Լրահոս
Օրվա լրահոսը

«Վերջին 32 տարվա ընթացքում, մենք դարձել ենք փոխվստահություն ներշնչող լավ ընկերներ». «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողով՝ ԳԱԱ-ում

Հունիս 28,2024 16:34

Սույն թվականի հունիսի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ «Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսություն» միջազգային գիտաժողովը: Այն կազմակերպել էր ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտը՝ Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի աջակցությամբ։ Գիտաժողովին մասնակցեցին պետական, դիվանագիտական, գիտական և կրթական կառույցների ներկայացուցիչներ։

«Մշակութային երկխոսությունը քաղաքական, տնտեսական երկխոսության նախադուռն է, և այն կարևոր դեր կունենա, որպեսզի մեր երկու ժողովուրդների միջև ստեղծվեն ավելի կայուն տնտեսական, քաղաքական հարաբերություններ», – ասաց ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Նա նշեց, որ  հայ և չին ժողովուրդների միջև հարաբերությունները սկսվել են մեր թվարկության 2-րդ դարից։ «Դրանք եղել են առևտրական հարաբերություններ, զբաղվել են մետաքսի առևտրով, իսկ միջպետական հարաբերությունները սկսվել են 1992 թվականին։ Այսօր Չինաստանի արտաքին քաղաքականությունը խաղաղասիրական է և միտված է դեպի ժողովուրդների մերձեցում։ Մեր ժողովրդի, երկրի կարևոր խնդիրն է ակտիվացնել մեր հարաբերությունները Չինաստանի հետ, ամրապնդել և զարգացնել քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները։ Կարծում եմ՝ այս գիտաժողովը կունենա շարունակություն և կնպաստի մեր երկու երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը», – ասաց ակադեմիկոս Յուրի Սուվարյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունը։ «Ուրախ եմ այս գիտաժողովի շրջանակում ներկա գտնվել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Հայաստանն ու Չինաստանն աշխարհի հնագույն քաղաքակրթություն ունեցող երկրներից են։ Ավելի քան 2000 տարի առաջ Մետաքսի ճանապարհը խթանեց հայ-չինական կապերի զարգացումը։ Հայ-չինական բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ջրի նման հավերժ է և այսօր էլ շարունակում է շատ ակտիվորեն զարգանալ։ 2013 թվականին Չինաստանի նախագահը հանդես եկավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությամբ և այսպիսով կյանքի կոչեց Մետաքսի մեծ ճանապարհի ոգին, մեր օրերում խթանեց այս նախաձեռնությանը մասնակցող երկրների միջև համագործակցությունը՝ ներդնելով այդ գործում չինական իմաստություն։ Հայաստանն այն երկրներից է, որն առաջին իսկ օրերից պատրաստակամություն է հայտնել աջակցել նախաձեռնության զարգացմանը, և կողմերը ծավալել են փոխշահավետ համագործակցություն։ Դա լուրջ արդյունքներ է գրանցել հատկապես կրթության ոլորտում՝ ամուր հիմքեր գցելով հայ-չինական ավանդական բարեկամության և տարատեսակ ոլորտներում առկա համագործակցության հետագա զարգացման համար», – ասաց դեսպան Ֆան Յունը։ Նա նշեց, որ Հայաստանում չինարենի դասավանդումը նոր թափ է առնում, և չինարենն ուսումնասիրելու համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվել հայ երիտասարդների համար։

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Հարությունյանը նշեց՝ գիտաժողովը մեծապես պետք է նպաստի Հայաստան-Չինաստան մշակութային երկխոսության տարբեր հիմնահարցերի քննարկմանը։ «Արևելագիտության ինստիտուտը մեծ աշխատանք է իրականացնում գիտական դիվանագիտության ուղղությամբ, և պատահական չէ, որ մշակութային դիվանագիտությունը գիտական դիվանագիտության կարևոր ուղղություններից է, որը միտված է տարբեր երկրների հասարակությունների ընկալմանը և նրանց միջև փոխգործակցության մշակմանը», – ասաց Լիլիթ Հարությունյանը։

«Ուրախ եմ այցելել աշխարհի հնագույն մայրաքաղաքներից մեկը և մասնակցել այս գիտաժողովին։ Մեր ավանդական բարեկամությունը գալիս է դարերի խորքից և հատկապես դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո՝ վերջին 32 տարվա ընթացքում, մենք դարձել ենք փոխվստահություն ներշնչող լավ ընկերներ և անկեղծ համագործակցություն իրականացնող լավ գործընկերներ», – ասաց Չինաստանի Կրթության նախարարության Լեզվի կրթության և համագործակցության կենտրոնի կուսկոմի քարտուղարի տեղակալ Յու Թիենցին։ Նա նշեց, որ Հայաստանում մեծանում է հետաքրքրությունը չինարեն լեզվի նկատմամբ։ «Լեզուն մարդկային քաղաքակրթության կրողն է և ցանկացած երկիր ճանաչելու լավագույն բանալին։ Վերջերս հիմնադրվել է չինարեն դասավանդող ուսուցիչների միություն, որը մեծ ներդրում է ունենալու համագործակցության գործում», – հավելեց Յու Թիենցին։

ՀՀ Արտաքին գործերի նախարարության Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության Հյուսիս-արևելյան Ասիայի բաժնի պետ Սարգիս Շիրխանյանը նշեց՝ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների, դրանց պատմության, ընդհանուր ձեռքբերումների, մարտահրավերների հաղթահարման շուրջ վերլուծությունները շատ կարևոր են դիվանագետների համար։ «Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է», – շեշտեց Սարգիս Շիրխանյանը։

Գիտաժողովի մասնակիցներին ողջունեցին Չինաստանում Հայաստանի Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գևորգյանը և Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի Կոնֆուցիոսի ինստիտուտի հայկական կողմի տնօրեն Գոռ Սարգսյանը:

Գիտաժողովի ընթացքում ներկայացվեցին զեկուցումներ՝ նվիրված ՀՀ ԲՈՒՀ-երում չինարենի և Չինաստանի մշակույթի հետազոտություններին, Հայաստանի դպրոցներում չինարենի դասավանդմանը, Հայաստան-Չինաստան մշակութային ծրագրերի փոխանակման նշանակությանը տնտեսական համագործակցության համատեքստում, հայ-չինական հարաբերություններում գիտական դիվանագիտության դերին, հանրային դիվանագիտության մեջ լեզվի նշանակությանը, ինչպես նաև հայ-չինական բարեկամության դպրոցի դերին։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930