Հայաստանի Հանրապետության պետական պարտքի կառուցվածքում առաջին անգամ ներքին պարտքի կշիռը գերազանցել է 50 տոկոսը։ 2024 թվականի մայիսի կտրվածքով կառավարության պետական պարտքը կազմել է 11 մլրդ 577 մլն դոլար կամ 4 տրիլիոն 496 մլրդ դրամ, որի 50.2 տոկոսը բաժին է ընկնումներքին աղբյուրներին, իսկ 49.8-ը՝ արտաքին։
Այս փոփոխությունը նշանակալի առաջընթաց է 2017 թվականի համեմատ, երբ Կառավարության ներքին պետական պարտքը կազմում էր ընդհանուր պարտքի 20.4 տոկոսը, իսկ արտաքինը՝ 79.6 տոկոսը։
Գծապատկեր 1.
Կարդացեք նաև
Նշենք, որ 2017 թվականի կտրվածքով Հայաստանի կառավարության պարտքը կազմում էր 6 մլրդ 173 մլն դոլար, կամ 2 տրիլիոն 988 մլրդ դրամ։ Այս ժամանակահատվածի ընթացքում պետական պարտքը աճել է դրամով 50.5 տոկոսով, իսկ դոլարով գրեթե 2 անգամ՝ 87.5 տոկոսով, որը հիմնականում պայմանավորված է 2017 թվականի սկզբից դրամի արժեզրկմամբ 480 դրամից մինչև 387, որը էժանացրել է դոլարային պարտքի սպասարկումը։
Վերջին տարիներին պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի մեծացման քաղաքականությունը իրականացվում է արտարժութային ռիսկերը զսպելու համար։ Նշենք, որ 2023 թվականի կտրվածքով պետական պարտք / ՀՆԱ հարաբերությունը կազմում է 48.1 տոկոս, որը դոլարի հանդեպ ՀՀ դրամի 20 կետով արժեզրկման պարագայում կհատի 50 տոկոսի սահմանը։ Ըստ ԵԱՏՄ համաձայնագրի 63-րդ կետի՝ ընդհանուր պետական պարտքը չպիտի գերազանցի համախառն ներքին արդյունքի 50 տոկոսը, իսկ ըստ հարկաբյուջետային գործող կանոնների՝ երբ Կառավարության պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 60%-ը, գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։ ՀՀ ֆինանսների նախարարությունը իր միջնաժամկետ քաղաքականությունը իրականացնում է այնպես, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը պահպանի 50 տոկոսի շրջանակներում։
Գծապատկեր 2-ը ներկայացնում է պետական պարտքի կառուցվածքն ըստ ներքին և արտաքին պարտքի տեսակների:
Գծապատկեր 2.
Կառավարության պարտքի միջին կշռված տոկոսադրույքը որոշակիորեն բարձրացել է՝ հասնելով 7.3 տոկոսի, ինչը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ ներքին դրամային պարտքերը, որոնք պետությունը ներգրավում է պարտատոմսեր թողարկելով, ավելի բարձր տոկոսադրույքով են։
Համաշխարհային ճգնաժամերը և աշխարհաքաղաքական կտրուկ փոփոխությունները կարող են հանգեցնել պետական պարտք / ՀՆԱ հարաբերության աճին, և ներքին պետական պարտքի մեծացման քաղաքականությունը զսպում է արտաքին ռիսկերը։
Կառավարության պարտքի 49.0 տոկոսը դրամով է, 29.9 տոկոսը՝ դոլարով, 9.1 տոկոսը՝ եվրոյով, մնացածը՝ այլ արժույթներով։
Ներքին պարտքի մեծացումը փոքրացնում է արտաքին ֆինանսական ռիսկերը։ Գծապատկեր 3-ը ցույց է տալիս պետական պարտքի սպասարկման և փոխարժեքի փոխկապվածությունը:
Գծապատկեր 3.
Ինչպես երևում է 4-րդ գծապատկերում, պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը առաջին անգամ հատել է 50 տոկոսի սահմանագիծը 2016 թվականին՝ կազմելով 51.9 տոկոս։ Ս]ա հիմնականում պայմանավորված էր Ռուսաստանում արժութային ճգնաժամով, որի արդյունքում արժեզրկվեցին տարածաշրջանի բոլոր արժույթները, ինչպես նաև դրամը, որը կտրուկ մեծացրեց արտաքին պետական պարտքի սպասարկումը։ Տարեկան կտրվածքով պետական պարտք / ՀՆԱ հարաբերությունը առավելագույնի է հասել 2020 թվականին, երբ այն հատել է 63.5 տոկոսի սահմանագիծը, իսկ եռամսյակային կտրվածքով՝ 2021թ․ առաջին եռամսյակում՝ 69.8 տոկոս։ Նշենք, որ 2020 թվականին ՀՆԱ աճը բացասական էր՝ կազմելով -7.2 տոկոս, ինչը հիմնականում պայմանավորված էր հակահամաճարակային միջոցառումներով և 44-օրյա պատերազմով, որոնք նաև նպաստեցին պետական պարտքի աճին։
2022 թվականին պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը հիմնականում կարողացավ իջնել ի հաշիվ դրամի արժևորման, որը պայմանավորված էր նրանով, որ 2022 թվականին Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով դրդված բավականին մեծ քանակությամբ արտարժութային միջոցներ մտան Հայաստան, ինչը արժևորեց դրամը, և, որպես հետևանք, իջեցրեց պետական պարտքի սպասարկումը։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ արտաքին գործոնները կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության և պետական պարտքի դինամիկայի վրա: Սակայն պետք է նշել, որ նման իրավիճակները չեն կարող դիտարկվել որպես կայուն միտում, և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել պետական պարտքի կառավարման ավելի կայուն մեխանիզմների մշակմանը:
Գծապատկեր 4.
