Էմմա Բեգիջանյան
ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ
Կարդացեք նաև
Նախքան նախագահական ընտրությունների բուն թեմային անցնելը հպանցիկ անդրադառնանք Իրանի իսլամական համակարգում նախագահի դերին ու տեղին։ ԻԻՀ-ի Սահմանադրության 113-րդ հոդվածի համաձայն՝ առաջնորդից հետո նախագահը երկրի երկրորդ դեմքն է, պատասխանատու է Սահմանադրության իրականացման համար և գործադիր իշխանության ղեկավարն է, բացառությամբ այն հարցերի, որոնք ուղղակիորեն վերաբերում են Առաջնորդին։ Նախագահն ընտրվում է 4 տարի ժամկետով, ընտրողների ձայների պարզ մեծամասնությամբ և իրավունք ունի ընտրվելու ևս մեկ ժամկետով։ Ընտրվելուց հետո նա երկրի նախագահն է համարվում Սահմանադրության 110-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն, այն է՝ առաջնորդի հաստատմամբ ու հրամանագրով։ Նույն հոդվածի առաջին կետի համաձայն՝ պետության ընդհանուր քաղաքականությունը որոշում է առաջնորդը՝ Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ասամբլեայի (այսուհետ՝ ՀՆԲԱ) հետ, որի անդամներին խորհրդակցելուց հետո հենց ինքն է նշանակում։ Սա նշանակում է, որ երկրի ներքին ու արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները որոշում է առաջնորդը։ Թերևս հենց այդ հանգամանքով էր պայմանավորված նախագահի զոհվելու առնչությամբ առաջնորդի խոսքը, որտեղ նա շեշտեց, թե որևէ զգալի տեղաշարժ, փոփոխություն տեղի չի ունենալու, ամեն ինչ ընթանալու է իր բնական հունով։ Ավելացնենք, որ դա առավել քան ակնհայտ է, մանավանդ որ հանգուցյալ Ռայիսին լիովին իրականացնում էր առաջնորդի ցուցումները։
Ընդհանուր առմամբ ԻԻՀ նախագահի լիազորությունները մեծ չեն, հաշվի առնելով, որ երկրի արտաքին և ներքին քաղաքականության գլխավոր ուղղությունների որոշումը հեղափոխության առաջնորդի լիազորություններից է: Ավելին, նախկին նախագահներից ոմանք իրենց նախընտրական խոստումները չկատարելը հենց լիազորությունների պակասով են պատճառաբանում։ Իսկ որոշ վերլուծաբանների ու քաղաքական գործիչների կարծիքով` նախագահի լիազորություններն իշխանության 20 տոկոսն են կազմում: Այսուհանդերձ հենց այդ սահմաններում էլ նա շատ բան կարող է անել:
Խոսելով երկրի արտաքին քաղաքականություն մեջ նախագահի դերի մասին՝ նշենք, որ Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից ու այդ երկրում կառավարման իսլամական համակարգ հաստատվելուց հետո հիմնովին փոփոխության ենթարկվեց նաև արտաքին քաղաքականությունը։ Այս ոլորտում 1-2 տարվա ընթացքում ձևավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք առ այսօր Իրանի արտաքին քաղաքականության հիմնասյուներն են, և ուղղակիորեն ու անուղղակիորեն իրենց արտացոլումն են գտել երկրի Սահմանադրության մեջ։ Դրանք են «ո՛չ արևելք, ո՛չ արևմուտք»-ի, հակաիմպերիալիստականության, հակաիսրայելականության և հեղափոխության «արտահանման» սկզբունքները։ Բացի դրանից, ինչպես նշվեց, ներքին ու արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունները որոշում է երկրի ռազմաքաղաքական առաջին դեմք հանդիսացող հեղափոխության առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին։ Վերլուծաբանները հենց այս հանգամանքը հաշվի առնելով, նշում են, որ նախագահի դիրքորոշմամբ արտաքին քաղաքականության հայեցակարգում զգալի շեղումներ ու փոփոխություններ տեղի չեն ունենա։ Սակայն իրականում նշյալ սկզբունքների կիրառման դրսևորումներն ԻԻՀ-ի արտաքին քաղաքականությունում մեծ մասամբ պայմանավորված են նաև գործադիր իշխանության ղեկավարի քաղաքական հայացքներով ու դիրքորոշումներով: Հանգամանք, ինչի պատճառով երկրի արտաքին քաղաքականությունը երբեմն կտրուկ ու անգամ շրջադարձային փոփոխությունների է ենթարկվում։ Դա է վկայում իրան-իրաքյան պատերազմից հետո 5 նախագահների վարած արտաքին քաղաքականության համեմատությունն անգամ այն դեպքում, եթե նախագահի թեկնածուները ևս ընդհանուր առմամբ արժանանում են առաջնորդի համաձայնությանը։
***
Եվ ահա, երկրում ստեղծված պայմաններում նախագահական ընտրությունների գործընթացը թևակոխեց իրականացման փուլ՝ ՆԳ նախարար Ահմադ Վահիդիի հայտարարությամբ․ 2024թ․ մայիսի 30-ին սկսվեց թեկնածուների գրանցումը և ավարտվեց հունիսի 3-ին։ Հաշվի առնելով, որ կառավարությունը ևս պահպանողական է, թեկնածուները գրանցվել են 2020թ․ դեկտեմբերին ՍՊԽ-ի հաստատած նոր օրենքով՝ ի տարբերություն 2021թ․ ընտրությունների, երբ ՆԳ նախարարությունը գրանցել էր Սահամանադրության պահանջների համաձայն։ Փաստորեն, որոշ չափով անտեսվել է ՍՊԽ-ի հաստատած վիճահարույց օրենքը, որով, ինչպես արդեն նշվել է, նախագահի թեկնածու առաջադրվելու պայմանները ավելի էին բարդացել։ Այնուամենայնիվ, նախորդ ընտրությունների համեմատ գրանցված թեկնածուների քանակն ավելի քան 80 տոկոսով կրճատվել էր՝ կազմելով 592 մարդ։ Սակայն ՍՊԽ-ն հայտարարեց, որ ՆԳ նախարարությունում գրանցվածներից միայն 40-ն էին ներկայացրել այն փաստաթղթերը, որոնք պահանջվել էին նոր օրենքով, ուստի միայն հենց նրանց համապատասխանության հարցն է ուսումնասիրվելու։ Ինչպես նշվել է, ՍՊԽ-ն հաստատել էր 7 թեկնածուի համապատասխանությունը, ընդ որում, 5-ը՝ պահպանողական, մեկը՝ չափավորական և մեկն էլ բարենորոգչական հոսանքին հարող, բայց՝ անկախ թեկնածու, որի հանդեպ բարենորոգչական ճակատը որոշում չէր ընդունել։
Նախագահական 14-րդ ընտրություններում ՆԳ նախարարությունում գրանցվել էր 84 թեկնածու, 4-ը՝ իգական սեռի ներկայացուցիչ, որոնք բոլորն էլ մերժվել են։ Հանգուցյալ Ռայիսիի կառավարության անդամներից առաջադրվել էր 6-ը, սակայն միայն մեկի՝ (փոխնախագահ), նահատակների ու նվիրյալների հարցերի հիմնադրամի տնօրեն Ամիր Հոսեյն Ղազիզադեհ Հաշեմիի համապատասխանությունն է հաստատվել։ Հավելենք, որ կառավարության կազմից ընդհանրապես ընտրվելու առավել մեծ հնարավորություն էր վերապահվում Ռայիսիի առաջին տեղակալ Մոխբերին։ Նման տեսակետ էին հայտնել վերլուծաբաններն ու քաղաքական գործիչները` նկատի ունենալով վերջինիս անցած ուղին և քաղաքական դաշտում նրա գործունեությունը։ Սակայն, նա ի սկզբանե հայտարարեց, որ մտադրություն չունի որպես թեկնածու մասնակցելու ընտրություններին։ Իսկ ավելի ուշ նա իր չառաջադրվելը պատճառաբանեց ստանձնած պարտականություններով և դրանցով ծանրաբեռնվածությամբ։ Օրենքով նախատեսված ժամկետում ՍՊԽ-ն հաստատեց 6 թեկնածուի համապատասխանությունը, որոնցից 5-ը նոր և ավանդական պահպանողականներ են, մեկը՝ բարենորոգիչ, ինչը թերևս ընտրությունների անակնկալն է, այն առումով, որ նա հովանավորվում է նշյալ հոսանքի կողմից, այլապես նախորդ անգամ ևս անկախ բարենորոգիչ թեկնածու կար։ Բոլորն էլ «ստաժավոր» թեկնածուներ են, յուրաքանչյուրն առաջադրվել է 2-3 անգամ։
