Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք աջակցում ենք Հայաստանի ինքնիշխանությանը, ՀՀ կառավարության և ժողովրդի ընտրությանը։ Այլ բանի համար չենք փոխհատուցում»․ Վասիլիս Մարագոս

Հունիս 28,2024 15:00

Aravot.am-ի հետ հարցազրույցի ժամանակ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ եւ լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը վստահեցրեց՝ իրենք ուշադիր հետևում են Տավուշում, ինչպես նաև Երևանում զարգացումներին։ Վասիլիս Մարագոսի հետ հարցազրույցն Aravot.am-ն անցկացրել է մայիսի 27-ին։

– Պարո′ն դեսպան, մարտի 13-ին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որով կոչ է անում դիտարկել Հայաստանին՝ ԵՄ-ին անդամակցելու թեկնածուի կարգավիճակ տալու հնարավորությունը։ Ինչպե՞ս կգնահատեք այս հնարավորությունը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ՀՀ-ն չի ստորագրել Ասոցացման համաձայնագիր, ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի անդամ է և չունի ընդհանուր սահման ԵՄ-ի հետ։ Չեք կարծո՞ւմ, որ սրանք խոչընդոտներ են։

Հայաստանն ու Եվրամիությունն ունեն շատ սերտ հարաբերություններ, գործընկերություն։ Դա հիմնված է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վրա, որը ստորագրվել է 2017-ին, այնուհետև՝ 2018-ին համաձայնեցրել ենք մեր գործընկերության առաջնահերթությունները։ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում Հայաստանն ունի պարտավորություններ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության մոտարկմանը։ Եվ սա չափազանց կարևոր գործոն է, որը շատ կոնկրետ է դարձնում մեր համագործակցությունը` միաժամանակ տեղում աջակցելով ընթացող բարեփոխումներին։ Այս բարեփոխումների հիման վրա մենք վերջին մի քանի տարիներին զարգացրել ենք համագործակցությունը։

ԵՄ-ն Հայաստանի բարեփոխումների հիմնական գործընկերն է, և մենք ներկայումս ունենք տարբեր ոլորտներում ՀՀ-ին աջակցության՝ ավելի քան 350 միլիոն եվրոյի ԵՄ դրամաշնորհային պորտֆել։ Այժմ աշխատում ենք այս գործընկերությունը խորացնելու ուղղությամբ, մասնավորապես այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետը Եվրախորհրդարանում խոսեց հարաբերությունները խորացնելու և միմյանց հետ մերձենալու մասին։

Մենք առաջ ենք մղել համագործակցությունը, սկսել ենք աշխատանքը գործընկերության նոր օրակարգի վրա, ներկայացվել է նոր՝ ՀՀ-ի դիմակայունության և աճի ծրագիրը։ Այսպիսով, այս ամենը ՀՀ-ին շատ ավելի է մոտեցրել ԵՄ-ին, և մենք այժմ աշխատում ենք տեղում ապահովելու այս օրակարգը: Ձեր նշած բոլոր փաստերը չափազանց կարևոր են, դրանք պետք է հաշվի առնել:

Ինչ վերաբերում է թեկնածուի կարգավիճակ շնորհելուն, ուզում եմ շեշտել՝ պարզ է, թե որն է ընթացակարգը, որոնք են ԵՄ անդամակցության համար դիմելու իրավունքներն ու պարտավորությունները, և դա հայ ժողովրդի ինքնիշխան որոշումն է։ Մի կողմից մենք քննարկում ենք գործընկերության նոր օրակարգը, բայց մյուս կողմից` դա իսկապես ինքնիշխան որոշում է, թե ինչպիսին կլինեն հարաբերությունները գործընկեր երկրի և ԵՄ-ի միջև:

Հավանաբար տեսել եք Եվրախորհրդարանի բանաձևը, որտեղ խոսվում է հարաբերությունների ամրապնդման մասին։ Սա ցույց է տալիս այն աջակցությունը, որն առկա է ԵՄ-ի տարբեր ինստիտուտների կողմից ՀՀ-ի հետ հարաբերություններն ամրապնդելու համար:

-ԵՄ պաշտոնյաները մշտապես հայտարարում են, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՀՀ-ին դիվերսիֆիկացնել իր տնտեսությունն ու քաղաքականությունը։ Սակայն նախկինում կայացրած որոշումների պատճառով` ՀՀ-ն գտնվում է ՌԴ-ից կախվածության մեջ տարբեր ոլորտներում: Ըստ ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ ՀՀ ներկրվող գազի 87,5% -ը Ռուսաստանից է, ՀՀ-ի արտահանումների առյուծի բաժինը դեպի ՌԴ է։ Այս իրավիճակում ինչպե՞ս եք պատկերացնում տնտեսական և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացում։

-ԵՄ-ն աջակցում է ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ ուժեղացնել, մրցունակ դարձնել և դիվերսիֆիկացնել տնտեսությունը։ Այս համատեքստում մենք գործընկերներ ենք, և արդեն տրամադրել ենք աջակցություն՝ ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի, տարատեսակ բարեփոխումների համատեքստում, որոնք ՀՀ-ն ավելի մրցունակ կդարձնեն։ Ուզում եմ ընդգծել, որ դիվերսիֆիկացիան մրցունակության և ինքնիշխանության ամրապնդման համար ևս մեկ հանգամանք է։ Մենք այս համատեքստում գործընկերներ ենք և ունենք ծրագրեր օգնելու զարգացնել որակի ենթակառուցվածքները, ինչն ավելի մրցունակ կդարձնի մասնավոր հատվածը։ Ավելի քան 350 միլիոն եվրոյի ներդրում է կատարվել մասնավոր հատվածի զարգացման համար՝ տնտեսական և ներդրումային պլանի համատեքստում։ Էներգետիկ ոլորտը ևս ՀՀ-ի դիմակայունության և աճի ծրագրի մի մաս է։

Իհարկե, մենք պատրաստ ենք անել ավելին, բայց նաև շատ բան անում ենք վերականգնվող էներգիայի ոլորտում, որպեսզի նոր հնարավորությունները՝ ինչպիսիք են կլիմայի անցումը, վերականգնվող էներգիայի օգտագործումը կարողանանք առաջարկել ՀՀ-ին։ Արևային էներգիայի օգտագործման ոլորտում արդեն կան ներդրումներ։ Մասնավորապես, մենք աջակցում ենք միակցվածության ընդլայնմանը։ Էլեկտրաէներգիայի միացման գիծը Վրաստանի միջով, նաև թույլ կտա Հայաստանին միանալ Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծին, ինչը շատ ավելի կսերտացնի կապը Եվրոպայի հետ: Այս ամենը կարևոր է ՀՀ-ի դիմակայունությունն ամրապնդելու համար, ինչպես նաև՝ էներգետիկ փոխակերպման, էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայի հարցում նոր հնարավորություններ են։

Ուզում եմ նաև շեշտել, որ վերջին շրջանում ԵՄ-ն ներդրումներ է կատարում հատկապես միջուկային անվտանգության ոլորտում։ Ավելի քան 60 միլիոն եվրոյի ներդրում է կատարվել Մեծամորի ատոմակայանում և մենք կշարունակենք ներդրումները միջուկային անվտանգության ոլորտում, քանի որ կարևորում ենք ՀՀ-ում միջուկային էներգիան, ինչպես նաև փարատելու միջուկային անվտանգության ոլորտում Հայաստանի քաղաքացիների մտահոգությունները։ Այս բոլոր ոլորտներում մենք պետք է տեսնենք, թե այժմ ինչ բացթողումներ կան գործընկերության հետ կապված ու թե ինչպես կարող ենք ավելի ամուր դարձնել մեր հարաբերությունները:

Ինչ վերաբերում է առևտրի դիվերսիֆիկացիային, երկու շաբաթ առաջ ՀՀ այցելեց ԵՄ առևտրի գծով հանձնակատար, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը, և ՀՀ կառավարության հետ քննարկում եղավ առևտրի ու տնտեսական դիվերսիֆիկացիայի հարցերի շուրջ։ Շատ հնարավորություններ կան, մասնավորապես նա ներկայացրեց ԵՄ-ի՝ միասնական շուկայի ծրագրին մասնակցության մասին, ինչը հնարավորություն կտա հայկական ընկերություններին, որոնք ուզում են արտահանում կազմակերպել դեպի ԵՄ շուկա, դիմել տարբեր գործիքների և ունենալ հնարավորություններ ԵՄ շուկա արտահանման համար։ ԵՄ շուկան պատրաստ է ընդունել հայկական ապրանքներ։ Հայկական կողմի հետ միասին պետք է աշխատենք՝ համոզվելու , որ դա հնարավոր է, հաշվի առնելով տարբեր չափանիշները, որոնք կիրառվում են հայկական արտադրություն ստեղծելիս։

