Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր կայք եւ ավելի քան 90 լուսանկարի ցուցադրություն. Բացվել է «Արմենպրեսի» «Դարի վավերագրություն» բացառիկ ցուցահանդեսը

Հունիս 28,2024 11:14

Հայաստանի Նկարիչների միությունում բացվել է «Արմենպրեսի» «Դարի վավերագրություն» ցուցահանդեսը, նաեւ կայացել է «Արմենպրեսի» նոր կայքի շնորհանդեսը: Այցելուները գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները դիտելու հնարավորություն կունենան մինչեւ հուլիսի 4-ը:

 

Ներկայացված են ավելի քան 9 տասնյակ բացառիկ լուսանկարներ, որոնք կենդանացնում են 20-րդ դարի 50-90-ական թթ. իրադարձությունները:

«Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանի ձեւակերպմամբ. «Արմենպրեսը» մեկ դարից ավելի հայ ժողովրդի զավակն է, ու պատասխանատու է՝ հոգ տանել այդ ժողովրդի հիշողության մասին՝ փաստագրելով կարեւորագույն իրադարձությունները՝ ոչ միայն գրչով, խոսքով, այլ՝ կադրով, որ երբեմն խոսուն է ավելի, ավելի բառաշատ, ավելի գունեղ:

Ստեղծվելով 1959 թվականի դեկտեմբերին՝ գործակալության մասնագիտացված ֆոտոծառայությունը շատ արագ դարձել է Հայաստանի ու արտասահմանյան լրատվամիջոցների ֆոտոլրատվության գլխավոր մատակարարներից մեկը» ։

«Արմենպրեսի» տնօրենի խոսքով, «Արմենպրեսը» ավելի քան մեկ միլիոն լուսանկար ունի. «Թվային դարաշրջանը հնարավորություն է տալիս օրական ստեղծվող մի քանի տասնյակի հասնող ֆոտոնյութերը միանգամից պահպանել ֆոտոպահոցներում՝ ճիշտ մակագրմամբ, ժամանակակից լեզվով ասած՝ ճիշտ թեգավորմամբ, սակայն մենք մեր պահոցներում թվայնացման սպասող հարյուր հազարավոր ժապավեններ ունենք, որոնց ուսումնասիրությունը մեզ թեմատիկ ցուցադրությունների հարուստ նյութ է տալիս: Այնպես որ, պետք է սպասել նոր ցուցադրությունների ու նորությունների նաեւ հայկական աշխարհի լուսանկարներն աշխարհին հասանելի դարձնելու իմաստով»:

Դառնալով գործակալության կայքին, Նարինե Նազարյանը հավելեց, որ «Արմենպրեսի» ժապավենը թարգմանվում է 9 օտար լեզվով, եւ հասունացել էր ժամանակն ավելի արագագործ, թվային նոր լուծումներով հագեցած կայք ունենալու, իրենց դիրքերը որոնողական համակարգերում բարելավելու առումով, ուստի ստեղծել են թեգային այնպիսի համակարգ, որ հեշտ լինի ստանալ, գտնել, կարդալ, լսել, դիտել, տարածել ու պահպանել ամեն նոր ծնվող լուրը:

«Նոր, արագագործ ու թվային բազմապիսի լուծումներով կայք ունենալը ժամանակի հրամայական էր, երբ արհեստական բանականությամբ թելադրված լուծումներն արդեն անտեսել հնարավոր չէ»,-փաստեց նա:

 

Հավելեց, որ կայքի նախագծումն ու ստեղծումն իրականացրել է «Մաթեմատ» ընկերությունը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է «Արմենպրես» գործակալությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930