Ովքե՞ր են ֆավորիտները
Չափավոր բարենորոգչական հայացքներով Մաասուդ Փեզեշքյանի՝ ՍՊԽ-ից «անցագիր» ստանալը շոկային էր քաղաքական ուժերի, վերլուծաբանների, մի խոսքով՝ բոլորի համար ոչ միայն այն պատճառով, որ նա վայելում է Բարենորգչական ճակատի հովանավորումը, այլև համաթյուրքական, երկրում կառավարման Ֆեդերալ կարգեր հաստատելու հակումներ ունենալու պատճառով։ Շոկային էր նրա՝ հենց միայն դաշնության կողմնակից լինելու հանգամանքով, ինչը դիտվում է որպես անջատողականություն, և նրա թեկնածությունը կարող էր մերժվել։ Ահա թե ինչու ՍՊԽ-ի նման ընտրությունը լուրջ ու տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել։ Միաժամանակ մեծ թվով վերլուծաբաններ նշում են, որ դա խթան կհանդիսանա ընտրազանգվածի ակտիվացման համար՝ ի տարբերություն վերջին նախագահական ու խորհրդարանական ընտրությունների, որտեղ այս առումով գործադրված բոլոր ջանքերով հանդերձ ցանկալի արդյունք չարձանագրվեց։ Հիշյալ երկու ընտրությունների հարցում Իրանի բարձրագույն ղեկավարությանը խիստ մտահոգում էր ընտրազանգվածի պասիվության խնդիրը, ինչը մի շարք հանգամանքներով պայմանավորված, կարելի է ասել, վերածվել է գերնպատակի, դարձել ընտրությունների հարցերի հարցը։ Առաջնորդը, տարբեր առիթներով դիմելով ընտրողներին, խրախուսում էր նրանց մասնակցությունը՝ համարելով դա կրոնական պարտականություն, սակայն ի վերջո արձանագրվեց ԻԻՀ-ի ընտրությունների պատմության մեջ նվազագույն մասնակցություն։
Բարենորոգչական ճակատը, որը ձևավորվել է հոսանքին հարող տարբեր կազմակերպություններից, ընդ որում, որոշները՝ արմատական, որոշներն էլ չափավորական կողմնորոշումով, հայտարարել էր, որ հովանավորելու է նախկին նախագահ Ռոհանիի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, Աբբաս Ահմադ Ախոնդիի և Մաասուդ Փեզեշքյանի թեկնածությունը, ինչպես և՝ չափավոր պահպանողական խորհրդարանի նախկին խոսնակ, հեղափոխության առաջնորդի խորհրդական, ՎՇԲԱ-ի անդամ Ալի Լարիջանիի թեկնածությունը, և քարոզարշավում ակտիվ գործունություն է ծավալելու ընտրազանգվածի ակտիվացման ուղղությամբ, եթե հիշյալներից որևէ մեկի թեկնածությունը ՍՊԽ-ն հաստատի։ Բայց և այնպես բարենորոգիչների նախընտրելի թեկնածուն Աբբաս Ահմադ Ախոնդին էր, որը Հասան Ռոհանիի նախագահության երկու ժամկետում էլ զբաղեցրել էր քաղաքաշինության ու ճանապարհաշինության նախարարի աթոռը։ Նա ազգայնական հակումներով բարենորոգչական է, ավարտել է Թեհրանի համալսարանի տեխնիկան ֆակուլտետը, այնուհետև քաղաքատնտեսություն է սովորել Մեծ Բրիտանիայի Royal Holloway, University of London համալսարանում և պաշտպանել դոկտորական ատենախոսություն։ Նա ազատական տնտեսության կողմնակից է, դասախոսել ու դասախոսում է Իրանի տարբեր համալսարաններում։ Նման տվյալներով առաջադրված թեկնածուի հաստատվելու հավանականությունը մեծ էր, հաշվի առնելով նրա անհատականությունն ու ազգային հակվածությունը, ինչն այսօր ԻԻՀ-ում վերելք է ապրում։ Սակայն նշյալ և ազատական տնտեսության կողմնակից լինելու հանգամանքներն ընտրվելու դեպքում կարող էին խնդիրներ առաջացնել ոչ միայն պահպանողական խորհրդարանի, այլև առաջնորդության հետ։ Հետևաբար, նպատակահարմար թեկնածու չէր լինի վարչակարգի համար։ Մյուս կողմից, հաշվի առնելով նախորդ փորձերը, երբ երկրի ողջ ղեկավարության գործադրած բուռն ջանքերը ի զորու չեղան ընտրազանգվածին ակտիվացնելու առումով՝ ցանկալի արդյունք արձանագրելու համար, բացառված չէ, որ ՍՊԽ-ն այդ նպատակով որոշել էր բարենորոգիչների հովանավորությունը վայելող գոնե մի թեկնածուի «անցագիր» տրամադրել, ինչն ըստ երևույթին, այդ առումով ճիշտ քայլ էր։ Դա են վկայում առաջին արձագանքները։
Բարենորոգիչների երկրորդ ֆավորիտը չափավոր բարենորոգչական հայացքներով Էսհաղ Ջահանգիրին էր, բայց նա էլ չէր համապատասխանում պահպանողականների համար ձեռնտու նվազագույն տանելի չափանիշներին։ Մտավախություն կար, որ նա շարունակելու է Ռոհանիի քաղաքականությունը, որին այսօրվա իշխանությունները մեղադրում են բոլոր անհաջողությունների համար, այլ խոսքով՝ նախկին է։ Ջահանգիրին ծնվել 1957թ․ Քերման Նահանգի Բաֆթ քաղաքում, ավարտել Քերմանի համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, հետագայում շարունակելով ուսումը, ատենախոսություն է պաշտպանել արտադրության կառավարում մասնագիտությամբ։ Նա եղել է խորհրդարանի առաջին և երկրորդ գումարումների պատգամավոր։ 1992-97թթ․ եղել է Սպահան նահանգապետ, այնուհետև՝ 1997-2000թ․, հանքերի ու մետաղների նախարար։ 2013-2021թթ․ Ռոհանիի նախագահության օրոք եղել է առաջին փոխնախագահ։
Ջահանգիրին առաջին անգամ 2017թ․-ին է մասնակցել նախագահական ընտրություններին, թեկնածությունը հաստատվել էր, սակայն նրա առաջադրումը գնահատվեց որպես Ռոհանիին աջակցության քայլ։ Ապա նա առաջադրվել է 2021թ․-ին, բայց ՍՊԽ-ն նրա թեկնածությունը չի հաստատել, ինչպես և 2024թ․ ընտրություններում։ Ջահանգիրն էլ պահպանողականների համար ձեռնտու թեկնածու չէր․ կարծիք կար, որ նա շարունակելու է Ռոհանիի քաղաքականությունը, ինչը ամենաշատն է քննադատվում, իսկ վերջինիս մեղադրում են երկրում բոլոր անհաջողությունների, սոցիալ-տնտեսական ծանր վիճակի համար։
Ալի Լարիջանին էլ երկրորդ անգամ «անցագիր» չստացավ, ըստ երևույթին՝ հաշվի առնելով, որ բարենորոգիչները ևս հովանավորելու էին նրան, այլ կերպ՝ հաջողության համար լուրջ շանսեր ուներ։ Իսկ եթե ընտրվեր, նրա ձևավորած կառավարությունն ու վարած քաղաքականությունը, բնականաբար կրկին չափավոր պահպանողական Ռոհանիի օրինակով՝ համակարգի համար գլխացավանք կլիներ։
Փաստորեն ընտրություններն աշխուժացնելու ու որոշ չափով ընտրազանգվածին ակտիվացնելու առումով ամենանպատակահարմար թեկնածուն Մաասուդ Փեզեշքյանն է։ Միաժամանակ, նկատի ունենալով որոշ հանգամանքներ, ի տարբերություն շատերի, կարծում ենք, որ նրա ընտրվելու հավանականությունը բնավ էլ մեծ չէ։ Անգամ եթե նրա ընտրվելը չբացառենք էլ, նա հազիվ թե լուրջ խնդիրներ ունենա առաջնորդության հետ՝ առնվազն վերջինիս հանդեպ երախտագիտությամբ պայմանավորված։ Ինչպես Փեզեշքյանն է հայտարարել, եթե առաջնորդը չերաշխավորեր, բացառվում էր, որ ՍՊԽ-ն իր թեկնածությունը հաստատեր, քանի որ մի շարք պատճառներով արդեն որոշել էր մերժել[1]։ Խոսքը մարտի 3-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին է, երբ սկզբում իսլամական հանրապետության հանդեպ անհավատարմության պատճառաբանությամբ չէր հաստատվել նրա թեկնածությունը, և նա «անցագիր» ստացավ միայն առաջնորդի միջամտությամբ։ Իսկ եթե խորհրդարանական ընտրություններում մերժված լիներ, ապա հազիվ թե այժմ ՍՊԽ-ն հաստատեր նրա համապատասխանությունը։
