Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ մարմնի եզրակացությունը հոդվածի դեմ պատգամավոր Թագուհի Ղազարյանի բողոքի վերաբերյալ

Հունիս 28,2024 18:01

ԶԼՄ-ՆԵՐԻ ԷԹԻԿԱՅԻ ԴԻՏՈՐԴ ՄԱՐՄՆԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ
«Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված «Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով» վերնագրված հոդվածի դեմ ԱԺ պատգամավոր Թագուհի Ղազարյանի բողոքի վերաբերյալ

Ա․ ՓԱՍՏԵՐ

  • 2024-ի մայիսի 24-ին Լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին է դիմել ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը՝ խնդրելով գնահատել «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակված եւ նույն օրաթերթի Armlur.am կայքում 2024թ․ մայիսի 14-ին վերահրապարակված «Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով» հոդվածի համապատասխանությունը լրագրողական էթիկայի նորմերին։
  • Քննության առնելով դիմումը՝ Դիտորդ մարմինն ուսումնասիրել է դրանում ներկայացված փաստաթղթերն ու հղումները։ Խնդրո առարկա հոդվածում, մասնավորապես, նշվում է, որ Թագուհի Ղազարյանը, պատգամավորական աշխատանքին զուգահեռ, զբաղվում է նաեւ այլ վճարովի աշխատանքով, ինչը օրենքի խախտում է համարվում եւ կարող է հանգեցնել պատգամավորական մանդատից զրկելուն։ Որպես հիմնավորում՝ հոդվածում մեջբերվում է 2023-ին «Գրանիշ» գրական ակումբի կողմից Թ․ Ղազարյանին տրված հատուկ մրցանակը՝ տարվա ընթացքում արխիվային նյութերի թվայնացման, խմբագրման ու նորովի մեկնաբանման համար։ Հրապարակման հեղինակը նաեւ հիշեցնում է, որ պատգամավորը կարող է զբաղվել միայն վճարովի գիտական, մանկավարժական, ստեղծագործական այլ աշխատանքով, սակայն տրված մրցանակը, ըստ հոդվածագրի, «ամենեւին ստեղծագործական տարրեր չի պարունակում»։ Նյութի վերջում նշվում է, որ վերոհիշյալ հարցերի առնչությամբ փորձ է արվել կապ հաստատել պատգամավոր Թագուհի Ղազարյանի հետ, սակայն նա լրագրողի զանգերին չի պատասխանել։
  • Մայիսի 16-ին արված ֆեյսբուքյան գրառմամբ անդրադառնալով հոդվածին՝ Թագուհի Ղազարյանը հայտնել է, որ դրա կապակցությամբ դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ)՝ պարզելու, թե արդյո՞ք հոդվածում հայտարարված անհամատեղելիության պահանջի խախտումը իրական հիմքեր ունի, թե՞ ոչ, եւ տալ համապատասխան եզրակացություն։ Բացի դրանից, Ղազարյանը տեղեկացրել է, որ հոդվածում հիշատակվող աշխատանքներից որոշների համար չի վարձատրվել, իսկ մեկ այլ աշխատանքի համար նախօրոք դիմել է ԿԿՀ եւ ստացել եզրակացություն, որ այն համարվում է ստեղծագործական։ Գրառման մեջ Թ․ Ղազարյանը ներկայացրել է մանկավարժական եւ ստեղծագործական բնույթի այլ աշխատանքներ եւս, որոնց մի մասի համար նա վարձատրվել է, մյուսների համար՝ ոչ։ «Եթե պարզվի, որ համատեղելիության պահանջը որեւէ կերպ խախտել եմ, պատրաստ եմ կրել ամբողջական պատասխանատվություն եւ անհապաղ վերացնել խնդիրները, սակայն եթե պարզվի, որ այդպիսի խախտում չկա, չեմ պատրաստվում լրատվամիջոցին դատի տալ զրպարտություն տարածելու համար կամ փոխհատուցում պահանջել։ Ակնկալիքս միայն այն է, որ հարգելի լրագրողները եւ լրատվամիջոցը բարեխղճությամբ կլուսաբանեն նաեւ հետագա ընթացքը եւ կշտկեն իրենց թույլ տված սխալը, եթե այդպիսին լինի», – նշել է պատգամավոր Ղազարյանը։
  • Արդեն մայիսի 22-ին արված գրառման մեջ Թագուհի Ղազարյանը ներկայացրել է ԿԿՀ-ից իր դիմումին ի պատասխան ստացված գրությունը, որը փաստում է, որ պատգամավորի՝ վերը նշված գործողությունների մեջ օրենքի խախտում չի հայտնաբերվել, որովհետեւ կատարված աշխատանքների մի մասի համար նա չի վճարվել, իսկ որոշները համարվում են օրենքով թույլատրված  ստեղծագործական աշխատանք։
  • Դիտորդ մարմնի համակարգողը մայիսի 24-ին կապ է հաստատել «Ժողովուրդ» օրաթերթի հետ եւ ներկայացրել բողոքի էությունը։ Օրաթերթի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ի պատասխան պարզաբանող գրություններ է ուղարկել, որոնցում մասնավորապես նշվում է, որ հոդվածը հրապարակելուց առաջ հեղինակը բազմիցս փորձել է կապ հաստատել Թագուհի Ղազարյանի հետ, սակայն պատգամավորը, ինչպես հաճախ եղել է նախկինում, կապի դուրս չի եկել։ Լրատվամիջոցը մայիսի 23-ին եւ հունիսի 4-ին դիմել է ԿԿՀ եւ ստացել է հոդվածում շարադրված մի շարք տվյալների վերաբերյալ Հանձնաժողովի գնահատականը։ Օրաթերթը ստացված տվյալների հիման վրա նոր հոդված հրապարակելու պատրաստակամություն է հայտնել։ «Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաեւ լսել պատգամավոր Թագուհի Ղազարյանին եւ նրա մեկնաբանությունը տեղադրել ե՛ւ օրաթերթում, ե՛ւ կայքէջում:
  • Դիմող Թագուհի Ղազարյանն ի գիտություն է ընդունել օրաթերթի վերոնշյալ դիրքորոշումը՝ ամեն դեպքում ակնկալելով էթիկայի նորմերին բուն հոդվածի համապատասխանության վերաբերյալ ԴՄ եզրակացությունը։

