Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոստիկանության ղեկավարության կողմից եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքը խաթարելու, անկարգության վերածելու եւ ճնշելու նպատակով». Չալաբյան

Հունիս 28,2024 13:51

«Հայաքվե» նախաձեռնությունն այսօր հանցանքի մասին հաղորդում ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազություն, որը վերաբերում է հունիսի 12-ին ոստիկանության գործողություններին։

«Այդ ողբերգական դեպքերից արդեն երկու շաբաթից ավելի ժամանակ է անցել, եւ այս ընթացքում արդեն քրեական գործեր են հարուցված, բազմաթիվ տուժողներ հանցանքի մասին հաղորդում են տվել։ Եվ ձեզ պետք է հետաքրքրի հարցը, թե ինչո՞ւ ենք մենք այսօր եւս մեկ հաղորդում տալիս հանցանքի մասին։ Այս գործողության հիմնական նպատակն այն է, որ մեր տեսանկյունից հունիսի 12-ին տեղի են ունեցել ոչ միայն անջատ դեպքեր՝ հատուկ միջոցների կիրառման կամ ցուցարարների նկատմամբ ոստիկանական բռնության, այլ ոստիկանության ղեկավարության կողմից եղել է կանխամտածված սադրանք՝ խաղաղ հավաքը խաթարելու, խաղաղ հավաքը անկարգության վերածելու եւ ճնշելու նպատակով։ Եվ բոլոր այն փաստերը, որոնք մենք հավաքել ենք, մասնավորապես ոստիկանության գործողությունների վերաբերյալ, վկայում են դրա մասին»,-լրագրողներին ասաց «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը։

Նրա խոսքով՝ ի սկզբանե խաղաղ հավաքի հարեւանությամբ ներկա են եղել ոստիկանության զորքեր։ Այնինչ, ոստիկանության մասին օրենքով ոստիկանական զորքերի ներկայությունը խաղաղ հավաքի հարեւանությամբ արգելվում է։ Ոստիկանական զորքերը կարող են ներգրավվել միայն զանգվածային անկարգությունների դեպքում։

Անօրինականություն թույլ տալու երկրորդ փաստը, նրա խոսքով, այն է, որ ոստիկանների կողմից սկսվել են սադրանքներ խաղաղ ցուցարարների նկատմամբ։ «Մասնավորապես, ովքեր այնտեղ ներկա են եղել, տեսել են, թե ինչպես են ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների ուղղությամբ նետվում տարբեր իրեր, մասնավորապես, շշեր, որը ոստիկանական ոչ մի գործառույթի մեջ չի մտնում։ Դա արվել է ցուցարարներին սադրելու նպատակով։

Երրորդը՝ ոստիկանական տարբեր ստորաբաժանումների կողմից խաղաղ ցուցարարներ են անջատվել ցույցից եւ հետո դաժան ծեծի ենթարկվել, որը եւս հակասում է օրենքին։

Եվ վերջապես մյուս փաստը՝ հատուկ միջոցների կիրառումը ցուցարարների նկատմամբ, երբ ցուցարարներից ոստիկանների նկատմամբ որեւէ վտանգ չի եղել։ Այս բոլորի առկայությունը հիմք է տալիս մեզ ենթադրելու, որ նպատակն ի սկզբանե եղել է խաղաղ հավաքի ընթացքը խաթարելը, այն վերածել անկառավարելի մի գործընթացի եւ մեղքը բարդել հանրահավաքի կազմակերպիչների վրա։ Ուստի, այսօր մեր ներկայացրած հանցանքի մասին հաղորդումն առաջին հերթին անդրադառնում է այդ գործոններին եւ առաջարկում է Գլխավոր դատախազությանը հարուցել քրեական գործ մեր Քրեական օրենսգրքի 236, 441 եւ 450 հոդվածներով։ 236 հոդվածը խաղաղ հավաքի մասնակցությանը խաթարելն է, 441 հոդվածը՝ պաշտոնատար անձանց կողմից սեփական իրավասությունների գերազանցումն է, օրինակ, ոստիկանական զորքերի կիրառումը։ Եվ 450 հոդվածը, որն ամենախիստն է, պաշտոնատար անձանց կողմից կազմակերպված կերպով երրորդ անձանց նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական բռնության կիրառումն է, երբ չի եղել դրա իրավական հիմքը»,- հավելեց Չալաբյանը։

Նա հավելեց, որ այս հաղորդումը ներկայացնելու են նաեւ միջազգային կառույցներին, որպեսզի տեսնեն՝ հունիսի 12-ին տեղի ունեցածը ոտնձգություն է ժողովրդավարության, քաղաքացիների իրավունքների դեմ։ Եվ դա կազմակերպվել ու հովանավորվել է գործող քաղաքական իշխանության կողմից ու արվել է ոստիկանության ձեռքով։

Հարցին, թե ի՞նչ երաշխիք կա, որ արդար քննություն կլինի, եթե այդ գործողությունները կազմակերպված են քաղաքական իշխանության կողմից, Չալաբյանը պատասխանեց. «Գործող իշխանությունների առկայության պայմաններում մենք ոչ մի երաշխիք չունենք։ Բայց մենք միշտ ելնում ենք այն կանխավարկածից, որ ոչ միայն այս իշխանությունները հավերժ չեն, այլեւ ընդհակառակը, նրանց օրերը հաշված են, նրանց իշխանության անկումը եւ վախճանը մոտալուտ հեռանկարում շատ տեսանելի է։ Ուստի, այսօր այս իրավական գործընթացները պետք է ձեռնարկել, որպեսզի երբ Հայաստանում իշխանությունը փոխվի, հնարավորություն լինի մեղավորներին իսկապես պատժել։ Բացի դա, թույլ չտալ, որ ապագայում որեւէ այլ իշխանություն ոստիկանությունը եւ իրավական համակարգն օգտագործի սեփական իշխանությունը երկարաձգելու եւ քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնություն կիրառելու նպատակով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել