Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռաբեկ դատարանը չի բացառում ցմահ ազատազրկում պատժատեսակ նշանակելու հնարավորությունը

Հունիս 29,2024 13:00

Ի՞նչ է ստացվում, որ նոր քրեական օրենսգրքով Հայրապետ Սեփոյանին մեղսագրված արարքների համար որպես պատիժ սահմանված չէ ցմահ ազատազրկումը, ուստի Վճռաբեկ դատարանում առկա գործով ստորադաս դատարանների կողմից կայացված դատական ակտերի օրինական ուժի մեջ մտած չլինելու պայմաններում, Սեփոյանի նկատմամբ որպես պատիժ չի կարող նշանակվել ցմահ ազատազրկում:

Հունիսի 14-ին ՀՀ վճռաբեկ դատարանը գրավոր ընթացակարգով քննության է առել Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ 2022թ. մայիսի 30-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշման դեմ պաշտպաններ Ա.Ղազարյանի, Կ.Տոնոյանի եւ Լ.Սահակյանի վճռաբեկ բողոքները: 2015թ. նոյեմբերի 19-ին Սեփոյանը ներգրավվել էր որպես մեղադրյալ, նրան մեղադրանք է առաջադրվել նախկին քրօրի՝ 104 հոդվածի 2 կետի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին կետի հատկանիշներով:

Վճռաբեկ դատարանը բողոքները բավարարել է մասնակիորեն:

Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2021 թվականի փետրվարի 16-ի դատավճիռը եւ այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը մասնակիորեն բեկանել եւ փոփոխել է:

Հ. Սեփոյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով՝ երեք դրվագով, պատիժ նշանակելու մասով գործն ուղարկվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության՝ հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

Նշեմ, որ Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 25-ի որոշմամբ սահմանվել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:

Հայրապետ Սեփոյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2015 թվականի նոյեմբերի 16-ին, ժամը 18:46-ի սահմաններում, Կոտայքի մարզի Մարմարիկ գյուղի բնակիչ Հայրապետ Սեփոյանն իր հորեղբորորդուց հեռախոսով տեղեկանալով, որ իր հայրը չգործող նախկին «Արարատ» ճամբարի տարածքում վիճաբանության եւ կռվի մեջ Է մտել եղբայրներ Վարդան եւ Վահե Գալստյանների հետ, ովքեր ծեծի են ենթարկել հորը եւ պատճառել մարմնական վնասվածքներ, վրեժխնդրության շարժառիթով՝ նույն օրը իր կողմից վարած ՎԱԶ 2121 մակնիշի 80 DD 004 հ/հ ավտոմեքենայով գնացել է դեպի նշված տարածք եւ հրազենով կրակոցներ Է արձակել Վարդան Գալստյանի, Վահե Գալստյանի եւ Արմեն Հովհաննիսյանի ուղղությամբ, որի հետեւանքով վերջիններս մահացել են:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարան բողոք ներկայացրած պաշտպանների, Հ. Սեփոյանը նախաքննության եւ դատաքննության ընթացքում մեղադրվել եւ նրա նկատմամբ մեղադրական դատավճիռ է կայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասով՝ երկու կամ ավելի անձանց սպանություն կատարելու համար, մինչդեռ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաեւ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 155-րդ հոդվածում սահմանված չէ երկու կամ ավելի անձանց սպանությունը որպես որակյալ հատկանիշ, ինչից բխում է, որ Հ. Սեփոյանին մեղսագրված արարքը ներկայում համապատասխանում է նույն օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասին, որը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով։ Այլ կերպ, ընդունվել է պատիժը մասնակի մեղմացնող օրենք, այն է՝ մասնակի վերացվել է Հ. Սեփոյանի արարքի հանցավորությունը, քանի որ երկու կամ ավելի անձանց սպանությունն այլեւս չի համարվում հանցագործության որակյալ հատկանիշ, հետեւաբար, այն ունի հետադարձ ուժ։

Բողոքաբերները խնդրել են ամբողջությամբ բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2022 թվականի մայիսի 30-ի որոշումը եւ գործն ուղարկել նոր քննության, կամ Հ.Սեփոյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքում եւ նշանակել պատիժ այդ հոդվածի սանկցիայի շրջանակներում, կամ Հ.Սեփոյանի նկատմամբ նշանակել որոշակի ժամկետով ազատազրկում։ Բողոքի հեղինակը նշել է, որ վիճարկվող դատական ակտը կայացվել է նյութական եւ դատավարական իրավունքի նորմերի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։

