Լրահոս
Օրվա լրահոսը

Այն պատկերը, ինչ տեսել ենք Լոռու մարզում, չէր կարող անտարբեր թողնել որեւէ մեկին. Ռուսական մարդասիրական առաքելության ներկայացուցիչ

Հունիս 28,2024 14:15

Հունիսի 27 -ին Ռուսական մարդասիրական առաքելությունը ջրհեղեղի հետևանքով տուժած Լոռու մարզ է հասցրել 7 տոննա մարդասիրական օգնության հերթական խմբաքանակը: Իսկ մեկ օր առաջ էլ Հանքավանի «Լուսաբաց» մանկական ճամբարում Արցախից տեղահանված երեխաների երկրորդ հերթափոխը ավարտել է իր հանգիստը։ Այս նախագիծն իրականացվել է Ռուսական մարդասիրական առաքելության կողմից Երեւանում Ռուսական տան աջակցությամբ եւ «Ռոսատոմ» կորպորացիայի ֆինանսական մասնակցությամբ։

«Հայաստանում Ռուսական մարդասիրական առաքելությունը շարունակում է իր առաքելությունը Հայաստանում: Մենք չէինք կարող չարձագանքել Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղին, դրա համար որոշում կայացրեցինք անպայման օգնություն ցուցաբերել»,- թեմայի վերաբերյալ Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ռուսական մարդասիրական առաքելության առաջատար փորձագետներից Վիկտորիա Բիլոուսովան: Նա տեղեկացրեց, որ մարդասիրական օգնությունը Լոռու մարզ են հասցրել 2 բեռնատարներով, ունեցել են ինչ-ինչ խոչընդոտներ, քանի որ կամուրջները քանդված էին, սակայն տեղական ուժերի աջակցությամբ կարողացել են իրագործել իրենց առաքելությունը:

Վիկտորիա Բիլոուսովայի ձեւակերպմամբ, այն պատկերը, ինչ տեսել են Լոռու մարզում, չէր կարող անտարբեր թողնել որեւէ մեկին, իսկ ամենատուժած համայնքներից մեկը, նրա խոսքով, ամբողջությամբ ջրածածկ Քարկոփն է եղել. «Մենք կարծում ենք, որ մեր օգնությունը ցուցաբերվել է ժամանակին եւ շատ տեղին է եղել, ինչը մեր կազմակերպության հիմնական սկզբունքներից է»:

Ռուսական մարդասիրական առաքելության առաջատար փորձագետներից Արսենիյ Պրոնինն էլ հավելեց. «Բարեբախտաբար, մասնավորապես Քարկոփում վերականգնողական աշխատանքներ են իրականացվել տեղական իշխանությունների կողմից: Բնակիչների մեծ մասը դեռ շարունակում է կարգի բերել իրենց տները, որպեսզի հնարավոր լինի դրանցում ապրելու համար»:

Առաքելության փորձագետները կարեւորեցին հատկապես էլեկտրագեներատորի տեղափոխումը աղետի վայր, որի շնորհիվ մարդիկ կարող են հոսանք ունենալ՝ մասնավորապես բժշկական հաստատություններում:

Վիկտորիա Բիլոուսովան փաստեց, որ իրենց կազմակերպությունը տարբեր երկրներում աշխատանքի մեծ փորձ ունի, իսկ իրենց տրամադրած օգնության փաթեթները տարբերվում են՝ կախված, թե ինչ աղետ է եղել, եւ որ տարածաշրջանում: Հավելեց, որ օրինակ, մահմեդական երկրներում պահածոյացված տավարի միս եւ ձուկ են տանում, իսկ Հայաստանում այնպիսի սնունդ, ինչն ընդունված է մեր երկրում:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930