«Այսօր Իրանի ժողովուրդն առաջիկա չորս տարվա համար ընտրում է իր նախագահին։ Սրանք 14-րդ նախագահական ընտրություններն են, որ անցկացվում են Իրանի Իսլամական Հանրապետությունում»,- Երևանում՝ Իրանի դեսպանատանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը վստահեցրեց՝ այն վարչակազմը, որը ստեղծվում է, հիմնված է Իրանի ժողովրդի քվեի ու որոշման վրա․ «Այսօր մենք քվեարկում ենք հանուն հզոր Իրանի, հանուն առաջադեմ, երջանիկ և զարգացած Իրանի»։
Իրանում նախագահական ընտրությունները մեկնարկել են առավոտյան ժամը 08։00-ից և կընթանան մինչև ժամը 19։00-ը։ Դեսպանը հայտնեց՝ Իրանի այն քաղաքացիները, որոնք բնակվում են ՀՀ-ում, կամ այն զբոսաշրջիկները, որոնք գտնվում են ՀՀ-ում, կարող են այցելել Երևանում երկու ընտրատեղամասեր և քվեարկել։ Ընտրատեղամասերից մեկը դեսպանատանն է, մյուսը Երևանի Կապույտ մզկիթում, և մեկ շրջիկ քվեատուփ է նախատեսված Իրանի քաղաքացիների համար, որոնք առողջական պատճառներով չեն կարող այցելել ընտրատեղամաս, կամ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում»։
Կարդացեք նաև
Ընտրատեղամասերը բաց կլինեն ժամը 08։00-19։00։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է ընտրության արդյունքներն ազդեն Իրանի՝ ՀՀ-ի հետ տարվող քաղաքականության վրա, դեսպանը պատասխանեց․ «Մեր քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ սկզբունքային է։ Եվ այն կառավարությունները, որոնք իշխանության են գալիս, այդ քաղաքականության շրջանակում են գործում։ Մենք հարգում ենք ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը և մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության, ինչպես նաև աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության։ Այս սկզբունքային քաղաքականությունը երբեք չի փոխվի անկախ նրանից՝ Իրանում և ՀՀ-ում կառավարությունները կարող են փոխվել։ Մեզ համար ՀՀ-ն շատ կարևոր երկիր է, մեր լավ և ազնիվ հարևանն է։ Երկու երկրների անվտանգությունը և շահերը միմյանց շաղկապված են։ Եվ այս սկզբունքային քաղաքականությունը չի կարող փոխվել կառավարությունների փոփոխմամբ»։
Հարցին՝ հնարավո՞ր է Իրանն այսօր այդպես էլ նախագահ չընտրի, Իրանի դեսպանը պատասխանեց․ «Խնդրում եմ՝ մի քանի ժամ սպասել և տեսնել՝ ինչ կարող է լինել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է Իրանը գնահատում Պաղեստինի պետության ճանաչումը ՀՀ-ի կողմից, Մեհդի Սոբհանին պատասխանեց․ «Պաղեստինի հարցի նկատմամբ մեր սկզբունքային դիրքորոշումը հետևյալն է, որ մենք չենք ճանաչում մանկասպան ռեժիմը, սակայն ընդգծելով մեր այդ սկզբունքը՝ ևս մեկ անգամ պետք է նշեմ, որ մենք ողջունել ենք ՀՀ-ի որդեգրած այդ դիրքորոշումը Պաղեստինի պետությունը ճանաչելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու հարցում։ Այս քաջ ու դրական քայլը, որ կատարվեց ՀՀ-ի կողմից, ցույց է տալիս, որ միջազգային հանրությունը պաշտպանում է Պաղեստինի ժողովրդի իրավունքները։ Այն երկրները, որոնք աջակցում են Պաղեստինի ժողովրդի իրավունքներին, նրանց պատմության ճիշտ կողմում են գտնվում»։
Հարցին՝ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի՝ մասնավորապես Սյունիքի նկատմամբ հնարավոր ագրեսիայի դեպքում Իրանը ինչպիսի՞ գործողությունների կարող է դիմել, Իրանի դեսպանը պատասխանեց․ «Եթե երկրները ցանկություն են հայտնում խաղաղության մասին, նրանք սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն, եթե խոսքը խաղաղության երկխոսության մասին է։ Իսկ ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ մեր համագործակցության ձևի մասին, դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկալումների հիման վրա երկու երկրների շահերից բխող բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ-ի հետ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