Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես երկու աղջիկներ հիմնեցին յուրահատուկ թատրոն-ավտոբուս

Հունիս 28,2024 14:30

Bebook շարժական թատրոնը հասցրել է լինել ոչ միայն Երեւանի տարբեր համայնքներում, այլեւ ՀՀ մարզերում

Bebook շարժական թատրոնը փոքրիկ հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային եւ ստվերների ինտերակտիվ ներկայացումներով։ «Առավոտի» հետ զրույցում թատրոնի հիմնադիրներից Անի Երեմյանը տեղեկացրեց, որ դրամաշնորհ էին ստացել, որն ամբողջությամբ ծախսել են ավտոբուս ձեռք բերելու վրա, քանի որ «Բեբուկը» թատրոն- ավտոբուս է: «Ավտոբուսն արդեն թատրոնի է վերածվել»,-հավելեց մեր զրուցակիցը: Հիշեցնենք, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, համագործակցելով Creative Armenia-ի հետ եւ ԵՄ ֆինանսավորմամբ, նախաձեռնել է «Կատապուլտ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը, որի նպատակն է խթանել Հայաստանում ստեղծարար արդյունաբերությունը։ Bebook շարժական թատրոնը  եւս դրամաշնորհ է ստացել այդ շրջանակում:

«Մեր թատրոնի առանձնահատկությունն այն է, որ ներկայացումներն ամբողջությամբ ինտերակտիվ են, դա մեր առաջնային պայմանն է թատրոնը հիմնելիս եւ որեւէ ներկայացում բեմադրելիս: Ցավոք սրտի, թատրոնի՝ մի քիչ ավելի դասական տարբերակն այս պահին երեխաներին այդքան էլ հետաքրքիր չէ, իսկ ինտերակտիվ ձեւաչափն այն է, ինչ երեխաներին օգնում է, որ իրենք ներառված, ներգրավված լինեն ներկայացման մեջ, մոտ կանգնեն թատրոնին ու հասկանան թատրոնի էությունը: Ներկայացում բեմադրելիս միշտ այնպես ենք անում, որ երեխաները լինեն ներկայացման հերոսները, փորձեն իրենք սյուժեն զարգացնեն եւ այլն»,-հավելեց մեր զրուցակիցը:

Անի Երեմյան

Անի Երեմյանն ասաց, որ Bebook շարժական թատրոնը հիմնադրել են 2021թ., հունիսի 1-ին առաջին ներկայացումն է եղել. «Թատրոնը հիմնադրել ենք ես եւ Ռուզաննա Պետրոսյանը՝ իմ կուրսընկերուհին: Դեռեւս 2018թ.-ից ունեցել ենք նման գաղափար, որ շարժական ինտերակտիվ թատրոն հիմնենք եւ թատրոն-ավտոբուս ունենանք: Երկար ենք աշխատել գաղափարի վրա, ու «Արտբոքսի» շնորհիվ արդեն հնարավոր եղավ մեր ծրագիրը դարձնել իրականություն»:

Ռուզաննա Պետրոսյան

Եվ Անի Երեմյանը, եւ Ռուզաննա Պետրոսյանը Երեւանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի շրջանավարտներ են, Անին ավարտել է ինստիտուտի արվեստի կառավարում, իսկ Ռուզաննան՝ դերասանական արվեստ բաժինը: Աղջիկները թատրոն-ավտոբուսով եղել են ոչ միայն Երեւանի տարբեր համայնքներում, այլեւ Հայաստանի որոշ մարզերում: «Քանի որ մեր ավտոբուսը մեկ տարի է, ինչ կա, աջակցության ծրագրեր ենք պատրաստում եւ աջակիցներ ենք փնտրում, որպեսզի  հյուր գնանք այն մարզերի փոքրիկներին, որտեղ դեռ չենք եղել: Մինչ այժմ եղել ենք Շիրակի, Լոռու, Արարատի,  Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում: Շատ ենք ցանկանում լինել սահմանամերձ համայնքներում, բայց դրա համար մի քիչ այլ ֆինանսական միջոցներ են անհրաժեշտ, ինչը, ցավոք, ինքնաֆինանսավորմամբ չենք կարողանում հոգալ: Ունենք  մի քանի գործընկերներ, որոնց հետ որոշ պայմանավորվածություններ ունենք: Հուսանք, որ հուլիս ամսին, երբ որ ավարտած կլինենք մեր ներկայիս նախագիծը՝ «Հեքիաթն անիվների վրա», որ իրականացնում ենք Երեւանի քաղաքապետարանի հետ, դրանից հետո հնարավորություն  կունենանք մեր բուն առաքելությանն անցնել, գնալ սահմանամերձ գյուղեր»,-հավելեց Անի Երեմյանը:

Մեր հարցին՝ տեխնոլոգիաների դարում, երբ երեխաներն ավելի հետաքրքրված են բջջային հեռախոսներով ու պլանշետներով,  հե՞շտ է երեխաներին հետաքրքրելը, զբաղեցնելը, Անի Երեմյանն ասաց. «Հենց դրա համար էլ մեր ներկայացումներն ինտերակտիվ են: Մեր փորձից ելնելով՝ պետք է ասեմ, որ կապ չունի, թե ինչ հեքիաթ է ներկայացվում, կարեւորն այն է, թե ինչպես է մատուցվում երեխաներին: Ոււնենք եւ հայտնի հեքիաթներ՝ «Կարմիր գլխարկ», «Երեք խոզուկներ», որոնք երեխաները գրեթե անգիր գիտեն, ունենք օրիգինալ հեքիաթներ, որոնք մենք ենք գրել: Հիմնականում փորձում ենք շեշտադրել այս հեքիաթները: Օրինակ, մեր ամանորյա  ներկայացումները միշտ մեր գրած հեքիաթների վրա են բեմադրված լինում: Ունենք նաեւ հեքիաթներ, որոնք բեմադրել ենք հայտնի մուլտերի հիման վրա կամ մեր դասական թումանյանական հեքիաթներն են: Այսինքն՝ կարեւորը ձեւաչափն է եւ երեխաների  մասնակցայնությունը ներկայացումներին»:

Անի Երեմյանն ասաց, որ շատ ուրախ կլինեն, եթե աջակիցներ գտնեն, ու նրանց շնորհիվ կարողանան մազեր այցելել. «Մեզ համար շատ կարեւոր է այցելել Երեւանից դուրս: Բոլորս էլ գիտենք, որ ցավոք սրտի, մարզերում ոչ բոլորն են վճարունակ: Ու էդպես չի եղել, որ Երեւանից դուրս ներկայացում խաղանք, եւ դա լինի վճարովի: Եթե որեւէ գյուղական բնակավայր ենք գնում, որտեղ երեխաները կարոտ են թատերական ներկայացումների, աշխատում ենք այնպես անել, որ այդ ամենն իրենց համար լինի անվճար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում լրատվամիջոցը, եւ պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: Լուսանկարները տրամադրել է Bebook շարժական թատրոնը:

«Առավոտ» օրաթերթ
28.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930