«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության գործողություններին։
«Ես վերահաստատում եմ Բագրատ սրբազանի խոսքն առ այն, որ հունիսի 12-ն իսկապես նոր Մարտի 1 էր կամ շրջված Մարտի 1 էր, այն տարբերությամբ, որ 2008 թվականի մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը փորձում էր բռնությամբ հասնել իշխանության, իսկ 2024 թվականի հունիսի 12-ին փորձում էր բռնությամբ պահել իր իշխանությունը։ Երկու դեպքում էլ իշխանության գալու եւ իշխանության պահպանման հարցում Նիկոլ Փաշինյանի հիմնական գործիքը բռնությունն էր։ Պարզապես այս անգամ Նիկոլ Փաշինյանն իր բռնությանը, հակաօրինական գործունեությանը մասնակից է դարձրել պետական համակարգին, ոստիկանությանը, քննչական կոմիտեին՝ ընտրովի արդարադատություն իրականացնելու իմաստով։ Եվ, ցավոք սրտի, մասնակից է դարձնում նաեւ ՀՀ դատախազությանը»,- լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Ըստ նրա՝ Հայաստանում իրականացվում է ընտրովի արդարադատություն։ «Մենք մեր հաղորդման մեջ նշել ենք, որ լուսաձայնային նռնակները կիրառվում են հատուկ դեպքերում՝ հակաահաբեկչական գործողությունների ժամանակ։ Ընդ որում, կիրառվել են այնպիսի նռնակներ, որոնց գործածումն արգելված է եղել 2016 թվականից սկսած։ Եթե 2018 թվականին լուսաձայնային նռնակ օգտագործելու կարգադրություն տալու համար պատասխանատվության է ենթարկվել նախկին փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանը, ապա հիմա հանրությունը տեղեկություն չունի որեւէ այդպիսի վարույթի մասին։
Ընտրովի արդարադատության արդյունքում շատ արագ բացահայտվում են շիշ նետած քաղաքացիները, նրանք ենթարկվում են ձերբակալման, անգամ տնային կալանքի, բայց այս ամբողջ ընթացքում հայտնաբերված եւ վարույթով անցնող ոստիկանների թիվը զրո է։ Ուզում եմ շեշտադրել, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքական իշխանության, բարձրագույն ղեկավարության, գործող վարչախմբի պարագլխի կողմից անմիջական խրախուսման արդյունքում։ Բռնությունը, մարդկանց սահմանադրական իրավունքն իրացնելու դեմ ուղղված ապօրինի գործողությունները պաշտոնապես ամենաբարձր մակարդակով խրախուսվում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Եվ այդ խրախուսմանը մենք պարզորոշ ականատես ենք եղել հունիսի 13-ին նրա կողմից տրված գնահատականով, առ այն, որ ոստիկանության գործողությունները եղել են պրոֆեսիոնալ։ Սա միակ դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանն արդարադատությանը միջամտում է»,- հավելեց Մենուա Սողոմոնյանը։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