Վերջին գծապատկերում հստակ երևում է դոլարի փոխարժեքի ազդեցությունը պետական պարտքի սպասարկման և, որպես հետևանք, պետական պարտք/ՀՆԱ հարաբերության վրա։
Ինչքան արժևորվում է դրամը դոլարի հանդեպ, այնքան պետական պարտքի սպասարկումը էժանանում է, հետևաբար պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը նվազում է, և հակառակը՝ որքան դրամը արժեզրկվում է, այնքան պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը ունի աճի միտում։
Հարկ է նշել, որ հայկական դրամը 2020 թվականից փոխարկելի արժույթներից ամենաարժևորվածն է, որը բացասաբար է անդրադառնում իրական արտահանման, ինչպես նաև տուրիզմի և ՏՏ ոլորտի վրա։ Սա որոշակի ճնշում է գործադրում փաստացի դոլարին փափուկ կցված դրամի վրա։ Դրամի արժեզրկումը բացասաբար կանդրադառնա պետական պարտքի սպասարկման և, որպես երկրորդային հետևանք, ՀՆԱ-ի աճի վրա։
Գծապատկերում երևում է նաև պետական պարտք/ՀՆԱ աճ փոխկապվածությունը, որը ունի հակադարձ ազդեցություն։ ՀՆԱ-ի բացասական աճի պարագայում պետական պարտքը կտրուկ աճում է, քանի որ ՀՆԱ-ի բացասական աճով չի կատարվում պետական բյուջեով սահմանված թիրախը, որի արդյունքում ստիպված սպառվում է բյուջեի պահուստային ֆոնդը և հետագայում նաև աճում է պետական պարտքը։
Այս միտումը առաջին գծապատկերում երևում է 2010 թվականին՝ 2002-2008 թվականների միջին 12 տոկոս տնտեսական աճից հետո։ Այս անկումը պայմանավորված էր Համաշխարհային ֆինանսական ճգնաժամով։ Նմանատիպ իրավիճակ դիտվեց նաև 2020 թվականին․ տնտեսական անկումը, այս անգամ, պայմանավորված էր մեկ այլ Համաշխարհային երևույթով՝ COVID-19 համաճարակով։ Արդյունքում երկու ճգնաժամերն էլ մեծացրեցին պետական պարտք/ՀՆԱ հարաբերությունը։
Այսինքն՝ դրամի փոխարժեքը ունի ուղղակի ազդեցություն պետական պարտքի աճի վրա, իսկ ՀՆԱ-ի աճը՝ հակադարձ։ Վերջին 25 տարիների ընթացքում բացասական ՀՆԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել համաշխարհային “սև կարապ” իրադարձություններով։
Գծապատկեր 5.
Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի տնտեսությունը զգայուն է գլոբալ շոկերի նկատմամբ, և պետական պարտքի կառավարումը պահանջում է զգուշավոր մոտեցում՝ հաշվի առնելով արտաքին գործոնների հնարավոր ազդեցությունը:
Ընդհանուր առմամբ ողջունելի է և հուսադրող, որ պետական պարտքի կառուցվածքում ներքին պարտքի կշիռը առաջին անգամ հատել է 50 տոկոսի սահմանակետը, ինչպես նաև այն, որ պետական պարտքի մեջ գերակշռող արժույթը հայկական դրամն է։ Սակայն 2022 թվականից սկսած փոխարկելի արժույթների մեջ դրամը ամենաարժեզրկվածն է, որը բացասական ազդեցություն ունի իրական արտահանման, ինչպես նաև զբոսաշրջության և ՏՏ արտադրանքի արտահանման վրա։ Սա իր հերթին կարող է բացասաբար անդրադառնալ 2024 թվականի բյուջեի օրենքով նախատեսված 7 տոկոս տնտեսական աճի հեռանկարի վրա։ Ներկայումս տնտեսությունում առկա են առանցքային խնդիրներ։ Պետք է նշել, որ ինչպես ՀՀ դրամի հետագա արժեզրկումը, այնպես էլ ՀՆԱ-ի անկումը բացասաբար կարող են անդրադառնալ պետական պարտքի սպասարկման տեսանկյունից՝ որի պարագայում պետական պարտք / ՀՆԱ հարաբերությունը կարող է հատել 50 տոկոսի սահմանագիծը։
Եզրակացություն
Այս վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի պետական պարտքի կառավարման քաղաքականությունը վերջին տարիներին էական փոփոխություններ է կրել: Ներքին պարտքի կշռի աճը և դրամով պարտքի գերակշռությունը դրական միտումներ են, որոնք նպաստում են արտարժութային ռիսկերի նվազեցմանը: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել մի շարք մարտահրավերներ:
Դրամի արժեզրկման հնարավոր ազդեցությունը պետական պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցության վրա:
Գլոբալ տնտեսական շոկերի նկատմամբ Հայաստանի տնտեսության խոցելիությունը:
Արտահանման, զբոսաշրջության և ՏՏ ոլորտների վրա դրամի արժևորման բացասական ազդեցությունը:
Այս իրավիճակում անհրաժեշտ է շարունակել զգուշավոր և հավասարակշռված պետական պարտքի կառավարման քաղաքականությունը՝ միաժամանակ ուշադրություն դարձնելով տնտեսության իրական հատվածի զարգացմանը և արտաքին մրցունակության պահպանմանը:
Աղասի Թավադյան