Վճռաբեկ դատարան դիմած բողոքաբեր կողմը փաստարկել էր, որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը, թույլ է տվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նրանք նշել են, որ գործի դատական քննության փուլում ստորադաս դատարաններն ամբաստանյալին զրկել են արդար դատական քննության իրավունքից, քանի որ. «անհամաչափորեն սահմանափակվել է մեղադրանքի հիմքում ընկած առանցքային ապացույցը՝ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությունը, մրցակցային դատավարության կարգով վիճարկելու մեղադրյալի դատավարական իրավունքը»։ Մասնավորապես, պաշտպանական կողմի համար մեծ անհրաժեշտություն ու առանցքային նշանակություն ունեցող կրկնակի դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն կամ դատահոգեբանական փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդությունն առաջին ատյանի դատարանը մերժել է այն պատճառաբանությամբ, որ դա պայմանավորված էր դատաքննության փուլում փոփոխված պաշտպանական ռազմավարությամբ։ Արդյունքում, ըստ բողոքաբեր կողմի, խախտվել է անմեղության կանխավարկածի սկզբունքը, պաշտպանական կողմը հայտնվել է էապես անբարենպաստ վիճակում՝ իր դատավարական մրցակցի՝ հանրային մեղադրողի համեմատ: Բողոքաբերները փաստարկել էին, որ եթե անգամ առկա է չնչին հավանականություն, որ Հ. Սեփոյանը կարող էր գտնվել հոգեկան խիստ հուզմունքի վիճակում, ապա դատարանները պարտավոր էին միջոցներ ձեռնարկել այդ հարցին սպառիչ պատասխան տալու համար, մինչդեռ դատապարտվել է անձը ցմահ ազատազրկման այն պայմաններում, երբ կասկած է մնացել Հ. Սեփոյանի՝ արարքը կատարելու պահին հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու վերաբերյալ։

Ըստ բողոքաբերների. «Առաջին ատյանի դատարանը հաստատել է Վարդան Գալստյանի վարքագծի հակաօրինականությունը, սակայն գտել է, որ այն Հ. Սեփոյանի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկվել չի կարող։ Դատարանները գործում առկա ապացույցները սխալ են գնահատել նաեւ Վահե Գալստյանի եւ Արմեն Հովհաննիսյանի կողմից հակաօրինական վարքագիծ դրսեւորելու մասով»։

Անդրադառնալով մեղայականով ներկայանալը որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք չդիտարկելու վերաբերյալ դատարանների դիրքորոշմանը՝ պաշտպանները փաստել էին, որ ոստիկանների կողմից փնտրվելու վերաբերյալ Հ. Սեփոյանի տեղյակ լինելու մասով ակնհայտորեն խեղաթյուրվել են վկաներ Մ.Հարությունյանի եւ Դ. Քոչարյանի ցուցմունքները, իսկ Հ. Սեփոյանի ինքնակամ ներկայանալը համապատասխանում է Վճռաբեկ դատարանի՝ «Էդվարդ Ադամյանի գործով» արտահայտած՝ մեղայականով ներկայանալը՝ որպես անձի պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող հանգամանք դիտարկելու վերաբերյալ իրավական դիրքորոշումներով սահմանված չափանիշներին։

Վճռաբեկ դատարան է ներկայացվել նաեւ այս փաստարկը. 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասը պահանջում է պատշաճ գնահատման ենթարկել հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը եւ հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, որպիսի կարգավորումը, սակայն, ստորադաս դատարանները չէին կարող կիրառել, քանի որ այն չէր գործել դատական ակտ կայացնելու պահին: Այլ կերպ, բողոքի համաձայն. «Հ. Սեփոյանը չի ունեցել իրավական հնարավորություն հավասարության եւ մրցակցության հիման վրա արդյունավետ պաշտպանվել նաեւ այն առումով, որպեսզի հիմնավորի դատարանին, որ հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը եւ հանցավոր մտադրության իրականացման աստիճանն այնպիսին են, որ հիմք չեն տալիս դատարանին կիրառել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասը: ՀՀ քրեական նոր օրենսգրքի վերոնշյալ դրույթը խստացնող եւ անձի վիճակը վատթարացնող կարգավորում է, հետեւաբար հետադարձ ուժ չի կարող ունենալ եւ կիրառվել Հ. Սեփոյանի նկատմամբ»:

Նշվել է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասով, ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, հանգամանքների պատահական զուգորդմամբ առաջին անգամ հանցանք կատարելը համարվում է պատիժն ու պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք՝ անկախ հանցանքի ծանրության աստիճանից, ուստի այն ունի հետադարձ ուժ, քանի որ դատական ակտը կայացնելու պահին պատիժն ու պատասխանատվությունն անհատականացնելիս՝ դատարանների կողմից հաշվի չի առնվել այն փաստը, որ հանցանքը կատարվել է առաջին անգամ՝ հանգամանքների պատահական զուգորդմամբ:

Ստորադաս դատարանները կատարված արարքի հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը որոշելիս բավարար ուշադրության չեն արժանացրել արարքի շարժառիթը, հանցագործության եղանակը եւ հանցավոր մտադրության իրականացման աստիճանը։

Այսինքն, Հ.Սեփոյանի վարքագիծը պայմանավորված է եղել բացառապես տուժողների կողմից իր հորը ծեծելու, միջին ծանրության վնաս պատճառելու հանգամանքով եւ նույնիսկ, եթե տուժողներից ոմանք չեն ծեծել ամբաստանյալի հորը, ապա այդ հանգամանքը որեւէ կերպ չի փոխում արարքի շարժառիթը, քանի որ Սեփոյանը, ելնելով իր լարված հոգեվիճակից, ունեցել է համոզմունք, որ բոլոր տուժողները ծեծել են իր հորը։ Այլ կերպ, տուժողները Սեփոյանի հոր՝ Գագիկ Սեփոյանի նկատմամբ դրսեւորել են հակաօրինական եւ հակաբարոյական վարքագիծ, ինչն էապես ազդել է արարքի հանրային վտանգավորության աստիճանի վրա…

Վճռաբեկ դատարանի ուշադրությունը մեկ այլ հանգամանքի վրա էր հրավիրել բողոքաբերներից մեկը. «Դատարանը պետք է հաշվի առներ նաեւ ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները, այդ թվում՝ ծավալված պատերազմական գործողությունների պայմաններում վերջինի կողմից ռազմաճակատ մեկնելու եւ դրանցում մասնակցություն ունենալու ձգտումը, փորձագետի համապատասխան եզրակացությունը, որով հաստատվել է, որ Սեփոյանին բնորոշ է կարեկցանքը եւ ագրեսիայի ցածր մակարդակը, բացի այդ՝ պետք է հաշվի առնվեին նաեւ նրա առողջական խնդիրները, որոնց պատճառով մի քանի անգամ հետաձգվել են սույն գործով նշանակված դատական նիստերը»:

Վճռաբեկ դատարանը, Հայրապետ Սեփոյանի վերաբերյալ գործով 2024 թվականի հունիսի 14-ի թիվ ԿԴ1/0059/01/16 որոշմամբ, անդրադառնալով գործող քրեական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում երկու կամ ավելի անձանց սպանության որակյալ տեսակի վերացման պայմաններում կատարված արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցին, արձանագրել է, որ գործող քրեական օրենսգրքով երկու կամ ավելի անձանց սպանության ծանրացնող հանգամանքի փաստացի վերացումը դեռեւս չի նշանակում, որ տեղի է ունեցել մասնակի ապաքրեականացում, քանի որ բովանդակային առումով սպանության տվյալ որակյալ տեսակը ոչ թե վերացվել է, այլ փոխվել են դրան հակազդելու մեխանիզմները՝ պայմանավորված օրենսդրի կողմից նշված երեւույթին տրված նոր արժեքային գնահատմամբ։ Այսինքն, կատարված փոփոխությունը ձեւական (կամ տեխնիկական) բնույթ է կրում, եւ արարքը շարունակում է հանցավոր ու պատժելի լինել նաեւ նոր փոփոխված քրեական օրենսդրության պայմաններում։

Անդրադառնալով քննարկվող արարքի դեպքում ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորությանը՝ Վճռաբեկ դատարանը փաստել է, որ երկու կամ ավելի անձանց սպանության նկատմամբ օրենսդիրն իր պատժողական քաղաքականությունը չի փոխել՝ առավել եւս՝ մեղմացման առումով, ինչի մասին վկայում է նաեւ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 7-րդ մասի կարգավորումը, ուստի կատարված փոփոխությունները՝ ցմահ ազատազրկում պատժատեսակը նշանակելու հնարավորության առումով, որեւէ կերպ չեն բարելավել կամ վատթարացրել անձի վիճակը եւ թե՛ նախկին, թե՛ գործող քրեական օրենսգրքերը թույլ են տալիս նշված արարքի դեպքում նշանակել ցմահ ազատազրկում պատժատեսակը։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930