Մաասուդ Փեզեշքյան
Մաասուդ Փեզեշքյանը ծնվել է 1954թ․, Արևմտյան Ադրբեջան նահանգի (օստան) Մահաբադ քաղաքում։ 1976թ․ ընդունվել է Թավրիզի բժշկական համալսարան, այն ավարտել է 1985-ին, ապա մասնագիտացել է որպես սրտանոթային վիրաբույժ։ 1994-2000թթ․ եղել է Թավրիզի բժշկական համալսարանի ռեկտոր։ 1994թ․ ավտովթարի հետևանքով կորցրել է կնոջն ու զավակներից մեկին ու այլևս չի ամուսնացել։
Նա 2021թ․ նախագահական ընտրություններում ևս գրանցվել է որպես նախագահի թեկնածու, սակայն ՍՊԽ-ն չի հաստատել։ Փեզեշքյանը 2013թ. նախագահական ընտրություններում նույնպես գրանցվել էր, սակայն հրաժարվեց շարունակել ընտրապայքարը, իր խոսքերով՝ հօգուտ Ռաֆսանջանիի։
Խաթամիի նախագահության առաջին ժամկետում նա եղել է առողջապահության ու բժշկական կրթության փոխնախարար, իսկ երկրորդում՝ նախարար։
2005թ․, երբ նախագահ ընտրվեց Ահմադինեժադը, նա երկու տարով հեռացավ քաղաքական ասպարեզից, բայց 2007թ․՝ առաջադրվելով Թավրիզից, մասնակցեց խորհրդարանի 8-րդ գումարման ընտրություններին և ընտրվեց։ Հետագայում ընտրվել է 9-րդ, 10-րդ, 11-րդ, այժմ էլ 12-րդ գումարումների պատգամավոր, և, ինչպես նշվեց, շնորհիվ առաջնորդի միջնորդության։
Նա բարենորոգիչ է, բայց ազգությունների հատկանիշով երկրում դաշնային համակարգ հաստատելու ու նաև ակնհայտ համաթյուրքական հայացքներ ունի։ Խորհրդարանում նրա ունեցած ելույթներում այս հանգամանքին անդրադառնալու մասին «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում տարբեր առիթներով գրել է նաև տողերիս հեղինակը։ Այժմ էլ վերլուծաբանները, բլոգերները տեսանյութեր են դնում շրջանառության մեջ՝ փաստերով ապացուցելով դա։ Ուշագրավ տեսանյութերից մեկում լրագրողը հարցազրույցի ընթացքում մատնանշում է իրենց բնօրրանում հայերի հանդեպ թուրքերի վերաբերմունքը։ Նա ցանկանում է ասել, որ Իրանի ադրբեջանցիները թրքախոս են, բայց թուրք չեն։ Լրագրողը հարց է տալիս նրա անջատողական ու համաթյուրքական ելույթների մասին՝ անդրադառնալով նաև Թուրքիայում Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ մինչ Իրանի թուրքախոս նահանգներում հայերն իրանցիների հետ դարերով կողքկողքի, բարեկամաբար, հաշտ ու խաղաղ ապրել են, դա ակնհայտորեն դուր չի գալիս Փեզեշքյանին[2]։
Վերջինս ՆԳ նախարարությունում գրանցվելուց հետո իրեն ընձեռնված 5 րոպե ելույթի ընթացքում հայտարարել է, որ գալիս է ընտրություններն աշխուժացնելու, ինչն ակնհայտ է դարձել հենց հաստատված անունները հայտարարելու պահից ի վեր։ Նախ անսպասելիությունից շատերը շոկի մեջ էին, ապա վիրտուալ աշխարում մեծ իրարանցում սկսվեց․ շատերը նրան ընտրությունների հաղթող հռչակեցին։ Ոմանք, մասնավորապես՝ արտերկրում գտնվող՝ ընդդիմադիր հայացքներով վերլուծաբանները, երկար-բարակ վերլուծություններով, որոնք ավելի շուտ սոփեստություն են հիշեցնում, հայտարարեցին, թե իշխանության, ինչպես ընդունված է ասել՝ «կարծր միջուկը» վերացրել է նախագահ Ռայիսիին՝ Փեզեշքյանին բերելու նպատակով[3], որպեսզի ներքին ու արտաքին քաղաքականության ուղղությունը փոխելու անհաջողությունների մեղքը բարենորոգիչների վրա բարդեն։ Սա երևի ուղղաթիռի վթարի վարկածներից ամենաանհեթեթն է։ Քանի որ դա կարելի էր իրականացնել շատ հանգիստ, անգամ՝ 2-3 ամիս առաջ, խորհրդարանի 12-րդ գումարման ընտրություններին մեծ թվով բարենորոգիչների թեկնածությունը հաստատելով, մանավանդ որ դրանով կարող էին և՛ ընտրազանգված ապահովել, և՛ ավելի օրինական դարձնել ընտրությունները, և այդ դեպքում սուր քննադատությունների թիրախ էլ չէին դառնա։ Ապա կակտիվացնեին ընտրազանգվածին, ինչը նրանց չհաջողվեց անգամ մեծ ջանքերի գնով։ Կամ էլ հաջորդ նախագահական ընտրություններում շուրջ 10 ամիս հետո կընտրեին նպատակահարմար նախագահ։
Բարենորոգչական թևի կարկառուն դեմքերը, մեկը մյուսի հետևից հանդիպելով Փեզեշքյանի հետ, հայտարարեցին, թե հովանավորելու են նրան։ Իսկ այս հոսանքին հարող ԶԼՄ-ները ջանք ու եռանդ չեն խնայում նրան փրկիչի դեր վերագրել, մինչդեռ նա շեշտել է, որ մեծ փոփոխություններ չակնկալեն իրենից։ Բացի դրանից՝ նա հաճախ հղում է անում առաջնորդին և նշում, որ երկիրը կառավարելու համար առկա է առաջնորդի հաստատած գլոբալ քաղաքականության ծրագիր, որով էլ առաջ է շարժվելու։
Նշենք, որ պահպանողականներն են իրենց անվանում սկզբունքային՝ պատճառաբանելով, որ ի տարբերություն բարենորոգիչերի, իրենք հավատարիմ են հեղափոխության արժեհամակարգին։ Փեզեշքյանը ևս իրեն հռչակել է սկզբունքային, ապա բացատրել, որ ինքն այդպիսին է, քանի որ ունի երկու հիմնական սկզբունք՝ իրավունք և արդարություն։
Թեև Փեզեշքյանի առաջին հեռուստաելույթից հետո լուրջ փոփոխությունների խոստումներ ակնկալողները դժգոհեցին ու քննադատեցին նրան, բայց բարենորոգիչների քարոզարշավը շարունակվում է ողջ ուժգնությամբ։ ԶԼՄ-ները բնավ չխոսելով նրա համաթյուրքական կողմնորոշման ու երկրում դաշնային կարգերի կողմնակից լինելու մասին, չափազանցելով նրա դրական կողմերը, օր ու գիշեր աշխատում են համոզել, որ հենց նա է հաղթողը։ Նրա հաջողությանը հավատացողները շեշտում են, որ նրա օգտին կքվեարկեն բժիշկները, թուրքալեզու նահանգները, սունիներն ու այլ ազգություններ՝ բելուջներ, քրդեդեր, արաբներ, որոնց զգալի հատվածը սունի է, ինչպես և բարենորոգչական հոսանքին հարողները։ Թվում է՝ փաստերը համոզիչ են, բայց դրանք կարող են ընդամենը մասամբ համապատասխանել իրականությանը։ Անգամ թրքախոս նահանգերի և թվարկած ազգությունների միայն մի մասը կարող է քվեարակել նրա օգտին։ Ազգայնական հակում ունեցողներն ամենայն հավանականությամբ նրա օգտին չեն քվեարկելու։ Ավելին, նրան խիստ քննադատողներից շատերը հենց թուրքախոս նահանգներից են․ ահավասիկ «@tahlilplus-ի» (վերլուծություն պլյուս) հեղինակը խիստ ընդգծված ադրբեջանական ակցենտով է խոսում, սակայն ազգայնական է ու խստիվ քննադատում է Փեզեշքյանին, սակայն վերջինս պարսկերեն խոսում է առանց ակցենտի։ Բացի դրանից, եթե նա 2007թ․ խորհրդարանի ընտրություններում ընտրվել էր 105639 ձայնով, ապա 2024թ․ ավելի քիչ՝ 95993-ով, մինչդեռ առաջադրվել էր նույն նահանգից։