– Բրյուսելում՝ ապրիլի 5-ին տեղի ունեցավ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի, ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Սամանթա Փաուերի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հակառակ հայ հասարակության սպասումների՝ Բրյուսելում քաղաքական հարցեր չքննարկվեցին։ Ուստի, կարելի՞ է ենթադրել, որ, համենայն դեպս, այս պահին ԵՄ-ն չի ցանկանում խորացնել հարաբերությունները ՀՀ-ի հետ։

-Բրյուսելում ապրիլի 5-ին կայացած հանդիպումը չափազանց կարևոր էր մեր գործընկերության, ՀՀ-ի համար, և ես կարծում եմ, որ դա նաև ցույց է տալիս համակարգման մակարդակը, որը կա ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև։ Մենք աջակցում ենք ՀՀ-ի ինքնիշխանությանը, դիմակայունությանը, ինչպես նաև ՀՀ կառավարության և ժողովրդի ընտրությանը։

Մենք չենք փոխհատուցում այլ բանի համար, չենք պատրաստվում ինչ-ինչ հաշվարկներ անել, որոնք կապված են այն հարցերի հետ, որոնք դուք նշեցիք։ Այնուամենայնիվ, մեր աջակցությունը հստակ է․ այն ուղղված է բարեփոխումների նկատմամբ հասարակության դիմակայունությանը ընթացիկ բարեփոխումների առումով։ ԵՄ-ն մշտապես ՀՀ-ի բարեփոխումների գործում կարևոր գործընկերն է, միշտ եղել է, և մենք կշարունակենք դա այդ գործը։

Մենք աջակցում են տնտեսության և առևտրի դիվերսիֆիկացմանը՝ հստակ ներդրումներով առաջին հերթին մասնավոր հատվածում։ Մասնավոր հատվածի ընկերությունները ստանում են հստակ աջակցություն ԵՄ-ից, և մենք պատրաստվում ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք հայկական ապրանքները կդարձնեն ավելի մրցունակ։ Այս ամենը ՀՀ-ին թույլ կտա ոչ միայն դեպի ԵՄ արտահանել, այլև մուտք գործել այլ մրցունակ շուկաներ։

Շատ կարևոր է նաև ՀՀ-ի արտահանման ծավալների աճը դեպի ԱՄԷ, այլ երկրներ, որոնք ունեն կարիքներ, որոնք կարող են բավարարվել հայկական արտադրությամբ։ Այս համատեքստում մենք ուժեղացնում ենք ՀՀ տնտեսության դիմակայունությունը։

Այս փաթեթով պատրաստվում ենք ամրապնդել նաև ԼՂ-ից փախստականների, տեղահանվածների երկարաժամկետ կենսապահովման համար ինտեգրման և ներառման աջակցությունը։ Որպես աջակցություն ԵՄ-ն և անդամ երկրներն արդեն տրամադրել են ավելի քան 60 միլիոն եվրո վարկ։

Այժմ մենք քննարկում ենք նոր բյուջետային աջակցության ծրագրի շարունակության հնարավորությունը։ Ունենք 2024-ի տարվա համար նախանշվող ծրագրերը, ինչպես նաև կառավարության բնակարանային ապահովման ծրագրին աջակցելու հնարավորությունները։ Սա ճկունության դրսևորման լրացուցիչ բաղադրիչը, որը մենք առաջարկում ենք ՀՀ-ին, և պատրաստ ենք հետագայում նույնպես աջակցել կառավարության, անհատների, քաղհասարակության ջանքերին։

Մենք պատրաստվում ենք մշակել և ստորագրել 9 միլիոն եվրոյի նոր ծրագիր, որով կաջակցենք ԼՂ-ի ժողովրդի ինտեգրմանը, աշխատանքի ապահովմանը, սոցիալական աջակցությանը։

