Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մարդու կովի ոտքը ջարդել է, մի բան էլ հրճվո՞ւմ եք»․ համացանցում հիթ դարձած վարչական ղեկավարի արձանագրության հետքերով

Հունիս 28,2024 23:30

Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր Ամասիա խոշորացված համայնքի Ծաղկուտ գյուղի վարչական ղեկավար Հովհաննես Մադոյանի արձանագրությունը՝ համագյուղացիներից մեկի կովի ոտքը կոտրվելու մասին, որը դարձել է համացանցային հիթ։

Օգտատերերի ուշադրությունը գրավել է այն, որ արձանագրությունը տառասխալներով է, վարչական ղեկավարի ձեռամբ գրված արձանագրության մեջ նույնիսկ իր ազգանունն է փոքրատառ։ Իսկ շարադրանքը մի կողմից ժպիտ է առաջացանում, մյուս կողմից՝ մեծ մտահոգություն․ մի՞թե պաշտոնական փաստաթուղթն այս տեսքը պիտի ունենա, մի՞թե կրթական ցենզը պաշտոնյայի համար պարտադիր պայման չպիտի լինի։

Համացանցում հնչել էին նաև քննադատություններ առ այն, թե վարչական ղեկավարը բան –գործ թողած՝ կովի ոտքի կոտրվելն է արձանագրում։

Ազգային ժողովի պատգամավորը, հրապարակելով արձանագրությունը (տես փաստաթղթում), գրել է․ «Եվ սա՜ կատակ չէ, և սա՜ իրականություն է, և սա՜ այսօր է տեղի ունեցել։
Մարդ չգիտի` լա՞, թե՞ խնդա»։

Նրա գրառումն, իհարկե, բանավեճի թեմա է դարձել, օգտատերերից ոմանք փորձել են արդարացնել վարչական ղեկավարին։

Արձանագրության մեջ բառացիորեն գրված է․ «Արձանագրվում է առ այն մասին, որ Բդոյան Հակոբին պատկանող կովին ցուլը թռել է վրան և պատճառել մարմնական վնասվածք՝ կոտրելով ոտքը։

Եվ կատարվել է հարկադիր սպանդի, այդ ժամանակ ներկա ենք գտնվել Ես՝ Ծաղկուտի վարչական ղեկավար (Հովհաննես մադոյան)

2․Բդոյան Հակոբը

3․Հակոբյան Կարապետը

4․Եսայան Խանումը

5․Տաշչյան Քնարիկը

6․Թագամյան Նազիկը

Դեպքը տեղի է ունեցել ժամը 9․00-ին, 28․06․2024 թ․

Ծաղկուտի վարչական ղեկավար Մադոյան Հովհաննես»։

Aravot.am-ը կապ հաստատեց վարչական ղեկավար Հովհաննես Մադոյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ է արձանագրություն կազմել, ի՞նչ նպատակով և տեղյա՞կ է արդյոք, որ իր կազմած արձանագրությունը հայտնվել է համացանցում, մարդիկ տարածում են, զարմանում, որ վարչական ղեկավարն իր ազգանունն անգամ փոքրատառ է գրել։

Մենք փոխանցեցինք նաև իր հասցեին հնչող քննադատություններն առ այն, թե վարչական ղեկավարի գործառույթը ոչ թե ցլի կողմից կովի ոտքի կոտրվելուն ականատես լինելն ու արձանագրելն է, այլ գյուղի համար լուրջ գործեր անելը։

Վարչական ղեկավարն այսպես արձագանքեց․ «Շատ բան են արել, քննադատել են, տեսել եմ, կովի ոտքը ջարդել է, արձանագրել եմ, իրավունք չունե՞մ, լավ էլ իրավունք ունեմ։

Իմ չուզողներն են համացանցով տարածում, լսել եմ, որ տարածել են։ Մարդու կովի ոտքը ջարդել է, մի բան էլ ուրախացել են, հրճվում են։

Էդ քննադատողները թող ինձ պես գյուղացու կողքը կանգնեն, եթե ես արձանագրություն չկազմեի, մարդը չէր կարողանա իր կովին հարկադիր սպանդի ենթարկել, թեկուզ միսը իր տանը օգտագործելու համար։

Գիտեք, որ էսօր պարտադիր է սպանդանոցում մորթի ենթարկելը, եթե արձանագրություն չկազմեի, ոստիկանությունը վաղը գյուղ կգար ու կասեր՝ ինչի՞ սպանդանոցում չես մորթել կովիդ։ Ես նրան 400 հազար դրամ շտրաֆից եմ փրկել, սաղ տարին աշխատել է էդ կովի համար, հիմի տուժվել է, չօգնե՞մ, էս սարերում ապրելը հե՞շտ է․․․

Էդ քննադատողներին էլ կասեմ, մի բանով օգնեք, ոչ թե հրճվեք, մի շարժական սպանդանոց սարքեք, մարդը իր կովին կարողանա մորթել տալ, իմ արձանագրության կարիքն էլ չունենա։ Սպանդանոցի մասին օրենք հանողը օրենքը չի պահում, սատար կանգնելու փոխարեն մի բան էլ մարդու դժբախտության վրա ծիծաղում է։

Ոչ թե ցուլի, կովի հետևից ընկնեք, այլ սպանդանոց բացեք, մի անգամ եկեք Ծաղկուտ, տեսեք ժողովրդի ապրելակերպը, վերջը օրենսդիր եք, էս վիճակի համար ամաչելու փոխարեն, էսօր ֆեյսբուքի բլոգեր եք դարձել »։

Մեր հարցին, թե արձանագրությունն անձամբ ինքն է գրե՞լ, իր ազգանունն անգամ փոքրատառ է այնտեղ, վարչական ղեկավարն այսպես արձագանքեց․ «Հո քննադատելով չէ, տեսքը շատ էլ ճիշտ է գրված, կարող է ձեռագիրս չեն հասկացել, չեն կարողացել նորմալ կարդալ կամ էլ ֆոտոշոփ են արել, հիմա էնքան տարածված է»։

Մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք կրթություն ունի՞ Հովհաննես Մադոյանը։

Նա փոխանցեց, որ մեկի փոխարեն երկու դիպլոմ ունի, մի մասնագիտությամբ համակարգչային օպերատոր է, մյուս մասնագիտությամբ՝ « գնացքի դիսպետչեր»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930