Հատկանշական է նաև, որ նա ձգտում է ցույց չտալ՝ թաքցնել իր նման հակումները։ Նա, ի պատասխան X սոցցանցի օգտատիրոջ հարցին՝ Իրանի համար դաշնային (ֆեդերալիզմի) կարգերի հանդեպ հավա՞տ է տածում, թե՝ ոչ, ընդգծել է՝ դեմ է ամեն գաղափարի, որը կհարվածի Իրանի տարածքային ամբողջականությանը[4]։ Իսկ ինչ վերաբերում է թյուրքական կողմնորոշմանը, ապա նա հունիսի 17-ին «Բդուն-ե Թարոֆ» փոդքասթին (առանց հաճոյախոսության) հարցազրույց է տվել, որտեղ լրագրողի հարցին՝ արդյո՞ք դուք ցեղապաշտ եք[5], պատասխանել է․ «Եթե ցեղապաշտ լինեի, մահվան պատրաստ չէի գնա ռազմաճակատ, եթե ցեղապաշտ լինեի, այսօր չէի ասի, որ բոլորն իրավունք ունեն, բոլորի խնդիրները պետք է լուծել ․․․․[6]»։ Թեև տրված պատասխանը համոզիչ չէ, սակայն նա նախագահի թեկնածու է, և նման պատասխանը սպասելի էր։ Ավելին, նրա որդին՝ Յուսեֆ Փեզեշքյանը, որով նա հպարտանում է, իր թվիթերյան էջում դեռևս 2021թ․ նոյեբերի 10-ին գրել է, որ անջատողականությունն իրավունք է: Հավելելով, որ թրքախոս նահանգներում բարենորոգիչներ ու պահպանողականներ խոսույթը (դիսկուրս), մեղմ ասած, այլևս օրակարգում չէ, իսկ գլխավոր խոսույթը ցեղապաշտական պահանջներն են։ Նա այդ իրավունքը նաև այլ ազգությունների իրավունքն է համարում[7]։ Թեև Փեզեշքյանը և իրեն հովանավորող բարենորոգիչերը ձգտում են քարոզչական օրակարգից դուրս թողնել այդ թեմաները, սակայն իրանցիներին ուղղված Փեզեշքյանի հայտարարությունում, որտեղ նա ներկայացրել է իր ծրագրերն ու ռազմավարությունները, դարձյալ առյուծի բաժինը վերաբերում է ազգություններին։ Ահա, թե ինչու որոշ ԶԼՄ-ներ այն իրավամբ վերնագրել են «Փեզեշքյանի հայտարարությունը երկրամասերի, ազգությունների, կրոնների ու կրոնական ուղղությունների մասին[8]»։ Հայտարարության մեջ, իրանցիներին դիմելով «Իրանի ազնիվ ժողովուրդ» ձևակերպմամբ, նա նշել է․ «Մեր Իրանը՝ այն պատմական քաղաքակրթության ու մշակույթի երկիրը, որ մեր նախնիները որպես թանկարժեք ժառանգություն մեզ են թողել, այսօր հայտնվել է տնտեսական, քաղաքական, հասարակական, նաև միջազգային ու մշակութային ոլորտներում բարդ ու խրթին հարցերի առջև։ Սակայն դրանք չեն կարող հանգուցալուծվել առանց երկրի բոլոր քաղաքացիների մասնակցության ու աջակցության»[9]։ Նա շեշտել է, որ իրեն մշտապես մտահոգել է նաև այն, որ թուրքմեն, բելուջ ու քուրդ անհատականությունները, կրոնի տարբերության պատճառով, զրկվում են իրանցուն վայել իրենց տեղից ու դերից։ Մանավանդ, երբ նա նույն պահին հիշում է, որ հենց նրանք են եղել սիրելի Իրանի մշակույթի ու քաղաքակրթության առաջամարտիկները, բայց ազգային ավանդույթների ու կրոնի վերաբերյալ որոշ տարրերի անուշադրության պատճառով նրանք զրկվել են իրենց իրավունքներից։ Շարունակելով այդ թեման՝ նա նաև ակնարկել է հայերի ու ասորիների մասին, նրանց համարելով հավատացյալ ու աշխատասեր։
Բավական երկար նախաբանից հետո նա իր ծրագիրն է շարադրել 11 կետով, որոնցից 7-ը վերաբերում է ազգություններին և կրոններին․ խոսքը գլխավորապես վերաբերվում է սունի ուղղությանը։ Այս առնչությամբ նշենք, որ անգամ սահմանադրությամբ որոշ պաշտոններ կարող են զբաղեցնել միայն շիա ուղղության հետևորդները։
Օրինակ, 2-րդ կետում նշվել է, որ յուրաքանչյուր իրանցի պետք է ուշադրության արժանանա քաղաքացիական իրավունքների ու մասնագիտական հմտությունների հիմքով և ոչ թե կրոնական ու լեզվական տարբերություններով։ 3-րդ կետում կարևորվում է ազգությունների ու կրոնական տարբեր ուղղությունների միջև մշակույթի ու արվեստի երկխոսությունը։ Իսկ 8-րդում ընդգծվել է․ «Սոցիալական արդարության ծիրում ընթանալու համար աշխատանքի ընդունվելու, մասնավորապես կառավարման ոլորտում, պետք է ներգրավել երկրի տարբեր ազգությունների ու կրոնական փոքրամասնությունների արժանավոր ընտրանու ներկայացուցիչներին, ինչպես և՝ սունի ընտրանու ներկայացուցիչներին նշանակել կառավարության անդամ և նահանգապետ»[10]։ Ծրագիր, որի դրույթները չեն հակասում սահմանադրությանը, բայց նման ընդգծումները, կարելի է ենթադրել, որ դուր են գալու իշխանության «Կարծր միջուկին»։
Քարոզարշավի շրջանակներում հեռուստատեսությունը տնտեսության, մշակույթի ու արտաքին քաղաքականության թեմաներով 3 «կլոր սեղան» է կազմակերպել, որոնց մասնակցում են ոլորտի փորձառու երեք փորձագետ, և նախագահի թեկնածուները տվյալ ոլորտի իրենց երկուական խորհրդականների հետ։ Նախ 2025 րոպե տրամադրվում է թեկնածուին՝ իր տեսակետները հարցի շուրջ ներկայացնելու համար, որը կարող է լինել թեկնածուի մենախոսություն, կամ էլ ընթանալ խորհրդականների մասնակցությամբ։ Հիմնականում էլ լինում է հենց վերջին տարբերակով։ Կլոր սեղանը տևում է շուրջ 90 րոպե։
Փեզեշքյանը, տնտեսական կլոր սեղանի ընթացքում ներկայացնելով երկրի ներկա անմխիթար վիճակը՝ անտանելի թանկացումները, սղաճի բարձր տոկոսը և այլն, հայտնեց, որ առկա է մասնագետների լուրջ աշխատանքների ջանքերով մշակված և առաջնորդի հաստատած՝ զարգացման 7-րդ հնգամյա ծրագիրը, որը ընթացիկ տարվանից պետք է կյանքի կոչվի։ Ուստի դա պետք է իրականացնել կառավարության տեխնոկրատ, բանիմաց անդամների ու ոլորտների պատասխանատուների աջակցությամբ։ Ըստ նրա՝ դրանով իսկ կձգտեն բարելավել իրավիճակը։ Ապա նրա խորհրդականները փաստեր են ներկայացրել ասվածի վերաբերյալ՝ արձանագրելով տարբեր ոլորտների թերացումները։ Բայց ասել, թե դա ինչ-որ դրական ազդեցություն է թողել ընտրողների վրա՝ ճիշտ չի լինի, եթե չասենք հակառակը։
Արտերկրյա իրանցիների բազմաթիվ բլոգերներ, հեռուստածրագրեր և բարենորգչական հոսանքներ շեշտում են, որ հենց նա է հաղթող թեկնածուն։ Վերջիններս այս ուղղությամբ աննախադեպ ջանքեր են գործադրում Փեզեշքյանին, որի դեմ լուրջ պայքար են մղում պահպանողական թեկնածուները, ներկայացնելու՝ որպես «փրկիչ» ու քվեատուփերից «խռոված» ընտրազանգվածի ցանկալի թեկնածուի, սակայն նրա ընտրվելու հավանականությունը շատ փոքր է։
Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆ
Ավանդական, կարելի է ասել՝ ոչ ծայրաhեղական պահպանողական հայացքներով Մոհամեդ Բաղեր Ղալիբաֆը ծնվել է 1961թ․, Մեշհեդից ոչ հեռու գտնվող Թարղաբե քաղաքում։ Մասնագիտությամբ քաղաքական աշխարհագրագետ է՝ դոկտորի աստիճանով։ Թեհրանի համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի գիտխորհրդի անդամ է։ Գեներալ-գնդապետի աստիճանով եղել է ՀՊԳ-ի օդուժի հրամանատար, քաղաքացիական օդաչուի մասնագիտությունը սովորել է Ֆրանսիայում։ Նա Խաթամիի նախագահության օրոք եղել է Թեհրանի օրինապահ ուժերի հրամանատարը, 2005-2017թթ․ երեք ժամկետով՝ Թեհրանի քաղաքապետ։ 2005թ․ առաջին անգամ է առաջադրվել նախագահի թեկնածու և պարտվել է՝ գրավելով 4-րդ տեղը։ 2013թ․ որպես թեկնածու երկրորդ անգամ է մասնակցել նախագահական ընտրություններին և շուրջ 6 միլիոն ձայնով պարտվել է Հասան Ռոհանիին՝ գարվելով 2-րդ տեղը։ Ղալիբաֆը եղել է խորհրդարանի 11-րդ գումարման խոսնակը, ինչպես