Աջակցության մյուս կարևոր բաղադրիչը աջակցությունն է Սյունիքին։ Սյունիքը ՀՀ-ի այն մարզն է, որն ընդունել է ԼՂ-ից զգալի թվով փախստականներ։ Մեր անդամ երկրների և Շվեյցարիայի հետ միասին ավելի քան 120 միլիոն եվրո ենք հատկացրել Սյունիքին՝ սոցիալ-տնտեսական աջակցության, փախստականների ինտեգրման, փոքր ենթակառուցվածքների, նաև մարդկային կապիտալում ներդրումների համար։ Մենք պատրաստվում ենք աջակցել COAF-ի ներքո երկու նոր կենտրոնների ստեղծմանը, որոնք շատ կոնկրետ հնարավորություններ կտան հատկապես սոցիալական և ընտանեկան անբարենպաստ պայմաններ ունեցող երեխաներին՝ ձեռք բերելու այն հմտությունները, որոնք թույլ կտան նրանց ավելի լավ ինտեգրվել աշխատաշուկայում, մասնակցել նաև երկրի սոցիալ-տնտեսական կյանքին։

Կարծում եմ՝ սրանք կարևոր և զգալի ջանքեր են, որոնք ԵՄ-ն գործադրում է, և, իհարկե, այստեղ առանցքային խնդիրն այն բարեփոխումներն են, որոնք իրականացնում է ՀՀ կառավարությունը, որպեսզի ձեր երկիրը դառնա ավելի ինքնիշխան, ավելի դիմակայուն, և մենք աջակցում ենք այդ բարեփոխումներին: Առանց ժողովրդի, մասնավոր հատվածի քաղաքացիական հասարակության և կառավարության հանձնառության կարծում եմ՝ ԵՄ-ի օգնությունը բավարար չի լինի ձեր ինստիտուտները, ձեր դիմակայունությունը , ձեր ինքնիշխանությունը ամրապնդելու համար։ Այսպիսով, մենք այստեղ ենք աջակցելու այն ընտրությանը, որը կատարում է հայ ժողովուրդը:

-Խոսելով ԵՄ-Հայաստան համագործակցության մասին անվտանգության ոլորտում՝ հայ հասարակության շրջանում հարց է առաջանում՝ ԵՄ-ն անվտանգային ի՞նչ գործիքակազմ է առաջարկում ՀՀ-ին այն դեպքում, երբ Ադրբեջանը հարձակվի, քանի որ հանրության շրջանում կա այն համոզումը, որ լավ, թե վատ՝ այս պահին միայն ՌԴ-ն ունի պաշտպանական, անվտանգային գործիքակազմ։

-ԵՄ-ն աջակցում է ՀՀ-ում ընթացող բարեփոխումներին, որոնք կարող են ամրացնել ՀՀ-ի անվտանգությունը։ Այս ոլորտում ինտենսիվ երկխոսություն ունենք, և, ինչպես գիտեք, մենք ուսումնասիրել ենք հետագա աջակցության հնարավորությունները՝ մասնավորապես, «Խաղաղության եվրոպական գործիքակազմի» շրջանակներում: ՀՀ-ի խնդրանքով նաև տեղակայել ենք շատ կարևոր և նշանակալի քաղաքացիական դիտորդական առաքելություն, որը դիտարկում է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով` օգնելով նվազեցնել լարվածությունը։

Մենք մեծապես ներգրավված ենք խաղաղության գործընթացի դյուրացման գործում: Աջակցել ենք տարածաշրջանում խաղաղությանն ուղղված բանակցային բոլոր ջանքերին, և հստակորեն դեմ ենք ցանկացած դրսևորմամբ ուժի կիրառմանը։ Այսպիսով, այդ տեսանկյունից խաղաղությանն ու կարգավորմանը մեր զգալի աջակցությունն արդեն տեսանելի է, և հատկապես ՀՀ-ի ժողովուրդը գնահատել է ԵՄ քաղաքացիական առաքելության ներկայությունը, որն արդեն տվել է շատ կոնկրետ արդյունքներ։

-Խոսեցիք առաքելության հետագա ուժեղացման մասին։ Ի՞նչ է դա նշանակում՝ արդյոք դիտորդական առաքելության մանդատը կընդլայնվի՞։ Խնդրում եմ նաև տեղեկություններ հաղորդեք խնդրահարույց հատվածներում՝ օրինակ` Ներքին Հանդում դիտորդական առաքելության իրականացման վերաբերյալ։

