Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեռ չեն սահմանվել պատասխանատվության միջոցներ». երկկուսակցական բանաձևով դատապարտում են Ադրբեջանին էթնիկ զտումների համար

Հունիս 28,2024 12:42

Վաշինգտոն – Ս.թ. հունիսի 27-ին կոնգրեսական Աննա Էշուն (դեմոկրատ, Կալիֆոռնիա) և կոնգրեսական Քրիս Սմիթը (հանրապետական, Նյու Ջերսի) առաջնորդեցին մի բանաձև, որով Ադրբեջանը դատապարտվում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության դեմ էթնիկ զտումների արշավ իրագործելու համար, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

«Ադրբեջանի ցեղասպան արշավը հայ ժողովրդի դեմ շարունակվում է կրոնական, պատմական և մշակութային վայրերի շարունակական ոչնչացմամբ, ինչը լավ փաստագրված է Caucasus Heritage Watch-ի կողմից»,- հայտարարեց Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: «Մենք անհամբեր սպասում ենք աշխատել կոնգրեսականներ Էշուի և Սմիթի հետ՝ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները բացահայտելու և ոճրագործներին պատասխանատվության ենթարկելու համար»:

Բանաձևում հետագծվեց արցախահայության նկատմամբ առանց դրդապատճառի բռնությունը՝ սկսած 2022թ.-ին Լաչինի միջանցքի «դաժան» 10-ամսյա արգելափակումից, մինչև 2023թ.-ի լայնածավալ ռազմական հարձակումը, որը խլեց հարյուրավոր զինվորների և խաղաղ բնակիչների կյանքեր և հանգեցրեց ավելի քան 120,000 տեղահանվածների, ովքեր «բախվելով հետագա էթնիկ բռնությունների սպառնալիքին, լքեցին տարածքը որպես փախստականներ, Ադրբեջանի հարձակմանը հաջորդած երկու շաբաթների ընթացքում»:

Ընդգծվեց նաև հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց շարունակվող «անարդար ազատազրկումը» «քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներով կամ ընդհանրապես առանց մեղադրանքների», ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության օբյեկտների ոչնչացումն ադրբեջանական ուժերի կողմից, որոնք «համակարգված ոչնչացրել են հայկական մշակութային ժառանգության վայրերը Լեռնային Ղարաբաղում, ներառյալ՝ եկեղեցիներ, վանքեր, գերեզմանատներ և այլ մշակութային հուշարձաններ»:

Բանաձևում ընդգծվեց «Հայաստանում փախստականների ճգնաժամին արձագանքելու համար մարդասիրական օգնության չափազանց անբավարար քանակությունը» և դեռ չեն «սահմանվել Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվության խելամիտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում անմարդկային շրջափակման և էթնիկ զտումների արշավի համար»:

Եզրափակելով բանաձևը՝ Ներկայացուցիչների պալատը դատապարտեց «Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացված վայրագությունները», որոնք իրենցից ներկայացնում են «էթնիկ զտումների գործողություններ», ընդգծեց Արցախի հայ ժողովրդի համար լուրջ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտությունը, կոչ արեց վարչակազմին «նպատակային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների նկատմամբ, որոնք մեղսակից են մարդու իրավունքների ոտնահարումներին», և արգելել ԱՄՆ ռազմական օգնությունը՝ համաձայն ԱԶԱՏՈՒԹՅԱՆ Աջակցության ակտի 907 Բանաձևի:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930