 

Բ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՎ ԷԹԻԿԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ    

  1. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենք

Հոդված 31, մաս 1-ին. Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որեւէ պաշտոն` առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական եւ ստեղծագործական աշխատանքից:

  1. Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենք

Հոդված 8. Հերքման եւ պատասխանի իրավունքը

  1. Անձն իրավունք ունի լրատվական գործունեություն իրականացնողից պահանջել հերքելու իր իրավունքները խախտող փաստացի անճշտությունները, որոնք տեղ են գտել լրատվական գործունեություն իրականացնողի տարածած տեղեկատվության մեջ, եթե վերջինս չի ապացուցում, որ այդ փաստերը համապատասխանում են իրականությանը: Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը:
  2. Հերքման պահանջի հետ անձն իրավունք ունի պահանջել իր պատասխանի հրապարակումը:

III. Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

1.1. Մինչեւ հրապարակումը ստուգել ցանկացած աղբյուրից ստացված

տեղեկությունների հավաստիությունը, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը, չհրապարակել ակնհայտ կեղծ տեղեկություններ։

6.2. Պատրաստակամ լինել հանդիպելու այն անձանց կամ կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնք իրենց վիրավորված կամ զրպարտված են համարում կոնկրետ հրապարակմամբ, եւ պատասխանի հնարավորություն ընձեռել բոլոր նրանց, որոնց հասցեին քննադատություն կամ մեղադրանքներ են եղել հրապարակումներում։

6.3. Ընդունել սեփական սխալները եւ պատրաստակամ լինել՝ ուղղելու դրանք։

Գ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի Դիտորդ մարմինը, քննելով բողոքը, լրացուցիչ պարզաբանումներ ստանալով կողմերից, արձանագրում է, որ