Առաքելությունն այստեղ է սահմանի երկայնքով դիտորդություն և պարեկություն իրականացնելու համար։ Առաքելության թվակազմի, դիտորդների և աջակցող անձնակազմի ընդլայնում արդեն եղել է։ Որոշումն ընդունված է։ Իրականացման փուլում ենք։ Ինչ վերաբերում է դիտարկվող տարածքներին և թե ինչպես է դա արվելու, դա արվում է ՀՀ իշխանությունների հետ համագործակցությամբ՝ երբ հարցը բոլոր տարածքներ մուտք գործելուն է վերաբերում։ Եվ մենք հիմա ՀՀ իշխանությունների հետ քննարկում ենք, թե ինչպես երաշխավորել դիտորդական առաքելության մուտքը բոլոր այն տարածքներ, որոնց վրա տարածվում է առաքելության մանդատը։

-Այս հարցում առաջընթաց կա՞․ օրինակ ԵՄ դիտորդական առաքելությանը հաջողվե՞լ է մուտք գործել Ներքին Հանդ։

-Մենք սերտորեն համագործակցում են ՀՀ կառավարության հետ վստահ լինելու համար, որ առաքելությունն ունի մուտքի հնարավորություն բոլոր այն տարածքները, որոնք առաքելության մանդատի տիրույթում են։

-ՀՀ-ն ԵՄ-ից աջակցության ի՞նչ փաթեթ կարող է ակնկալել։ Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին 2021-ին Հայաստանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ԵՄ-ն 1,6 միլիարդ եվրո է հատկացնում 5 առաջնահերթ հատուկ ծրագրերի համար ու լրացուցիչ 1 միլիարդ եվրո մոբիլիզացնում այլ աղբյուրներից։ Իսկ ընդհանուր առմամբ կարողանում է 2,6 մլրդ. եվրո համախմբել Հայաստանի համար այս ծրագրի ներքո: Այս 2,6 միլիարդ եվրոյից որքա՞ն է մոբիլիզացվել Հայաստանի համար։

– Դա տարածաշրջանի համար գործող Տնտեսական և ներդրումային պլանի մասն էր, և պետք է ասեմ՝ ՀՀ-ն այս նախաձեռնության ամենակարևոր շահառուներից է ։ 2,6 միլիարդ եվրոն առավելագույն ներդրման չափն է։ ԵՄ բյուջեից այն, ինչ ներկայումս նախատեսում ենք, կազմում է 1,6 միլիարդ, սակայն այս գումարը կարող է լինել ավելի մեծ կամ ավելի փոքր՝ կախված այն բանից, թե ինչպես են տեղում կատարվում տարբեր ներդրումները։

Ապրիլի 5-ին Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ մենք արդեն մոբիլիզացրել ենք ավելի քան 550 միլիոն եվրո։ Այս գումարը հիմնականում հատկացվել է մասնավոր հատվածի զարգացմանը: Երևան համայնքին են մատակարարվել «կանաչ» ավտոբուսները՝ օգնելով մայրաքաղաքային տրանսպորտի գործարկման բարելավմանը և արդիականացմանը։ «Կանաչ Երևան»-ի համատեքստում հիմնանորոգվել է 70 մանկապարտեզ ՝ ապահովելով դրանց էներգաարդյունավետությունը։ Այս մանկապարտեզներում հանդիպեցի բազմաթիվ երջանիկ երեխաներ և ընտանիքներ։

Այս ամենը այն ջանքերի մի մասն է, որը մենք միասին ներդնում ենք ՝ աջակցելու Հայաստանի իշխանությունների կողմից նախատեսվող ներդրումներին։

Սպասվող շատ կարևոր ներդրումներից մեկը Հյուսիս-Հարավ ճանապարհի՝ Սիսիան-Քաջարան հատվածի կառուցումն է։ Այն ներառում է 3 մասնաբաժին, որոնցից մեկը թունելի կառուցումն է։ Այս ներդրումն այժմ առաջ է ընթանում, այն կարևոր առաջընթաց է գրանցել նախապատրաստական փուլում, և ակնկալվում է, որ այս ներդրումը կներգրավի ավելի քան 1 միլիարդ եվրո ֆինանսավորում։

Բայց այս նախագծերով չենք սահմանափակելու մեր համագործակցությունը։ ՀՀ իշխանությունների հետ մենք գործընկերության համատեքստում ստեղծել ենք ներդրումային հարթակ, քննարկել, թե ինչպես կարող ենք արագություն հաղորդել այդ ծրագրերին։ Արդեն նշեցի նաև Վրաստանով էլեկտրաէներգիայի փոխանցման ծրագիրը, մի գործընթաց, որը միգուցե անհրաժեշտ է երկրի դիմակայունությունն ու մրցունակությունը ամրապնդելու համար, բայց նաև այդ ​​ծառայությունները մատուցվում են ուղղակիորեն քաղաքացիներին:

