Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

«Առանց որևէ բառ ասելու, Արթուր Ղազարյանը իմ պարանոցից է կախվում». Լեւոն Քոչարյանը ցուցմունք տվեց

Հունիս 28,2024 21:55

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում, Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր կայացավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանի եւ Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի գործով դատական նիստը։ Գործը նախնական դատալսումների փուլում է:

Լևոն Քոչարյանն այսօր բացման խոսքով հանդես եկավ, որն ըստ էության, ցուցմունք էր այն մասին՝ ինչո՞ւ էին կառավարության հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներին մասնակցում եւ կոնկրետ ի՞նչ գործողություններ էին անում:

«Երբ մարդիկ տեսնում էին, որ ոստիկանները մոտենում են, ազատում էին խաչմերուկը ու ոստիկանների հետ բախվելու խնդիր չէր լինում։ Այդ ընթացքում ես հարցազրույց էի տալիս, երբ լսեցինք լացող աղջկա ձայն, մենք պտտվում ենք և շարժվում ենք դեպի ոստիկանները։ Էնտեղ ոստիկաններ ասում են՝ երթը Սարյանով էր գնում, մի խումբ պտտվեց երթին հակառակ, շղթայված ձեռքերով, մխրճվեցին ոստիկանների մեջ… Եթե այդ կադրերում դուք տեսնում եք, որ մխրճվում ենք ոստիկանների մեջ, ապա չգիտեմ, պետք է ուզենալ դա տեսնել որովհետև իրականությունն այն է: Այո, թև-թև ենք մտնում, որովհետև դա հնարավոր միջոց է ոստիկանական ապօրինությունների դեմ։

Երբ այդպես մոտեցանք ոստիկաններին, որ հասկանանք՝ ո՞ւմ են տանում. հարցնում ենք ու այդ ժամանակ, առանց որևէ բառ ասելու, Արթուր Ղազարյանը իմ պարանոցից է կախվում: Փորձում են 5 հոգանոց շղթան քանդել ու տանել։ Այդ միջոցին Հրաչիկն այնտեղ չէր, նա փորձում էր Ասատուրովի նկատմամբ նույն գործողությունն անել»,- մանրամասնեց Լեւոն Քոչարյանը՝ հավելելով, որ այդ ամենը վկայող տեսանյութերն էլ կան:

«Ինձ ինչ-որ մի ձև տանում՝ հասցնում են մեքենան, այնտեղ արդեն երկրորդ գործողությունն է սկսվում։ Առաջինը վարորդն է՝ պտտվում ու սկսում է ինձ հարվածել, ես նրա հետ նույնիսկ բառ չեմ փոխանակել։ Իմ նկատմամբ մեքենայում բռնությունները շարունակվել են։ Արդյո՞ք եղել է ոստիկանների օրինական պահանջ։ Մենք գործի սկզբից էլ ասել ենք, որ օրինական պահանջ չի եղել։ Եթե որպես այդպիսին օրինական պահանջ չի հնչել, մեզ չի ասվել, ժամանակ չի տրվել։ Մոտ 18 ոստիկան եկել ու ցուցմունք են տվել, որ իբրև իրենք են այդ կոչը հնչեցրել, և իրենց ասածներից ոչինչ չի համապատասխանում իրականությանը։ Առնվազն ճիշտ չէ, որ կատարվել է անաչառ ու համակողմանի նախաքննություն: Օրինակ՝ ես չգիտեմ՝ արդյո՞ք դատախազությունը փորձել է ամբողջ տեսանյութը ստուգել։ Օբյեկտիվ իրականությունն ի վերջո տեսանյութն է ցույց տալիս։ Մեղադրող կողմի ամեն ասածի դեմ մենք կարող ենք ընդամենը «փլեյ» կոճակը սեղմել»,- շարունակեց Լեւոն Քոչարյանը՝ հավելելով, որ Հրաչիկ Խաչատրյանին հարվածել, պարզապես չէր կարող, քանի որ այն դիրքը, որը նկարագրում է Խաչատրյանը, իրականում չի եղել։

Նա նաեւ հիշեցրեց ԱՄՆ պետդեպի զեկույցը, որում անդրադարձ կա իր դեմ բռնության դրվագին ու առարկեց դատախազների գործողություններին․ «Այն, որ մեքենայում ինձ ոստիկանները հարվածում են, ԱՄՆ-ից նկատել են, բայց մեր դատախազությունը չի արձանագրել։ Հիմա ես ինչպե՞ս կարող եմ հավատալ դատախազության այն ասածին, որ քննությունը իրականացվել է համակողմանի և անաչառ»։

Լեւոն Քոչարյանը հարց հնչեցրեց՝ գործը դատարան ուղարկելիս, ինչո՞ւ այլ վկաների ցուցմունքները եւս չեն ներառվել, որոնք, որ ասում են՝ հարված չի եղել:

Այս ամենով հանդերձ, 2024 թվականի փետրվարի 5-ին, դատախազներին հաջողվել է զարմացնել Լեւոն Քոչարյանին՝ Սերգեյ Ասատուրովին մեղադրանք առաջադրելով. «Նայում ես ամբողջ գործը, Սերգեյ Ասատուրով անուն՝ չկա ընդհանրապես. դե պարզ է, ես էի նպատակը, ինձ փակելն էր: Այսինքն, բացարձակ անհիմն: Այնպես չի, որ իմը հիմնավոր է, բայց գոնե իմ վրա աշխատել են, ինչ-որ մեկը եկել՝ ասել է՝ Լեւոնը հարվածել է, էն մեկն ուրիշ բան է ասել, Սերգեյի անուն չկա ընդհանրապես, մեկ էլ՝ փետրվարի 5-ին, գործի ավարտ են հայտարարում, կանչում են Սերգեյին ասում՝ դու մեղադրյալ ես: Չեմ հասկանում: Ուզում եմ տրամաբանությունը հասկանալ. երեւի, որ վերջում մեքենայի դրվագը հանեցին, շեշտը դրեցին թեւանցուկ մխրճվելու մեջ, երեւի թեւանցուկ մենակ չէի կարող, ինչ-որ մեկը պետք էր»:

Լեւոն Քոչարյանը դիմեց դատարանին ու դատախազներին՝ հղում անելով նրանց հայտարարություններին, որ այս ամենում որեւէ անձնական հարց չկա, իրենք իրավական ընթացակարգերով են շարժվում եւ ասաց, որ իր համար կա անձնական հարց, քանի որ դատախազների սխալների արդյունքում, ինքը բանտ է նստել, որտեղ իրեն տեսակցության են գնացել իր մանկահասակ երկու երեխաները ու այս ամենը եղել է այն պատճառով, որ ինքն իր բողոքի ձայնն է բարձրացրել: Ավելին, այս ամենի արդյունքում իրեն եւ Սերգեյ Ասատուրովին ցանկանում են 2-8 տարի ազատազրկել:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ Լեւոն Քոչարյանը նախորդ տարվա սեպտեմբերի 22-ին Երեւանում ընդդիմության ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, ավելի ուշ նրան մեղադրանք առաջադրվեց ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար, թեեւ միջադեպը ֆիքսած տեսախցիկներում առկա տեսագրություններում ոստիկաններն իրեն են հարվածել: Լեւոն Քոչարյանը նույն օրն էլ ձերբակալվել, ապա կալանավորվել է 1 ամիս ժամկետով։ Նա ազատ արձակվեց մի քանի ամիս անց միայն պատգամավորական մանդատը ստանալուց հետո։

Լեւոն Քոչարյանի փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալը որեւէ հակաիրավական գործողություն չի արել, եւ, որ սա քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930