Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից. Գարեգին Բ

Հունիս 28,2024 17:17

Հունիսի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2023-2024 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվեց Տերունական աղոթքով, որից հետո հնչեցին ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունեց Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած նշանակությանը, ուրախությամբ արձանագրեց, որ 2023-2024 և գալիք 2024-2025 ուսումնական տարիները նշանավորում են Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադրության մեկուկեսդարյա հոբելյանը։ «Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնադրված ու այդ կենսավետ ավիշից սնվող այս հաստատության պատմությունն այլևս չափվելու է դարերով․․․։ Գևորգյան ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Մեծագործից մինչև ազգիս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Շինարար հայրապետների խնամող շնչով ու հեռահայաց տեսիլքով է կերտվել և կերտվում դարավոր այս ավանդույթը, նրանց հայրական շունչն է, որ հաստատուն է պահում մեր բոլորիս սիրելի Գևորգյան ճեմարանը։ Նրա  սրբազան կամարների տակ հասակ առած մեծերն են հյուսել ճեմարանական կրթության պսակը, որն այսօր մեր վտիտ ճակատներին ենք կրում՝ որպես ճեմարանավարտ հոգևորականներ»,- ասաց Հայր Շահեն։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունը հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք ուղղեց պ․գ․թ․ Արսեն Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսք ասաց 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Տոնո սարկավագ Ղազարյանը։

Հանդիսության ընթացքում Հայոց Հայրապետը պարգևներ հանձնեց ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Ցերեկույթն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական պատգամով ու օրհնությամբ։ Նորին Սրբությունը գոհունակությամբ ընդգծեց, որ Մայր Աթոռի տարեգրության մեջ արձանագրվել է արդյունավոր ուսումնառության, գիտելիքների ամբարման ու հոգևոր զարգացման ևս մեկ տարի։ Անդրադառնալով ճեմարանի 150-րդ տարեդարձին՝ Վեհափառ Հայրապետն արձանագրեց․ «Մեծ հոբելյանը մեկ անգամ ևս մեզ հիշեցնում է հոգևոր-կրթական հաստատությունների կոչման ու առաքելության և դարավոր ավանդների պահպանության կարևորությունը։ Գևորգյան հոգևոր ճեմարանի հիմնադիր Գևորգ Դ Հայրապետը, ինչպես մշտապես մեր Եկեղեցին, կրթության մեծ ջատագովն ու խրախուսողն էր, առավել ևս՝ հոգևոր կրթության, որը պայմանն է  բարոյական արժեքներով առողջ հասարակության կազմավորման, մարդկային կյանքի աստվածօրհնյալ ընթացքի»։ Նորին Սրբությունը հավելեց, որ մեկ և կես դար շարունակ Գևորգյան ճեմարանը՝ հակառակ հայ ժողովրդի ապրած ծանր տարիների և կրած մեծ դժվարությունների, կրթել է արժանավոր եկեղեցականների և մտավորականների սերունդներ, ովքեր ազգային կյանքում վառ են պահել հոգևոր լույսի ջահը, առաջնորդել ազգի զավակներին և զարկ տվել նրանց առաջադիմությանը։

Հայոց Հովվապետը ընդգծեց նաև հոգևորականների առաքելության կարևորությունը ներկա ժամանակներում․ «Հայրենի մեր երկրի առջև այսօր ծառացած արտաքին և ներքին մարտահրավերները, հայրենիքում և սփյուռքի համայնքներում տիրող անհանդուրժողության ու թշնամանքի մերժելի դրսևորումները, ազգային արժանապատվության շարունակ ոտնահարման և խորացող հուսալքության մտահոգիչ երևույթները, ապագայի շուրջ համընդհանուր հեռանկարի բացակայությունը վկայում են, թե որքա՛ն բարդ և խորն են հիմնախնդիրները, որով և՝ մեծ ու բազմազան սպասումները Հայ Եկեղեցուց և եկեղեցականությունից։ ․․․Անտարակույս, մեր կյանքի հավատավոր ու հայրենասեր ընթացքով, անձնդիր, բոլորանվեր ծառայությամբ ու սկզբունքային կեցվածքով պիտի լուծումներ ստանան մեր ժողովրդի առջև ծառացած ներկա բարդ ժամանակների խնդիրները, վերացվեն մոլորեցնող գործողություններն ու երևույթները և հաղթահարվեն աստվածամերժ ու կորստաբեր ընթացքները հայրենական մեր կյանքում։ Հավատում ենք, որ  իբրև Եկեղեցի՝ մեր Տիրոջ առաջնորդությամբ և մեր ժողովրդի միասնական ջանքերով, անպարտ ու զորավոր ոգով պիտի կարողանանք գտնել դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ առաջնորդող ուղիները»։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև շեշտեց, որ մեր երկրին պատուհասած փորձությունները հնարավոր է հաղթահարել միայն առ Աստված ապավինությամբ ու ազգային միասնությամբ, ամուր պահելով հավատը,  քրիստոնեական արժեքներով զորացնելով ու վեր բարձրացնելով մեր կյանքը և հաստատելով այն արդարության շավիղներում՝ զերծ պառակտումներից ու փլուզումներից, անտարբերությունից, անհոգի ու մակերեսային մտայնությունից։ Այս առնչությամբ Հայրապետը հորդորեց ապագա եկեղեցականներին իրենց ծառայությամբ հայորդիների սրտերում հաստատել սիրո, հույսի, հավատի տերունապարգև շնորհները և սեփական օրինակով առատացնել հավատարմությունն ու նվիրումը հայրենիքի, հայի ինքնության ու ազգային սրբությունների նկատմամբ։

Ամավերջյան փակման հանդիսության առիթով Հայոց Հայրապետն իր գնահատանքը հայտնեց տեսչական անձնակազմին և դասախոսներին՝ թելադրելով վերջիններիս հոգևոր կրթօջախի դերի ու կարևորության բարձր գիտակցությամբ շարունակելու կրթել հավատավոր, եկեղեցասեր ու հայրենասեր հոգևորականներ և Աստծո Խոսքի անհոգնաբեկ ավետարանողներ։

Նորին Սրբությունը նաև մաղթեց, որ Բարձրյալն առավել պայծառացնի ճեմարանականների միտքն ու հոգին, ամուր պահի հավատի և աննահանջ՝ ժողովրդին ու հայրենիքին ծառայելու սրբազան կոչման մեջ։

Վերջում Գարեգին Երկրորդ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված,  որ Տերն Իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղություն և անվտանգություն պարգևի հայրենի մեր երկրին, բարօր  կյանք՝ աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդին։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930