Սյունիքում էի, և կարող եմ ասել՝ այնտեղ կան ենթակառուցվածքների հետագա ամրապնդման լայն հնարավորություններ։ Ուստի ես վստահ եմ, որ մենք գտնվում ենք տնտեսական և ներդրումային պլանի իրականացման լավ ուղու վրա, բայց պատրաստ ենք ավելացնել հետագա ներդրումները նաև Դիմակայունություն և աճի ծրագրի համատեքստում, որը կօգնի Հայաստանի «կանաչ», «թվային» անցման գործում, ենթակառուցվածքների հզորացման ճանապարհին։

Թույլ տվեք նաև անդրադառնալ Լոռիում և Տավուշում տեղի ունեցած աղետալի հեղեղումներին։ ՀՀ իշխանությունների հետ սերտորեն քննարկում ենք, թե ինչպես կարող ենք աջակցել ջրհեղեղից տուժած բնակչության անմիջական կարիքների, ինչպես նաև ենթակառուցվածքների ուղղությամբ։ Մենք իրականում քննարկում ենք, թե ինչպես կարող ենք հետագայում աջակցել Հայաստանի կողմից ԵՄ Քաղաքացիական բնակչության պաշտպանության մեխանիզմի կիրառմանը: Եվ այս համատեքստում մենք պատրաստ ենք դիտարկել հետագա կարիքները՝ դրանց առաջանալու դեպքում։

-Այսինքն՝ շատ բան էլ կախված է Հայաստանի՞ց, թե ինչքան աջակցություն կստանա ԵՄ-ից, քանի որ նաև կարողությունների հարց է։

-Կարողությունների հարցը կարևոր է ԵՄ-ի ցանկացած գործընկերոջ համար։ Մենք առաջընթաց ենք գրանցել համակարգման, փոխգործակցության ամրապնդման հարցում, և ես արդեն նշեցի ներդրումային հարթակը, որն օգնեց հստակեցնել, թե ինչ է պետք անել տարբեր ներդրումների առումով։ Վստահ եմ, որ լավ համակարգման, լավ համագործակցության, ինչպես նաև կառավարության, նախարարությունների, նախարարների, վարչապետի կողմից լավ առաջնորդության դեպքում կարող ենք հաջորդ փուլում զարգացնել մեր համագործակցությունը։

-Կցանկանայի Ձեր կարծիքն իմանալ այն մասին, ինչ այժմ կատարվում ՀՀ-ի ներսում։ Փողոցներում շարժման մասնակիցներն են։ Ժողովրդավարության տեսանկյունից Ձեզ և ԵՄ-ի համար ընդունելի՞ են ՀՀ ոստիկանության գործողությունները՝ մասնավորապես քաղաքացիների նկատմամբ բռնությունները։

-Ժողովրդավարական բարեփոխումները, պետական ինստիտուտների, ՀՀ կառավարության, խորհրդարանի, բոլոր ինստիտուտների ժողովրդավարական լիազորությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության և ժողովրդի հանձնառությունը խիստ կարևոր են։ Մենք հպարտ ենք լինել ՀՀ-ի կարևոր գործընկերը, երբ խոսքը ժողովրդավարական բարեփոխումների մասին է։

Ցանկանում եմ ընդգծել բոլոր այն ոլորտները, որոնց ուղղությամբ նախկինում տրամադրել ենք ԵՄ աջակցություն․ մասնավորապես՝ արդարադատության ոլորտին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, պարեկային ոստիկանության ստեղծմանը։ ԵՄ-ն ապահովել է այն ավտոմեքենաները, որոնցից օգտվում է պարեկային ծառայությունը։ Աջակցությունը շարունակական է։

Բոլոր հարցերը՝ կապված ցույցերի, ժողովրդավարական ցույցերի հետ, ինչպես Դուք նշում եք՝ ոստիկանության գործողությունների հետ կապված չափազանց կարևոր են մեզ համար։ Ուստի մենք ուշադիր հետևում ենք Տավուշում, ինչպես նաև Երևանում զարգացումներին։ Կարծում եմ՝ չափազանց կարևոր է, որ բոլորը հարգեն կանոնները, կանոնակարգերը, և որ երկրում հավատարիմ մնան ժողովրդավարական զարգացումներին և ժողովրդավարական գործընթացներին։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930