. Հայդուկ Շամլեան

  2. Gohar says:

    Ուշացումով արձագանքս հետեվյալումն է;
    Ինչո՞ւ ԱՄՆ-ում այլ թեկնածուներ չեն առաջադրվում ։ Որովհետեվ մեկընդմիշտ համոզված են, որ ով էլ որ ընտրվի, միեվնույնն է ի՛նքը Չէ երկիրը կառավարելու։ Երեվի վերջինը Ջոհն Քեննեդին էր․․․ Կառավարում են այլ տերեր, այլ շահերից ելնելով։ Jack Tapper and Dana Bash-ի ազգությանը բնավ մատնացույց չանելով հանդերձ, ուզում եմ հարցնել հետեվյալը․ այդ ինչպես՞ կարողացան շրջանցել հենց հիմա աշխարհի աչքի առաջ կատարվող ցեղասպանությանը եվ բավարարվեցին միայն թեթեվակի հարցումով, որին էլ այդ երկու , բացարձակապես իրարից չտարբերվող թեկնածուները տվեցին այս պատասխանը ։
    A vibes fight about Israel and Gaza
    There is no doubt that Trump would handle the war in Gaza much differently than Biden. But how?

    “Let Israel finish the job,” he told Biden, the suggestion being that the president has done too much to restrain the Israeli government and its military bombardment of Palestinians in Gaza.

    Trump did not say whether he would back a Palestinian state, but did insist that Hamas’ October 7 attack inside Israel would have “never happened” if he had been in the White House at the time. He also said that Biden has ”become like a Palestinian, but they don’t like him because he’s a bad Palestinian.” That was probably intended as a jab to suggest Biden is too deferential to the Palestinians but also too ineffectual earn their respect.

    It landed flat – if it landed at all.
    Նորմալ է՞ ;

    • Հ.Շ. says:

      ԱՄՆի պարագային, «Deep State»ի տեսութիւնը, նամանաւանդ ներկայ ժամանակներուն, հնամաշ դարձած է (չնայած, Թրամփը զայն դեռ կը շահագործէ…) : Այժմու իրականութեան մէջ, եւ այդպիսի երկրի մը մէջ, պարզապէս անհնար է որ ափ մը մարդիկ կարենան, ընդյատակեայ կերպով, խամաճիկի պէս գործածել այդ երկրին նախագահը: Ճիշդ է որ նա այլազան ազդեցութիւններու, «ճնշումներու» ենթարկուած է, սակայն իր պետական հեղինակութիւնը կարելի չէ այդքան թերագնահատել:

      Ես CNNը չեմ դիտեր: Սակայն հանդիպած եմ Jack Tapperի and Dana Bashի հաղորդումներուն: Երկրորդը, բարի ու աննշան, մակերեսային հաղորդավար մըն է: Սակայն Tapperը իսկական լրագրող է, եւ իրապէս շատ լաւն է: Ի դէպ, նաեւ գրագէտ է, եւ գծագրիչ: Իր սխալը այն է որ կ’աշխատի այդ կայանին համար: Զորս շատոնց է որ բնաւ նոյնը չէ, քան ինչ որ էր սկզբնապէս:

      Իսրայէլի նիւթը լաւագոյն օրինակներէն մէկն է՝ վերեւ նշածիս: Արդարեւ, թէ՛ Թրամփին եւ թէ՛ Պայտընին կուսակցութիւններուն մէջ, մեծ է թիւը, ծանր է կղիռը եւ նշանակալից է ուժը՝ այն անձերուն եւ խումբերուն, որոնք կտրականապէս դէմ են, ի միջի այլոց այդ նիւթին մէջ, երկուքին ալ դիրքորոշումներին: Իսկ քանի որ նախնական ծագումի նիւթը արծարծեցիք, հաւանաբար արդէն գիտէք որ ամէն տեսակի ազգութեան եւ կրօնքի պատկանող բազմաթիւ անդամներ ունին երկու կուսակցութիւններն ալ, պաշտօնի կամ հեղինակութեան զանազան աստիճաններու վրայ:

  3. Լավատես says:

    Երբ իմ ուզած մարդիկ գան իշխանության, նրանք առաջին օրվանից զբաղվելու են ժողովրդի քաղաքական, զինվորական եւ տնտեսական կրթությամբ եւ դաստիարակությամբ, սա Սահմանադրության մեջ է գրվելու եւ քաղաքացու պարտքն է լինելու ոչ միայն ծառայել զինվորական՝ ռազմական բանակում, այլեւ ծառայել քաղաքական՝ կառավարվան բանակում եւ թիկունքային՝ տնտեսական բանակում: Մեր քաղաքացին լինելու է բազմակողմանի կրթված եւ դաստիարակված: Քննություն ես հանձնում եւ ստանում Քաղաքացու՝ ընտրություններին մասնակցելու եւ պետական կառավարմանը մասնակցելու իրավունք: Կեցցե՛ մեր հայ ժողովուրդը եւ մյուս ժողովուրդները, ովքեր մեր հայ ժողովուրդի նման կծառայեն երեկվա, այսօրվա եւ վաղվա իրենց ազգին:

  4. Gohar says:

    Հարգելի Պ-ն Շամլեան ,
    շնորհակալ եմ Ձեր արձագանքի համար։
    Սակայն դեռեվս 2017 և 2018 թվականներին անցկացված կարծիքի ,հարցումները ցույց են տվել, որ ամերիկացիների մոտավորապես կեսը հավատում է ամերիկյան «Deep State»
    պետության կառավարման գոյությանը։ Եթե հիմա նույն հարցումը դրվի , հնարավոր է որ այն կազմի բնակչության 75 %-ը, քանի որ , կարծես թե նախագահների թեկնածուների միտումնավոր այլընտրանքի տեղ չի երեվում ։ Հետեվաբար համոզվում են, որ ով էլ դառնա նախագահ, միեվնույնն է «Deep State»-ն է գործելու։
    According to an American political conspiracy theory, the deep state is a clandestine network of members of the federal government (especially within the FBI and CIA), working in conjunction with high-level financial and industrial entities and leaders, to exercise power alongside or within the elected United States government.
    Անձամբ ես գնալու եմ ընտրություններին եվ 3-րդ անգամն էլ ընտրելու եմ Դ․ Թրամփին, քան արդեն շրջանառվող ենթադրյալ թեկնածուներից որեվիցէ մեկին։

    • Հ.Շ. says:

      «Անորոշներն» են, որ պիտի որոշեն ընտրութիւնների արդիւնքը: Նրանք, նշանակալից քանակով, կարող է որ Թրամփին հակառակորդին տան իրենց քուէները, եթէ Պայտընը կառչի իր թեկնածութեան: Թէ ոչ, կրնան պարզապէս մնալ ձեռնպահ, ինչ որ նպաստաւոր է Թրամփին համար:

      Սակայն Տեմոքրաթները շա՜տ ուշացան, անդրադառնալու համար որ իրենց թեկնածուն, առողջական առումով, անկարող է դարձեալ նախագահի պաշտօնը ստանձնելու: Մինչդեռ դա ակնյայտ էր, գոնէ երկու տարիներէ ի վեր: Հիմա իրեն փոխարինելը ուրիշ թեկնածուով մը, շատ խնդրայարոյց բան մըն է, եւ այդ գործընթացը ինքնին կրնայ աւելի տկարացնել Տեմոքրաթները:

      Ամէն դէպքում, ես Քանատացի եմ: Սակայն իմ եւ կնոջս կողմանէ, մեր ընտանեկան գերդաստաններէն մօտ քառասուն ընտանիքներ ունինք, որոնց անդամները ԱՄՆի քաղաքացի եւ բնակիչներ են, հինգ նահանգներու մէջ: Անկեղծօրէն, հաստատ չեմ գիտեր թէ անոնք որո՞ւն պիտի տան իրենց քուէները, կամ նիյնիսկ եթէ պիտի քուէարկեն, սակայն իրենց մէջ կան թունդ տեմոքրաթականներ որոնք ամէն դէպքում իրենց քուէները տալու են այդ կուսակցութեան թեկնածուին, ով որ էլ նա լինի, եւ կան նաեւ GOPի համակիրներ, որոնք իմ ներկայութեանս լուրջ վերապահութիւններ յայտնած են Թրամփի նկատմամբ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930