և 12-րդինը, որի ընտրությունները տեղի են ունեցել ընթացիկ տարվա մարտի 3-ին։ Խորհրդարանի առաջին նիստը գումարվել է մայիսի 28-ին, և Ղալիբաֆը 198 ձայնով կրկին օրենքի համաձայն մեկ տարով, ընտրվել է խորհրդարանի խոսնակ, ընդ որում՝ ոչ միայն պահպանողականների ձայներով, այլ՝ անկախ պատգամավորների խմբակցության վճռական ձայների շնորհիվ։ Թեև նա հայտնել էր, որ խոսնակ ընտրվելու դեպքում, որպես թեկնածու չի մասնակցելու նախագահական ընտրություններին, սակայն որոշել է նախագահ դառնալ՝ 4-րդ անգամ բախտը փորձելով և հայտարարելով, որ մի խումբ պատգամավորների պահանջով է առաջադրվել։ Ղալիբաֆը միաժամանակ շարունակում է մնալ ընտրությունները կազմակերպող հանձնախմբի անդամ։ Ինչպես նշվել է, օրենքի համաձայն՝ արտահերթ ընտրությունները կազմակերպում են օրենսդիր, դատական իշխանությունների ղեկավարները և նախագահի պարտականությունները ստանձնած անձը։ Ըստ տարածված լուրերի՝ նա սերտ կապեր ունի առաջնորդության, մասնավորապես առաջնորդի հավանական թեկնածու, առաջնորդի որդի Հոջաթոլէսլամ Մոջթաբա Խամենեիի հետ։ Նա, որպես նախագահի թեկնածու, մասնակցել էր նաև 2021թ․ նախագահական ընտրություններին, սակայն ընտրություններից մեկ շաբաթ առաջ՝ հօգուտ Ռայիսիի դուրս եկավ մրցապայքարից։
Ղալիբաֆը քաղաքական այն գործիչներից է, որի անունը կապված է կոռուպցիոն ավելի քան մեկ տասնյակ աղմկահարույց գործերի հետ։ Սա՝ այն դեպքում, երբ նախագահի թեկնածուի կարևոր հատկանիշներից մեկն անբիծ կենսագրություն ունենալն է։ Սակայն դա բնավ էլ չխանգարեց, որ նա ոչ միայն թեկնածու դառնա, այլև ամենայն հավանականությամբ, հաղթելու է ընտրություններում։ Եթե ընտրվելու հավանականությունը մեծ չլիներ՝ հազիվ թե առաջադրվեր։
Ինչպես ենթադրելի էր, նա, առնվազն մինչև պահպանողակաների ընդհանուր հայտարարի գալը, ինչը, կարելի է ասել քարոզարշավի թերևս 5-րդ օրվանից օրակարգ է մտել, փաստորեն պայքարում էր երկու ճակատով՝ յուրայինների ու բարենորոգիչ Փեզեշքյանի դեմ։ Եթե համեմատելու լինենք նրանց հեռուստատեսային ու տարբեր թեմաներով կլոր սեղաններում ելույթները և այլն, Ղալիբաֆի առավելությունը նկատելի է, որ նա հանդես է գալիս «ծառայության և առաջընթացի կառավարություն» կարգախոսով։ Քարոզարշավի ընթացքում նա խոշոր հաշվով ներկայացնում է իր անելիքները՝ ընդհանուր գծերով, իսկ տարբեր ոլորտների համար լուրջ մշակված ծրագիր ներկայացնելը ժամանակ է պահանջում, ինչը թեկնածուներից բոլորն էլ չեն ունեցել՝ պայմանավորված ընտրությունների արտահերթությամբ։ Առավել ևս՝ Ղալիբաֆը, որ գրանցվել է վերջին օրը։
Մասնակցությունը կրկին ընտրությունների կարևոր հարցերից է։ Սակայն, ըստ ամենայնի, ընտրողների ոչ ակտիվ զանգվածներին, գլխավորապես բարենորոգիչների կողմնակիցներին ու, ինչպես ընդունված է ասել, «գորշ» զանգվածին ակտիվացնելու համար լուրջ դրդապատճառ պետք է դառնար բարենորոգիչների թեկնածուն։ Թեև նրա մուտքը ԶԼՄ-ների ու սոցցաների մակարդակով առաջին օրերին ակնհայտ աշխուժության պատճառ դարձավ, բայց, լինելով հոսանքի ամենաթույլ ներկայացուցիչը, նա առնվազն մինչ այժմ ի զորու չի եղել լուրջ տեղաշարժ առաջացնել։ Մինչդեռ պահպանողական, իշխանամետ ընտրազանգվածը միշտ էլ ակտիվ է և կազմում է, ինչպես տարբեր աղբյուրներ նշում են, առավելապես հասարակության շուրջ 20 տոկոսը, ուստի, որպեսզի ձայները չփոշիանան, անհրաժեշտ է միավորվել։ ՄԻնչդեռ լուրջ մրցակցություն է ընթանում Ղալիբաֆի և Ջալիլի միջև, որը պահպանողական հոսանքի կարևորությամբ երկրորդ թեկնածուն է, և վերլուծաբաններից ոմանք նույնիսկ նշում են, թե նա է հաղթողը։ Այդուհանդերձ, Ղալիբաֆը կոչ է անում, որ պահպանողականները համաձայնության գան մեկ թեկնածուի շուրջ՝ ընդդեմ Փեզեշքյանի, սակայն ներկայումս արձագանքներ չկան։ Նա որքան էլ հզոր պաշտպաներ ունի և կառավարման փորձով էլ գերազանցում է մրցակցին, նույնքան էլ խոցելի է՝ տարբեր պաշտոններում կոռուպցիա, խոսքի ազատությունը արգելակելու քայլեր և այլն։ Ահավասիկ, Ղալիբաֆը մշակույթի թեմայով կլոր սեղանի ժամանակ փորձագետի հարցին, թե վերջերս ձերբակալված լրագրողներին ազատ արձակելու առնչությամբ ի՞նչ քայլեր է ձեռնարկել, նշել է, որ ինքը ոչ մի լրագրողի դեմ չի բողոքել, և նրանց ձերբակալությունը դատախազի պահանջով է եղել։ Նրա այս պատասխանը լրագրողների շրջանակում լուրջ արձագանք է ունեցել։ Բազմաթիվ լրագրողներ հայտարարել են, որ նրանց ձերբակալել են տարբեր կառույցների ղեկավար եղած ժամանակ Ղալիբաֆի ցուցումով, իսկ նրանց մեծ մասը բարենորոգչական հոսանքին հարող լրագրողներ են[11]։ Նա, ունենալով կառավարման օղակներում աշխատանքի առավել մեծ փորձ, կարողանում է քարոզարշավում ձեռքը դնել հասարակությանը հուզող հարցերի վրա։ Նրա քարոզարշավի առանցքային կարգախոսներից են աֆղան փախստականների մուտքն ԻԻՀ արգելելն ու ապօրինի փախստականներին երկրից վտարելը, ինչն արժանացել է բարենորոգիչների քննադատություններին։ «Համ Միհան» օրաթերթը հունիսի 14-ի համարում Ղալիբաֆի նման դիրքորոշումը նմանեցրել է Եվրոպայի աջ ծայրահեղականների «ակցանային» ու օտարատյացության վերաբերմունքին։ Աֆղան փախստականների հարցի առնչությամբ հասարակության մեջ դժգոհություններ կան, անգամ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ երևույթը գնահատելով որպես ազգային անվտանգության համար սպառնալիք։ Այդ իսկ պատճառով Ղալիբաֆի քայլը, ըստ նշյալ օրաթերթի և որոշ փորձագետների, պատեհապաշտություն է։ Նշենք, որ, տարբեր տվյալների համաձայն, մինչև 8 միլիոն աֆղան փախստական կա Իրանում, ընդ որում դրանից միայն 4-5 միլիոնն է օրինական[12]։
Սաաիդ Ջալիլի
Նոր պահպանողական հայացքներով Սաաիդ Ջալիլին նախագահական ընտրություններում պահպանողական թևի ֆավորիտներից է։ Ծնվել է 1965թ․ Մեշհեդում։ Նրա համալսարանական կրթությունը քաղաքագիտությունն է՝ սովորել է Իմամ Սադեղի անվան կրոնական թեքումով համալսարանում։ Նա Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի և ՎՇՏԱ-ի իսկական անդամ է, նախկին Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար։ Այդ ժամանակ ԻԻՀ-ի միջուկային ծրագրերի շուրջ Իրան- 5+1-ի բանակցությունները հանձնարարված էին այդ կառույցին, և նա էր գլխավորում բանակցող թիմը։ Սակայն, փաստորեն, այդ ամենից որևէ արդյունք չարձանագրվեց, ավելին․ դրանց տապալումը հանգեցրեց ԻԻՀ-ի դեմ ՄԱԿ-ի լուրջ սահմանափակումների։
