Լրահոս
Օրվա լրահոսը

Քրիստինե Վարդանյան. «Շարժման հռչակած նպատակները եթե իրականանան, բոլոր հայերի օգուտն է, իսկ ձախողմամբ կարող են ուրախանալ Ալիեւը, Նիկոլը, Էրդողանը, մեկ էլ՝ ՔՊ-ական շրջանակները»

Հունիս 28,2024 15:26

ՀՀ ԱԺ «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը «Հայելի» ակումբում պատասխանելով նրանց, ովքեր չարախնդում են, թե «Տավուշը հանուն հայրենիքի» պայքարն իբր մարում է՝ ասաց. «Սրբազան պայքարը այս ընթացքում մարզային հանդիպումների փուլ է հայտարարել: Պիտի հասկանալ, որ շարժման հռչակած նպատակները եթե իրականանան, դա բոլորի, բոլոր հայերի օգուտն է: Շարժման ձախողմամբ կարող են ուրախանալ Ալիեւը, Նիկոլը, Էրդողանը: Հա, մեկ էլ՝ ՔՊ-ական շրջանակները:

Ո՞րն է իրականությունը: Աննախադեպ թվով մարդիկ Շարժման կոչով մայիսի 9-ին հավաքվել են հրապարակում եւ ցույց են տվել իրենց դժգոհությունը: Այդ հանրահավաքն այնքան մեծ է եղել, որ անգամ գործող իշխանության ներկայացուցիչները չեն հերքում դրա աննախադեպ լինելը: Փաստացի, Նիկոլ Փաշինյանի՝ եկեք հանձնվենք, կարող է լավ լինել օրակարգին տասնյակ հազարավոր մարդիկ ոտքի են կանգնել ու ՈՉ են ասել: Դա արձանագրվել է բոլոր տեղերում՝ բոլոր երկրներում, բոլոր քաղաքներում:

Փաշինյանը իր «կառուցողական ընկերոջը» ասում է, որ ներսում որեւէ խնդիր չունի, վստահեցնում է, թե երբ ուզենա, պայմանագիրը կարող է ստորագրել: Նույնն ասում է Էրդողանին: Արեւմուտքին ասում է՝ որեւէ խնդիր չկա, ինքը ներսում իրավիճակին տիրապետում է: Ու այս ֆոնին ստիպված է եղել 20-ից ավելի նռնակ նետել մարդկանց վրա, որպեսզի կարողանա ադրբեջանական զորքերը բերել ու Տավուշում տեղակայել: Փաշինյանը, որ ասում է, թե երկրի ներսում խնդիր չունի, հյուրընկալել է միջազգային ֆորում, որի մասնակիցները, բառի բուն իմաստով ոստիկանների ու ճաղերի արանքով էին մի կերպ անցնում: Փաշինյանը, որ անընդհատ ասում է, որ լեգիտիմության խնդիր չունի, երկրի ներսում ամեն բան կարգին է, ստիպված է եղել առավոտյան նախատեսված ժամին Սարդարապատ չգնալ: Պետական արարողակարգն ամբողջությամբ խախտվել է, քանի որ երկրում այլ իրավիճակ է ստեղծվել:

Այո, Շարժումը սահմանված ժամկետում իր գլխավոր նպատակին չի հասել, եւ շարժման առաջնորդները հայտարարել են, որ վերադասավորման, նոր ուժ հավաքելու կարիք ունեն եւ այդ ուղղությամբ գործողություններ են ձեռնարկվում: Նաեւ մարզեր են այցելում, հանդիպումներ են ունենում: Դա պիտի բերի ուժի նոր մոբիլիզացիայի, պայքարի նոր որակի, ինչը ողջունելի է: Եվ չարախնդալ կարող են միայն ՔՊ-ական պատգամավորներն իրենց օգնականներով, Էրդողան-Ալիեւը, եթե չստացվի»,-ասաց դաշնակցական պատգամավորը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930