Նովի Սադում այսօր մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանի հավաքականից առաջին օրը պայքարի մեջ ներգրավված հինգ ըմբիշներից 55 կգ քաշային Գագիկ Ղազարյանը կիսաեզրափակչում 10:0 հաշվով ժամանակից շուտ բացահայտ առավելությամբ հաղթել է բուլղարացի Էսադ Ֆերադ Բոզալիին եւ մտել եզրափակիչ, որտեղ ոսկե մեդալի համար գոտեմարտելու է Ռուսաստանը ներկայացնող Բայսանգուր Օսմանիի հետ:
Մեր մյուս տղաներից 48 կգ քաշային Արմեն Պապիկյանը, 65 կգ՝ Եղիշե Մոսեսյանը եւ 80 կգ Սահակ Հովհաննիսյանը գոտեմարտելու են բրոնզե մեդալի համար: Իսկ ահա 110 կգ քաշային կարգում Անդրանիկ Ժախեթյանը կարող է միանալ իր թիմակիցներին, եթե հաղթահարի սփոփիչ գոտեմարտի արգելքը:
Վաղը պայքարը կսկսեն մեր հանրապետության եւս հինգ պատանի ըմբիշներ. 45 կգ՝ Արտակ Աղաբեկյանը, 51 կգ՝ Աշոտ Գյուլնազարյանը, 60 կգ՝ Դավիթ Դավթյանը, 71 կգ՝ Նարեկ Հովհաննիսյանը եւ 92 կգ՝ Նարեկ Իկիլիկյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