Լրահոս
Օրվա լրահոսը

Զրոյական կետ` չդադարող պարտություններով

Հունիս 29,2024 12:00

Պաշտոնական Երեւանն արձանագրում է, որ Ռուսաստանը խլել է մեր ձեռքից Արցախը, տվել` Ադրբեջանին, բայց հիմա որեւէ խնդիր չի տեսնո՞ւմ, երբ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է շարունակական պարտություններ

«Առանց Ռուսաստանի թույլտվության՝ պատերազմ տեղի չէր ունենա», սա պաշտոնական Երեւանի գնահատականն է, որը տարիներ շարունակ հնչել է նաեւ փորձագիտական մակարդակով, քաղաքական տարբեր գործիչների շուրթերից:

«Սա է տեղի ունեցել, երբ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից։ Ռուսաստանը եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել է Ադրբեջանին, հետո հետ գնացել, սա է ամբողջ իրականությունը։ Ես պնդում եմ՝ Ռուսաստանը վերցրել է Լեռնային Ղարաբաղը», – լրագրողների հետ ճեպազրույցում օրերս հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, շեշտելով՝ «այդ ժամանակ մենք ամբողջովին կախված էինք Ռուսաստանից»։ Խոսելով արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը նկատել է. «Երբ Հայաստանն ամբողջությամբ կախված էր Ռուսաստանից, պատերազմ չե՞նք ունեցել՝ ունեցել ենք։ Եկեք արձանագրենք, որ մինչեւ այս գոյություն ունեցող իրավիճակի պատճառով ենք մենք հայտնվել պատերազմում, մենք փորձել ենք այս փոփոխություններով կայունություն բերել ու համոզված ենք, որ այս փոփոխությունները կայունություն են բերելու»։

Պաշտոնական Մոսկվան անմիջապես արձագանքեց Արմեն Գրիգորյանի հայտարարություններին: Ռուսաստանը Ադրբեջանին չի «փոխանցել» Լեռնային Ղարաբաղը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի խոսքերն այդ մասին բացարձակ սուտ են, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել Է Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Գրիգորի Կարասինը։ Պետք է անդրադառնալ հայ քաղաքական գործիչների ձայնագրություններին եւ ելույթներին, ներառյալ բարձրագույն ղեկավարության։ Այնտեղ այդ հարցերի պատասխաններն արդեն պարունակվելու են։ Այդ գրառումները հայտնի են, թող կարդա, հավելել է նա։

Արմեն Գրիգորյանին եւ Հայաստանի իշխանությանը վիրավորական, հեգնական տոնով պատասխանել է նաեւ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեղադրելով նրանց իրենց պնդումներով սեփական ժողովրդին նվաստացնելու մեջ. «Կարծում եմ, որ գոյություն ունեն իրավիճակներ, որոնք հնարավոր չէ մեկնաբանել, եթե բժշկական կրթություն չունես։ Ես այդ ոլորտում հմտություններ չունեմ, պարզապես այդ ամենին այլ կերպ արձագանքել հնարավոր չէ»։

Մոսկվան հիմա Հայաստանին է համարում հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման մեղավոր, բնականաբար չընդունելով` արդարացված մեղադրանքը, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունների վերելքը, ռազմավարական բնույթի գործընկերության հիմքով արդեն իսկ փլուզվել են Հայ-ռուսական հարաբերությունները: Ահա, մի հերթական թարմ խայթոց` ռուսաստանցի հերթական պաշտոնյայի կողմից: Ռուսաստանի Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչովն օրերս նշել է. «Ռուսաստանը ամբողջապես պատրաստ է բարեկամական եւ դաշնակցային հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, մենք մինչեւ վերջ հավատարիմ ենք մնալու այս գծին, բայց տանգո պարելու համար անհրաժեշտ է երկու հոգի, վերջնական արդյունքը կախված չէ Ռուսաստանից, դա կախված է Հայաստանից, դա կախված է այն բանից, թե որքանով է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գիտակցում Ռուսաստանի նկատմամբ անտագոնիզմի ռիսկերը»: Կոսաչովը միեւնույն ժամանակ հավելել է, որ Հայաստանի մերձեցումն Արեւմուտքի հետ «անպատասխանատու» քայլ է։ Նրա խոսքով՝ «հետխորհրդային տարածքի այլ երկրների օրինակով կարելի է տեսնել, թե ինչի է հանգեցնում Արեւմուտքի հետ մերձեցումը, ուստի Ռուսաստանը Հայաստանի համար նման ճակատագիր չի ցանկանում»։

