Լրահոս
Օրվա լրահոսը

Աբիդ Գաֆարով. «ԵԽԽՎ-ում ներկա էի եւ անգլերենից ադրբեջաներեն էի թարգմանում Փաշինյանի ելույթը, իմ եզրակացությունը հետեւյալն է՝ Փաշինյանի հայացքն ուղղված է ապագային». «Ազգ»

Հունիս 28,2024 11:18

 «Ազգ»ի հունիսի 7-ի եւ 14-ի համարներում լուսաբանել ենք Բոննում հունիսի 3-13-ին ՄԱԿի հովանու տակ անցկացվող Կլիմայի փոփոխություններին նվիրված համաժողովի մասին, (որ Բաքվում նոյեմբերի 11-24-ին գումարվելիք COP29-ի համաժողովի նախապատրաստական փուլն էր), ինչպես նաեւ անդրադարձել նույն վայրում հունիսի 3-ին եւ 7-ին Գերմանահայոց կենտրոնական խորհրդի կազմակերպած բողոքի ցույցին, որ առաջնահերթ պահանջ էր դարձրել Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատարձակումը: Հայ ցուցարարների կողքին հունիսի 7-ին Բաքվում գումարվելիք համաժողովի դեմ փաստարկներ էին ներկայացնում Ադրբեջանից վտարանդի մի քանի լրագրողներ, հրապարակում բարձրախոսն առած բողոքելով, թե Կլիմայի հարցերով համաժողովը հարստացնելու է միայն Ալիեւի ընտանիքին, ամրապնդելու է նրա ռեժիմը: Ադրբեջանցիների տաղավարը ցուցադրում էր Բաքվի բռնակալի՝ մի քանի տասնյակ հակառակորդների՝ բանտում կտտանքների ենթարկվող մարդու իրավունքների պաշտպանների, լրագրողների լուսանկարները: Շատ փաստարկված էր Շվեյցարիայի աքսորից Բոնն ժամանած Էմին Հուսեյնովի անգլերեն ելույթը, որ ճառախոսության ազդեցության մասին քաջատեղյակ, գիտեր մարդկանց տպավորելու, արդարության իր պահանջը բնապահպան մարդուն հասցնելու կերպը: Նրանից հետո ելույթ ունեցավ ադրբեջանցի վտարանդի լրագրող Աբիդ Գաֆարովը: Երբ ադրբեջանցիներն ավարտեցին ելույթները, մոտեցա: Էմին Հուսեյնովը ցույց տալով իրեն սպասող մի մեծ խմբի, ասաց՝ շտապում է, զրույցը ծավալեցի Աբիդ Գաֆարովի հետ: Բաքվում 1981-ին ծնված Գաֆարովը գերազանց  գնահատականով է ավարտել դպրոցը, այնուհետ՝ Բաքվի պետական նավթարդյունաբերական համալսարանը: Ֆբ սոց հարթակում ներկայանում է որպես Կասպյան լրատվական կենտրոնի խմբագիր: Մեր զրույցում ասաց, թե Յութուբում ալիք է ունեցել, որի գույքը բանտարկությունից հետո 2022-ին բռնագրավել են: « Ձեր ազգանունը «ով» վերջածանցն ունի: Ադրբեջանակա՞ն է այն: Միգուցե ձեր ծնողները պատմել են, որ նրանք էթնիկ այլ խմբի են պատկանում՝ ուդի, լեզգի, թաթ…«Ես  ճանաչում եմ իմ նախապապերին, մինչեւ 7-րդը (պորտը), կարող եմ ասել, որ բոլորը թուրք են եղել», ասաց Գաֆարովը: Մեր զրույցը երբեմն դադար էր առնում, քանի որ լսվում էր հայերի ձայնը՝ «Ալիեւին՝ Հաագա», «Ազատություն Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիներին», հնչում էին Բաքվի բանտում գերյալ հայերի անունները

«Եթե կլիմայական արդարության մասին ենք խոսում, այն առանց համընդհանուր արդարության չի լինում», ասաց լրագրողը, երբ ներկայացա:

Իսկ համընդհանուր արդարության պահանջի մեջ հայերի, Լեռնային Ղարաբաղի, Արցախի մասին ինչո՞ւ չեք նշում: Չեք խոսում ցեղասպանության, Ալիեւի գործած ոճրի մասին: Խոսում եք միայն ձեր գերյալների մասին, չեք նշում, որ Ալիեւը բանտարկել է Արցախի ղեկավարներին, հայ ռազմագերիներ կան: Ինչո՞ւ եք խուսափում:

-Խոսում ենք այս մարդկանց մասին, քանի որ նրանք որեւէ սխալ բան չեն արել: Նրանք ո՛չ զենք են կրել, ո՛չ թմրամիջոց են ունեցել, քրեորեն (հետապնդելի) որեւէ բան չեն արել: Բոլորը լրագրողներ են (ցույց է տալիս լուսանկարները-Ան.Հ.): Նրանք սոսկ ուզում էին խաղաղություն եւ ժողովրդավարություն բերել Ադրբեջան:

Կարո՞ղ է ժողովրդավարություն հաստատվել ձեր երկրում՝ առանց այդ հողի բնիկների՝ հայերի:

-Պիտի սկզբում խաղաղություն լինի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ:

Անշուշտ, բայց ինչպիսի՞ խաղաղություն:

-Ադրբեջանում անկախ դատական համակարգ չկա: Լավ կլինի, որ ոչ միայն ձեր բանտարկյալների, այլ նաեւ բոլոր բանտարկյալների հարցը քննի միջազգային դատարանը: Միգուցե Հաագայում: Ինձ էլ են ձերբակալել, Ադրբեջանում արդարություն չկա: Ինձ տանջել են Բաքվի բանտում: Հավատացեք ինձ, ձեր բանտարկյալներին չեն տանջում այնպես, ինչպես ինձ էին տանջում՝ մահվան դուռը տանելով: Կլինիկական մահ եմ ապրել:

Նրանք լավ վիճակում չեն, դուք էլ գիտեք: Ես չեմ կարող փաստերը ստուգել՝ տանջո՞ւմ են նրանց, թե՞ ոչ: Սակայն ինձ հետաքրքրում է, թե կոռումպացված ռեժիմի մասին խոսելիս, ձեր փաստարկները բարձրաձայնելիս ինչո՞ւ եք խուսափում ողջ ճշմարտությունը ներկայացնել: Վտանգավո՞ր է խոսել հայերի իրավունքների, ԼՂի մասին: Դուք էլ գիտեք, որ ԼՂն բնիկ հայկական տարածք է, մեր երկիրն է:

-Կան ՄԱԿ-ի բանաձեւերը…

Մի խոսեք դրանց՝ ճշմարտությունից հեռու փաստերի մասին, փոխարենը հիշեք, որ Ալիեւը ցեղասպանություն է կատարել հայերի հանդեպ եւ շարունակում է այդ գործողությունները:

-Ես այդպես չեմ կարծում… քանի որ չեմ հետաքննել նման փաստեր: Խոսում եմ միայն փաստերի վրա հիմնված իրողությունների մասին: Հետաքննել եմ լրագրողների հանդեպ կտտանքների փաստերը, գիրք եմ գրել, ինձ պատժել են դրա համար, բանտարկել, տանջել…

Կարո՞ղ է խաղաղություն հաստատվել հայերի եւ ադրբեջանցիների միջեւ, երբ վերջինները քանդում են մեր եկեղեցիները, գերեզմանները:

-Ես հավատում եմ: Միայն թե հայ ժողովուրդը պիտի ընտրի՝ անցյա՞լն է կարեւոր իր համար, թե՞ ապագան:  ԵԽԽՎ-ում ներկա էի եւ անգլերենից ադրբեջաներեն էի թարգմանում Փաշինյանի ելույթը, իմ եզրակացությունը հետեւյալն է՝ Փաշինյանի հայացքն ուղղված է ապագային:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930