Ջալիլին նախագահական ընտրություններին առաջին անգամ մասնակցել է 2013թ․՝ զբաղեցնելով 3-րդ տեղը Ռոհանիից ու Ղալիբաֆից հետո։ 2017թ․ նախագահական ընտրություններում նա չառաջադրվեց, սակայն հայտարարեց, որ հօգուտ Ռայիսիի ակտիվորեն կմասնակցի ընտրություններին։ Ինչպես նշվել է, 2021թ․ ընտրություններին էլ նա հօգուտ վերջինիս հեռացել է մրցապայքարից։ Սակայն նա 2013թ․ պարտությունից հետո օրակարգ մտցրեց «ստվերային կառավարություն» նախագիծը, որը, ըստ Ջալիլիի՝ 2017թ․ ինքը առաջարկել է նաև Ռայիսիին։ Ինչպես նա շեշտում է, այդ նախագծի շրջանակներում մշտադիտարկումներ է անցկացնում կառավարության թերացումների հարցում։ Ջալիլին հեռուստատեսությամբ իր առաջին ելույթում շեշտը դրել է հենց այդ նախագծի վրա, հայտարարելով, որ այդ իսկ պատճառով լավատեղյակ է ողջ երկրում առկա խնդիրներին ու իր թիմի հետ մշակել է դրանց վերացման ուղիները։ Հօգուտ Ջալիլիի ևս լուրջ քարոզարշավ է տարվում, սակայն նրա ելույթներն ու կլոր սեղանների շուրջ փորձագետների հարցերին ոչ հստակ ու խուսափողական պատասխանները հազիվ թե ընտրազանգվածին դուր գան։ Բայց և այնպես, եթե Ղալիբաֆի հետ ընդհանուր հայտարարի չգան, նա երկրորդ կամ երրորդ տեղն է զբաղեցնելու։ Այդ դեպքում նախագահն ընտրվելու է ընտրությունների երկրորդ փուլով, ինչն ամենայն հավանականությամբ, Ջալիլին չի լինելու, մանավանդ՝ նախագահ դառնանալու համար կառավարման փորձ չունի, ինչն անհրաժեշտ պայմաններից է։ Հետևաբար Դիմադրության ճակատը, բացառված չէ, ի վերջո կհովանավորի Ղալիբաֆին, մանավանդ, եթե զգա, որ դրա փոխարեն ստանալու է օրենսդիրի ղեկավարի պաշտոնը։
Ոչ ֆավորիտները
Համառոտ անդրադառնանք նաև այն թեկնածուներին, որոնք, մասնակցելու դեպքում, ամենայն հավանականությամբ չեն ընտրվելու, սակայն ավելի հնարավոր է՝ պահպանողական թեկնածուները Ղալիբաֆի կամ Ջալիլիի օգտին հեռանան մրցապայքարից։ Նշենք, որ նաև ոմանք այն կարծիքին են, թե պահպանողական թեկնածուների բազմության նպատակը այդ թևի պարտությունն է, ինչը մոտ չէ իրականությանը։ Դա բարենորոգիչների գործն ավելի դյուրին է դարձրել, և նրանք բոլոր ուժերը կենտրոնացրել են մեկին հովանավորելու համար։
Մոստաֆա Փուրմոհամեդի
Նախագահի՝ ավանդական պահպանողական հայացքներով թեկնածու Մոստաֆա Փուրմոհամեդին ծնվել է Ղոմ քաղաքում, 1959թ․։ Հոգևորական է՝ անկախ թեկնածու։ Քաղաքականություն մուտք է գործել 1979թ․, որպես իսլամական հեղափոխության դատախազ նշանակվել է երկրի տարբեր նահանգներում։ 1990-97թթ․ եղել է տեղեկատվության (գաղտնի ծառայություններ) փոխնախարար։
2005-2008թթ․ նա զբաղեցրել է ՆԳ, իսկ 2013-17թթ․՝ արդարադատության նախարարի պաշտոնները։ 2015թ․ առաջադրվել է որպես ԱԲԽ-ի ընտրությունների թեկնածու, բայց ՍՊԽ-ից «անցագիր» չի ստացել։ Այնուհետև նա կրկին գրանցվել է 2024թ․ մարտին տեղի ունեցած ԱԲԽ-ի 6-րդ ընտրություններում, սկզբից մերժվել է, ապա, երբ ՍՊԽ-ից մրցակցություն ապահովելու համար մերժվածների թվից հարկադրված ընտրություն է կատարել, հաստատել է նաև Փուրմահամեդիի թեկնածությունը։ Սակայն, ի սկզբանե հայտնի էր, որ նա պարտվելու է։ Եվ ահա առաջին անգամ նա առաջադրվեց որպես նախագահի թեկնածու և «անցագիր» ստացավ ՍՊԽ-ից։ Նրա ընտրվելու հավանականությունը գրեթե զրոյական է, և, ըստ ամենայնի, նա՝ հօգուտ պահպանողական ֆավորիտներից մեկի, դուրս կգա ընտրարշավից։ Նա 6 թեկնածուներից միակ հոգևորականն է։ Նա իր հեռուստատեսային ծրագրերում ներկայանում է որպես անվտանգության, գաղտնի և վերահսկիչ ծառայություններում աշխատանքի փորձ ունեցող։
Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմի
Ամիր Հոսեյն Ղազիզադե Հաշեմին նախագահի նոր՝ պահպանական կողմնորոշմամբ թեկնածու է, ծնվել է 1971թ․, Խորասան նահանգի Ֆարիման քաղաքում։ Նա, փաստորեն, Ռայիսիի գլխավորած կառավարության կողմից առաջադրված 6 անդամներից է, միակն է, որ ՍՊԽ-ից «անցագիր» է ստացել։ 2021թ․ նա պաշտոնավարել է որպես փոխնախագահ, միաժամանակ Նահատակների ու նվիրյալների հարցերի հիմնադրամի նախագահն է։ 2007թ․, մասնակցելով ԻԽՄ-ի 8-րդ գումարման ընտրություններին և ընտրվելով՝ նա մուտք գործեց քաղաքականություն։ Ղազիզադեն, Դիմադրության ճակատի կազմավորվելուց անմիջապես հետո անդամակցել է դրան։ Այն ձևավորվել է 2012թ․ ԻԽՄ-ի 9-րդ գումարման ընտրությունների նախաշեմին, փաստացի մի խումբ նոր պահպանողականների մասնակցությամբ, որոնք չէին ցանկանում գործունեություն ծավալել սկզբունքայինների (պահպանողականներ) միասնական ճակատի դրոշի ներքո։ Սակայն 2019թ․ աշնանը, երբ հիմնադրվեց «Իսլամական օրենք» կուսակցությունը, նա հեռացավ Դիմադրության ճակատից և անդամակցեց նորաստեղծ կուսակցությանը, այժմ դրա կենտրոնական խորհրդի անդամ է։ Նա ԻԽՄ-ի 9-րդ գումարման առաջին փոխխոսնակն է եղել, այնուհետև նաև 10-րդ և 11-րդ գումարումների պատգամավոր։
Ղազիզադեն 2021թ․ որպես նախագահի թեկնածու մասնակցել է նախագահական ընտրություններին՝ զբաղեցնելով չորրորդ տեղը։ Այսուհանդերձ, Ղազիզադեի ընտրվելու հավանականությունը ևս մեծ չէ, չի բացառվում, որ նա հօգուտ թերևս Ղալիբաֆի հեռանա մրցապայքարից։ Ի դեպ, մրցապայքարից հեռանալու մասին հարցին ի պատասխան նա շեշտել է, որ հօգուտ ամենարաժանավորի բոլորն էլ կհեռանան մրցապայքարից։ Միաժամանակ՝ անդրադառնալով Ջալիլիի այն պնդումներին, թե ինքն է շարունակելու Ռայիսիի գործը, և որ նրա նախագահության օրոք էլ ինքը տարբեր հարցերում աջակցել է նրան, նշել է՝ եթե այդպես է, ապա ինչո՞ւ էր քննադատում կառավարությանը և ինչո՞ւ է մերժել Ռայիսիի՝ համագործակցելու հրավերը[13]։
Ալի Ռեզա Զաքանի
Նոր պահպանողական թևի ներկայացուցիչ, Թեհրանի քաղաքապետ Ալի Ռեզա Զաքանին ծնվել է Թեհրանից ոչ հեռու Ռեյ Քաղաքում, 1965թ․։ Մասնագիտությամբ բժիշկ է։ Կարելի է ասել, որ գործնականում քաղաքական ասպարեզ է մտել 2003թ․՝ Թեհրանից առաջադրվելով որպես պատգամավոր, մասնակցելով խորհրդարանի 7-րդ գումարման ընտրություններին, և հաջողություն է գրանցել։ Այնուհետև, նա մասնակցել է ԻԽՄ-ի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ գումարումների ընտրություններին և ընտրվել, բացառությամբ 10-րդ գումարման։ Թերևս այդ պատճառով 11-ում առաջադրվեց Ղոմ քաղաքից, ընտրվեց և նշանակվեց խորհրդարանի հետազոտությունների կենտրոնի տնօրեն։ Նա ևս նախագահական ընտրությունների «փորձառու» թեկնածու է։ Զաքանին առաջադրվել է 2013 և 2017 թվականների նախագահական ընտրություններին, սակայն ՍՊԽ-ն չի հաստատել նրա թեկնածությունը, իսկ 2021թ․ ընտրությունների «անցագիր» է ստացել, սակայն ընտրապայքարից հեռացել է հօգուտ Ռայիսիի և դարձել Թեհրանի քաղաքապետ, իսկ 2023-ից միաժամանակ նախագահի օգնական էր։ Զաքանիին ևս մեղադրում են կոռուպցիոն մի շարք գործարքների համար։ Նա շեշտել է, որ հօգուտ որևէ մեկի մրցապայքարից դուրս չի գալու։