Պաշտոնական մակարդակով Հայաստան-Ռուսաստան դիվանագիտական փոխհրաձգությունն, այսպիսով, նորանոր դրսեւորումներ է ստանում: Արմեն Գրիգորյանի հայտարարություններում, այսպես ասած, որեւէ նորություն չկա: Արտառոցն այն է, որ պաշտոնական Երեւանը հրապարակային մեղադրում է Ռուսաստանին նրանում, որ` «եկել, մեր ձեռքից վերցրել է Լեռնային Ղարաբաղը», մինչդեռ այդ դեպքում կարող են ծագել մի շարք այլ հարցեր:

Ինչո՞ւ է պաշտոնական Երեւանն, ուրեմն, մասնակցել այդ դավադրությանը, 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրելով չարաբաստիկ եռակողմ փաստաթուղթը, որն, ինչպես Պուտինը մի օր խոստովանեց` «ինքն է անձամբ գրել»:

Ինչո՞ւ Հայաստանը թույլ տվեց, որ իրականանան Բաքվի, Անկարայի ու Մոսկվայի ծրագրերը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի գործունեությունը կամաց-կամաց զրոյականի հասցնելու հարցում:

Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը` «մեր ձեռքին գտնվող Լեռնային Ղարաբաղի» իրավունքների պաշտպանության հարցը հանեց կարգավորման գործընթացից, ընդհանրապես, միջազգային օրակարգից, ու առհասարակ, ինքնորոշման իրավունքը` որպես սկզբունք, մոռացության մատնեց:

Ինչո՞ւ է պաշտոնական Երեւանը ամեն օր տեսնելով Բաքվի ապակառուցողական հայտարարություններն ու դիրքորոշումը` շարունակում Բաքվին բերել «կառուցողական» դաշտ: Վերջերս, օրինակ, հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է Բաքվին հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձեւավորել։ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից տեղեկանում էինք. «Հայաստանի վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկում է մեկնարկել նշված մեխանիզմի գործնականացման աշխատանքները»:

Այս «առաջարկից» ընդամենը մի քանի օր անց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել էր ՌԴ ԱԳ նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւին, որի հետ քննարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ գործընթացի ներկա իրավիճակը եւ հեռանկարները: Ահա, Բայրամովը տեղեկացրել է խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցային գործընթացի մասին, հայտնելով, թե` «Հայաստանի սահմանադրությամբ եւ այլ օրենսդրական ակտերով Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ շարունակվող պահանջները գործընթացի հիմնական խոչընդոտն են»։

Ինչո՞ւ է այսօր Ադրբեջանը Հայաստանի Մայր օրենքի փոփոխությունը խաղաղության հասնելու նախապայման համարում: Պաշտոնական Բաքուն արդեն ավելի քան կես տարի է՝ պահանջում է Հայաստանից փոխել Սահմանադրությունը, ընդգծելով, թե առանց դրա խաղաղության պայմանագրի կնքումն ուղղակի անհնար կլինի։

Այսինքն, պաշտոնական Երեւանն արձանագրում է, որ Ռուսաստանը խլել է մեր ձեռքից Արցախը, տվել` Ադրբեջանին, բայց հիմա որեւէ խնդիր չի տեսնո՞ւմ, երբ Ադրբեջանը Հայաստանին պարտադրում է շարունակական պարտություններ` հարաբերական խաղաղության պայմաններում:

Թե՞ մի օր էլ այս ամենի մեղավորը կարելի է դարձյալ մատնանշել Ռուսաստանին ու ասել` «բայց մենք ի՞նչ կարող էինք անել…»:

Իսկ ո՞րն է Հայաստանի իշխանության առաքելությունը, պարտավորությունը, պարտականությունը` Հայաստան պետության գոյությունը պաշտպանելու, Հայաստանի խնդիրները նվազեցնելու, լուծելու, կարգավորելու հարցում:

Ու ընդհանրապես, որո՞նք էին Հայաստանի իշխանությունների պարտավորություններն Արցախի ու արցախահայության նկատմամբ…

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 28.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «ՀՀ-ն ԼՂ ժողովրդի ճակատագիրը չի կարող որոշել:»
    Նիկոլ Փաշինյան
    25 հուլիսի 2023 թ.

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930