Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը չկայացավ մեղադրողի եւ պաշտպանի վատառողջության պատճառով

Հունիս 28,2024 14:24

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր պետք է կայանար ՀՀ ներքին գործերի նախկին նախարար, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող եւ հրապարակախոս Վանո Սիրադեղյանի գործով դատական նիստը: Սակայն մեղադրող Մովսես Անտոնյանը եւ պաշտպան Տիգրան Եգորյանը գրավոր ծանուցել էին, որ վատառողջ են, չեն կարող ներկայանալ եւ խնդրել էին նիստը հետաձգել:

Նկատի առնելով վերոնշյալը՝ դատավոր Վահե Դոլմազյանը դատական նիստը հետաձգեց: Հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 20-ին, ժամը 10:00-ին:

Հիշեցնենք, որ 1999 թվականի փետրվարին Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, որից հետո նա հայտնաբերվել եւ ձերբակալվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բանդիտիզմի, հրկիզման եղանակով ուրիշի գույքի ոչնչացնելը կազմակերպելու, ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մարդուն առեւանգելով կամ պատանդ վերցնելով այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով երկու կամ ավելի անձանց սպանության կազմակերպման, դրա նախապատրաստության համար:

2000 թ. ապրիլից հետո, երբ խորհրդարանը բավարարել է դատախազության միջնորդությունը եւ Վանո Սիրադեղյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից, նա լքել է Հայաստանը: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ դարձյալ հայտարարվել հետախուզում: Սակայն 2000 թ. ապրիլին դատարան ուղարկված քրգործի վարույթը կասեցվել է մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:

2021 թվականին ընդունվել եւ 2022 թ. հուլիսին ուժի մեջ է մտել Հայաստանի քրեադատավարական նոր օրենսդրությունը, որի շրջանակներում սահմանվել է կոռուպցիոն հանցագործությունների ցանկ, որում ներառված հանցագործությունների վերաբերյալ գործերը ենթակա են քննության ոչ թե ընդհանուր իրավասության, այլ Հակակոռուպցիոն դատարանում: Եվ քանի որ Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքների մեջ եւս կան կոռուպցիոն բնույթի հանցանքներ, նրա վերաբերյալ քրեական գործը 2022 թ. հոկտեմբերին ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան:

Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ հարուցված քրեական գործը ենթակա է կարճման, եթե անձը մահացել է: Սակայն այս կանոնը չի գործում, եթե մահացածի շահերի ներկայացուցիչը կամ իրավահաջորդը դրա դեմ առարկում է: Վանո Սիրադեղյանը մահացել է 2021 թ. հոկտեմբերի 15-ին:

Վանո Սիրադեղյանի իրավահաջորդ, նրա որդի Խաչատուր Սիրադեղյանը հոր մահվան հիմքով գործի կարճմանը համաձայն չէ եւ պահանջում է շարունակել գործի քննությունը՝ արդարացման ակնկալիքով:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930