Զաքանին շեշտում է, որ իր ծրագրի առաջնահերթություններից են թափանցիկությունը և կոռուպցիայի ու կաշառակերության դեմ անխնա պայքարը, և սա այն դեպքում, երբ նա մեղադրվում է կոռուպցիայի համար ու մասնավորապես Չինաստանից տրոլեբուսներ գնելու վերաբերյալ համաձայնագրի մասին պահանջվող տեղեկություններ չի ներկայացնում հասարակությանը։
Կրկին կարևորը ընտրություններին մասնակցություն է
Քարոզարշավի ընթացքում նախատեսված է թեկնածուների մասնակցությամբ 5 հեռուստաբանավեճ, ընդ որում 3-ը՝ տնտեսական թեմայով, ինչը նշանակում է, որ երկրում հարցերի հարցը հենց դա է և կարող է արժանանալ ընտրողների ուշադրությանը։ Մյուս կողմից, մասնակցությունը, դարձյալ շեշտում ենք, ընտրությունների կարևորագույն հարցերից է, հետևաբար, թվում է, թե Փեզեշքյանի համապատասխանությունը հաստատելու քայլը նպատակին է ծառայել և ընտրությունների հանդեպ հետաքրքրությունը նկատելի է։ Ավելին, նա կողմնակիցների հետ հանդիպումներից մեկում կրկին հայտարարել է, որ իր մասնակցության բուն նպատակը ընտրազանգվածին քվեատուփերի մոտ բերելն է՝ հանուն Իսլամական հեղափոխության։ Բարենորոգիչների թեկնածուն միաժամանակ ներկաներին հորդորել է, որ այս ուղղությամբ ջանք չխնայեն, քանի որ թշնամին ուշադիր հետևում է, թե ինչ է կատարվում իրենց երկրում։ Նա շարունակել է՝ թող քվեարկեն՝ ում օգտին ցանկանում են, կարևորը ներկայությունը ապահովելն է[14]։
2024թ․ հունիսի 18-ին տեղի ունեցավ տնտեսական թեմայով առաջին՝ գրեթե 4 ժամանոց բանավեճը 6 թեկնածուների մասնակցությամբ, ինչը հատուկ տպավորություն չթողեց, թեև Զաքանին ու Ղազիզադե Հաշեմին՝ ընդդեմ Փեզեշքյանի ու բարենորոգչական կառավարությունների, հարձակման մի քանի փորձ կատարեցին՝ հօգուտ Ջալիլիի, բայց դա էլ մթնոլորտը սուր բանավեճային չդարձրեց։ «Բահարնյուս» անկախ վերլուծական կայքը իր «Առաջին բանավեճը՝ առանց հաղթողի, առանց երևույթի» վերնագրով հոդվածում բավական դիպուկ գնահատական է տվել բանավեճին հենց դրված վերնագրով։ Կայքը նշել է, որ «Հեղափոխության ճակատի» թեկնածուներ Զաքանի, Ղազիզադե Հաշեմի, Ջալիլի եռանկյունուց դուրս էր մնացել Ղալիբաֆը, որը երբեմն հաստատում էր նաև Փեզեշքյանի տեսակետները՝ ներկայացնելով սեփականը։ Թերևս բանավեճում, որը հաճախ գնահատվում է որպես խմբակային հարցազրույց, կարելի է ասել, միայն Փուրմոհամեդին էր փորձում համեմատաբար համարձակ ու հստակ տեսակետներով կենտրոնական դեմք դառնալ, ինչը որոշ չափով հաջողվել է։ Փորձագետներից շատերը առանձնացնում և դրական են գնահատում դա, ինչը գուցե որոշ չափով բարձրացրել է նրա հեղինակությունը։
Հունիսի 18-ին Փեզեշքյանի մասնակցությամբ տեղի է ունեցել արտաքին քաղաքականության թեմայով կլոր սեղան, որը, կարելի է ասել, մինչ այժմ տեղի ունեցած հեռուստատեսային միջոցառումներից ամենահաջողվածն էր։ Որպես խորհրդականներ նրան ուղեկցել էին նախկին ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆը, որը, ինչպես Փեզեշքյանն է հայտնել, իր ԱԳ նախարարի թեկնածուն է լինելու, Ռուսաստանում Իրանի նախկին դեսպան Մեհդի Սանային։ Փեզեշքյանն իր արտաքին քաղաքականության վերաբերյալ տեսակետները ներկայացրել է գրավոր, որը մշակվել էր փորձագետների աջակցությամբ, և այն շատ հստակ ու հասկանալի էր։ Ինչպես հայտնի է, Ռայիսիի կառավարությունն արտաքին քաղաքականության ոլորտում, անշուշտ առաջնորդի համաձայնությամբ, որդեգրել էր «հայացք դեպի արևելք» քաղաքականություն, ինչը թերևս հակասում էր «ո՛չ Արևելք, ո՛չ Արևմուտք» քաղաքականությանը։ Սակայն Փեզեշքյանը հայտարարեց ո՛չ արևելամետ, ո՛չ արևմտամետ, և ոչ էլ հակարևմտյան ու հակաարևելյան, այլ՝ արժանապատիվ, կառուցողական համագործակցություն բոլորի հետ։ Միաժամանակ լուրջ ջանքեր պետք է գործադրվեն սահմանափակումները վերացնելու, ինչպեսև հարևան երկրների հետ սերտ փոխհարաբերություններ հաստատելու գործում և այլն։ Փորձագետների հարցերին նրա պատասխաններն է՛լ ավելի աշխուժացրին կլոր սեղանը։ Ուշագրավ էին նաև նրա խորհրդականների ելույթները, մասնավորապես՝ Զարիֆինը։ Ըստ երևույթին, սա խթան էր Փեզեշքյանի մարող հեղինակության համար, քանզի բարենորոգիչներից շատերը հուսատվում էին նրա կրավորական, ոչ հստակ դիրքորոշումներից։ Ղալիբաֆի՝ այս թեմայով կլոր սեղանը դեռևս տեղի չի ունեցել (հետազոտությունը ավարտելու պահին), բայց նա ևս կարևորում է սահմանափակումների վերացումը։ Ջալիլին դրանք գնահատում է որպես «հնարավորություն» և խիստ հակաարևմտյան կողմնորոշում ունի։ Նույնը և՝ Զաքանին ու Ղազիզադե Հաշեմին։ Ղալիբաֆը թերևս հակված է նաև դեպի երկխոսությունն ու սահմանափակումների վերացումը ջանքերն ուղղելուն։ Հատկանշական է, որ Փուրմոհամեդիի հայացքներն է՛լ ավելի մոտ են Փեզեշքյանին։
Կարելի է ենթադրել, որ քաղաքական ու մշակութային թեմաներով բանավեճերն ավելի աշխույժ ու սուր կլինեն։ Թեկնածուները հազիվ թե այդքան զուսպ լինեն ու բարեվարքության (էթիկայի) կանոնները պահպանեն, ինչը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ընտրությունների վրա։
Վերադառնալով ավիավթարի խնդրին
Հիմա, երբ իրանյան և միջազգային ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում արտահերթ նախագահական ընտրություններն են, թվում է, թե օրակարգից ամբողջությամբ դուրս է մղվել այդ ընտրությունների պատճառ հանդիսացող՝ հանգուցյալ նախագահի ուղղաթիռի վթարը, ինչի բուն պատճառները դեռևս բացահայտված չեն։ Փաստորեն զինված ուժերի շտաբում ձևավորված հանձնաժողովը շարունակում է ուսումնասիրությունները, որոնց մասին, ինչպես խոստացել է, տեղյակ է պահելու հանրությանը։ Վթարի պատճառների առնչությամբ վերլուծաբանները առաջ են քաշում 4-5, ոմանք էլ՝ 6 վարկած։ Մինչ ուսումնասիրությունների ավարտը, պաշտոնական վարկածը եղանակի անբարենպաստ պայմաններ են համարվում, ինչը շեշտում է ուսումնասիրող հանձնաժողովը։ Բացի դրանից, արտերկրյա ընդդիմադիրներն օրակարգում են պահում ներիշխանական պայքարի հետևանքը և օտարերկրյա ահաբեկչությունը։ Ներքին ահաբեկչության առնչությամբ բազմաթիվ վարկածներ առաջ քաշողներն այն կապում են հաջորդ առաջնորդի ընտրության՝ մասնավորապես Մոջթաբա Խամենեիի հետ։ Ոմանք էլ, այդ թվում՝ արտերկրում ապրող իրանցի, ընդդիմադիր հայացքներով վերլուծաբան, Ֆարզանե Ռուստային, դա վերագրում են հենց վերջինիս։ Ռուստային շեշտում է, որ Խամենեիի ու նրա որդի Մոջթաբայի հարաբերությունները խիստ լարված են։ Առաջնորդը բնավ էլ չի ցանկանում, որ որդին դառնա երկրի հաջորդ առաջնորդը, հետևաբար, ավելի հավանական է, որ Ռայիսիին՝ որպես մրցակցի, վերացրել է Մոջթաբան[15]։ Վարկած, որը նկատի ունենալով որոշ գործընթացներ ու հանգամանքներ, եթե չասենք անհավանական է, ապա չնչին է։ Արտաքին ուժերի վարկածը կապվում է Իսրայելի հետ, ինչը չեն բացառում անգամ իսրայելցի վերլուծաբանները, ավելին՝ բոլոր վարկածերի հավանականության շղթայում երկրորդ տեղն են տալիս այդ վարկածին։ Այս դեպքում կողմերից և ոչ մեկին ձեռնտու չէ խոստովանել, ինչպես պնդում են փորձագետները։ Այլ կերպ ասած՝ հնարավոր է, որ Ռայիսիի զոհվելը կմնա առեղծվածային, չբացահայտված պատմության հայտնի բազմաթիվ դեպքերի նման։