  • «Ժողովուրդ» օրաթերթում եւ ArmLur.am կայքում հրապարակված «Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով» հոդվածում խախտվել է Կանոնագրի 1.1. հոդվածի պահանջը՝ «մինչեւ հրապարակումը ստուգել տեղեկությունները, չկոծկել եւ չխեղաթյուրել փաստերը»։ Թեեւ օրաթերթի խմբագրությունը հավաստիացնում է, որ մինչեւ հրապարակումը փորձել է հարցի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ Թագուհի Ղազարյանից, այդուհանդերձ, հոդվածում մեջբերվող պնդումները կարելի էր մինչեւ հրապարակումը ստուգել նաեւ համապատասխան պետական գերատեսչություններից, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստացված պաշտոնական պարզաբանումների միջոցով, ինչն արվել է հոդվածի հրապարակումից եւ Թագուհի Ղազարյանի՝ խնդրի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումներից հետո միայն։ Դատելով հոդվածի բովանդակությունից ու այլ փաստերից՝ ոչինչ չի վկայում, որ հոդվածի շուտափույթ հրապարակումը հրատապ անհրաժեշտություն էր։ Հետեւաբար, լրագրողն ուներ հնարավորություն ավելի շատ ժամանակ հատկացնելու փաստերի ճշգրտությունը ստուգելու համար։
  • Այդուհանդերձ, Դիտորդ մարմինը գնահատում է «Ժողովուրդ» օրաթերթի պատրաստակամությունը՝ ներկայացնել Թագուհի Ղազարյանի  տեսակետը, ինչպես նաեւ ներկայացնել խնդրի վերաբերյալ ԿԿՀ-ից ստացված պարզաբանումները։
  • Եթե լրատվամիջոցը պատրաստ էր, ինչպես տեղեկացվել է Դիտորդ մարմնին, ի հայտ եղած փաստերի հիման վրա նոր հրապարակում պատրաստել, ապա կարող էր դա անել՝ չսպասելով ԴՄ եզրակացությանը։ Այդ դեպքում, հնարավոր է, որ սույն եզրակացությունը կազմելու անհրաժեշտությունը վերանար։ Այդուհանդերձ, բոլոր այն անձանց, որոնք կարծում են, որ մամուլի հրապարակումներում խախտվել են իրենց իրավունքները, Դիտորդ մարմինը կոչ է անում օգտվել օրենքով ընձեռված հնարավորությունից եւ առաջին հերթին դիմել խմբագրությանը՝ հերքման կամ պատասխանի պահանջով։
  • Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ Կանոնագիրը ստորագրած լրատվամիջոցներն ընդունում են ԴՄ իրավասությունը՝ քննելու իրենց գործողությունների ու հրապարակումների համապատասխանությունն այդ Կանոնագրի դրույթներին, եւ պատրաստակամություն են հայտնում Դիտորդ մարմնի եզրակացության՝ խախտմանը վերաբերող հատվածներն առանց մեկնաբանությունների հրապարակել իրենց լրատվամիջոցներում եւ այդ մասին տեղեկացնել ԴՄ-ին՝ կցելով հրապարակման հղումը:
  • Քանի որ «Ժողովուրդ» օրաթերթում եւ ArmLur.am կայքում հրապարակված խնդրո առարկա հոդվածը վերահրապարակվել է մի շարք լրատվական կայքերի «Մամուլի տեսություն» բաժնում, Դիտորդ մարմինը հորդորում է այդ լրատվամիջոցներին՝ իրենց լսարաններին տեղեկացնել նաեւ սույն եզրակացության մասին։

Ընդունվել է 2024 թ. հունիսի 27-ին, 

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով  

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր

Ռուբեն ԲԱԲԱՅԱՆ

ռեժիսոր, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի պրոֆեսոր

Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ

Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբի մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ

Լեւոն ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ

Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ 

«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Ռեգիոնս TV» կայքի տնօրեն

Արա ՇԻՐԻՆՅԱՆ

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ

Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ

Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆ

Իրավաբան

Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Նունե ՍԱՐԳՍՅԱՆ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ

Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

ԶԼՄ-ների Դիտորդ մարմինը ձեւավորել են ինքնակարգավորման նախաձեռնությանը միացած լրատվամիջոցները, որոնք այս պահին 82-ն են: ԴՄ-ն ղեկավարվում է Հայաստանի լրատվամիջոցների եւ լրագրողների էթիկական սկզբունքների Կանոնագրով, որն ընդունվել է 2007 թվականի մարտի 10-ին, վերախմբագրվել՝ ինքնակարգավորման նախաձեռնության համաժողովում, 2024 թվականի մայիսի 18-ին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930