Ինչ վերաբերում է նախագահական արտահերթ ընտրություններին, ապա ՆԳ նախարարությունում գրանցված 84, ընդ որում՝ 4-ը իգական սեռի ներկայացուցիչ, առաջադրվածներից ՍՊԽ-ի ուսումնասիրությունների արդյունքում միայն 6-ը «անցագիր» ստանալով դարձան թեկնածու։ Թեև ՍՊԽ-ն տարբեր առիթներով շեշտել է, որ ինքն անկախ կառույց է ու գործում է վերկուսակցական սկզբունքով, սակայն դրա պահպանողական լինելն ու կողմնակալ, նպատակամղված գործունեությունը թերևս անհերքելի են։ Ահավասիկ, 5 թեկնածու՝ ավանդական ու նոր պահպանողականներ և մեկ՝ բարենորոգչական, որի թեկնածությունը հովանավորելու է նշյալ հոսանքը՝ բարենորոգչական ճակատը, ինչը խիստ անակնկալ էր, ի սկզբանե քննարկումների առարկա դարձավ։ Մեծ հաշվով աշխուժություն նկատվեց ընտրությունների հանդեպ։ Մինչդեռ նախորդ ընտրություններում, երբ ոչ միայն ողջ կառավարության բուռն ջանքերը, այլև առաջնորդի բազմակի կոչերն ու դիմումները՝ ուղղված ընտրազանգվածին, լուրջ արդյունք չունեցան, մասնակցությունը նվազագույն էր։ Սա՝ այն դեպքում, երբ հերթական ընտրություններում, կարելի է ասել՝ քարոզչությունները ամիսներ առաջ էին սկսվում։ Բացի դրանից, դրանք տեղի են ունենում տեղական ընտրությունների հետ միաժամանակ՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում, որ դրանք վերահսկում է խորհրդարանը, ո՛չ թե ՍՊԽ-ն։ Մյուս կողմից՝ գյուղական ու քաղաքային խորհուրդների անդամները, լինելով տվյալ գյուղից, քաղաքից՝ ընտրողների և ընտրվողների բարեկամական, հարազատական ու ընկերական կապերի առկայությամբ ավելի ակտիվ են։
Ըստ ամենայնի, ՍՊԽ-ն թեկնածուների համապատասխանությունը հաստատելիս հաշվի է առնում նաև, թե որքանով են նրանց տեսակետները համընկնում առաջնորդի տեսակետներին։ Այս առնչությամբ նշենք նաև, որ առաջնորդի օգնական ու խորհրդական, ՀՊԳ-ի նախկին հրամանատար, գեներալ Յահյա Ռահիմ Սաֆավին անդրադառնալով ընտրություններին, շեշտել և խորհուրդ է տվել՝ ընտրել մեկին, որի տեսակետները հակասություններ չունեն առաջնորդի տեսակետների հետ, և, որն ինչպես շեշտվում է Սահմանադրությունում, իրեն երկրի «երկրորդը» համարի[16]։ Իսկ այս առումով ընտրվելու շանսեր ունեցող եռյակը՝ Ղալիբաֆը, Ջալիլին և Փեզեշքյանը, առաջնորդի ցուցումները, կամքը կատարելու հարցում թերևս խնդիր չեն ունենա։ Ավելին, Փեզեշքյանը Թեհրանի համալսարանի ուսանողների ու դասախոսների հետ հանդիպմանը առաջնորդի մասին հայտարարել է, որ ինքը «ձուլված է առաջնորդին» և որ ոչ ոք իրավունք չունի նրան հասցեին վիրավորական խոսքեր ասելու[17]։ Նա ամեն ինչ անում է ստանձնած առաքելությունը կատարելու համար՝ ակտիվացնել ընտրազանգվածին, այդ նպատակով ձգտում է շահագրգռելու այն խավերին, որոնց հնարավոր է ակտիվացնել։ Ահավասիկ, պարտադիր հիջաբը իգական սեռի մի զգալի հատվածին խիստ հետաքրքրում է։ Հետևաբար՝ ի տարբերություն մյուս թեկնածուների, հիջաբի մասին հստակ դիրքորոշում միայն Փեզեշքյանն է հայտնել, սակայն չի խոստացել, որ կլուծի խնդիրը, այլ կաշխատի այդ ուղղությամբ[18]։
Դեռևս հունիսի 17-ին Ղալիբաֆը հայտարարել է, որ հեղափոխության ճակատը մինչ հունիսի 28-ը պետք է համաձայնության գա մեկ թեկնածուի շուրջ։ Թեև պահպանողականներից որևէ մեկը հստակ ու դրական չի արձագանքել կոչին, սակայն դեռ ժամանակ կա։ Մյուս կողմից՝ հնարավոր է, որ այդ քայլը չանի Ջալիլին, ով յուրայիների միջև Ղալիբաֆի մրցակիցն է։ Այդ դեպքում պահպանողականների ձայները բաժանվելու են Ջալիլիի ու Ղալիբաֆի միջև, ինչը կլինի հօգուտ Փեզեշքյանի, և նախագահ կընտրվի երկրորդ փուլում հաղթողը՝ ամենայն հավանականությամբ Ղալիբաֆը։
Փեզեշքյանը նախագահ կդառնա միայն մեկ դեպքում․ եթե, ինչպես նշում են որոշ վերլուծաբաններ, ԻԻՀ-ի իշխանության «կարծր միջուկը» որոշել է Արևմուտքի հետ փոխհարաբերությունները բարելավել՝ բանակցությունները թողնելով բարենորոգիչերին, թեև այժմ էլ Օմանում ԱՄՆ-Իրան գաղտնի բանակցությունները շարունակվում են։ Նման զարգացումները չեն բացառվում, մանավանդ Թրամփի հաջողությունը ԱՄՆ-ում հավանական է, իսկ նրա հետ բանակցելը շատ դժվար է։ Բացի դրանից, առաջնորդին լիովին նվիրված թեկնածուն, նրա կամքին հակառակ չէր կարևորի արևմուտքի հետ երկխոսությունը կամ էլ համոզված է, որ չի ընտրվելու։ Պարզապես բարենորոգիչները պատեհ առիթով իրենց տեսակետներն են ներկայացնում։
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)
[1] Փեզեշքյանի ասպարեզ գալը լուծեց Ռայիսիի մահվան հանելուկը,
[2] Ով է Փզեշքյանը կառուցվածքային բարենորոգի՞չ, թ՞ե անջատողական,
[3] Փեզեշքյանի ասպարեզ գալը լուծեց Ռայիսիի մահվան հնելուկը,
[4] Ի՞նչ լուր ընտրությունների թեկնածուների քարոզչական ղոսքերից,
[5] Իրանում ազգություն բառի համար կիրառում են «ղում, ղոմիաթ» ( ցեղ, ցեղություն) բառ և, բնականաբար տեղական ազգայնականությունը նույն բառով են կազմում ՝ «Ղոմիաթգարա»
ինչիը համարժեք թարգմանել ենք «ցեղապաշտւթյուն»։
[6]Հատուկ 2024թ․ նախագահական ընտրությունների առիթով, երկխոսություն Մաասուդ Փեզեշքյանի հետ,
[7]եկել եմ ընտրություններն աշխուժացնելու,
https://www.youtube.com/watch?v=5uhbgZm-LoA&t=6593s, Փեզեշքյան
[8]Փեզեշքյանի հայտարարությունը երկրամասերի, ազգությունների, կրոնների ու կրոնական ուղղությունների մասին,
[9] Փեզեշքյանը հայտարարությամբ հրապարակել է իր ծրագրերն ու ռազմավարությունը,
[10] Նույն տեղում։
[11] Ղալիբաֆ և համարձակություն․ նորացվեցին լրագրողների դարդերը,
[12]Ղալիբաֆի քարոզարշավը, «աքցանային>» ջանքեր աֆղան փախստականերին վտարելու համար,
[13]Ղազիզադե Հաշեմիի առաջին արձագանքը ընտրապայքարից հեռանալու առնչությամբ,
Փեզշքյան․ եկել եմ ընտրությունները աշխուժացնելու,
[15] Եթե Ռայիսիի վերացումը հեղաշրջմանը նման քայլ չէր, ապա ի՞նչ էր,
[16] նախագահական ընտրություններ, Խամենեիի խորհրդականի խորհուրդը՝ հնազանդ թեկնածուին ընտրեք,
[17] Նախագաիհ թեկնածու դոկտոր Փեզեշքյանի ելույթը Թեհրանի համալսարանում,
[18] 2024թ․ նախագահական ընտրությունների բուն բովանդակությունն ու լուսանցքները,