Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրսում մեր անուններն ուրիշ են»

Հունիս 28,2024 13:30

Հարցազրույց գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիայի հետ

Վերջերս «ԷՋ» հրատարակչությունը լույս ընծայեց գերմանահայ գրող Լաուրա Ցվիրտնիայի «Դրսում մեր անուններն ուրիշ են» վեպը։

Լաուրա Ցվիրտնիան ծնվել է Բրեմենում՝ գերմանահայ ընտանիքում։ Սովորել է Քյոլնում եւ Իսպանիայի Գրանադա քաղաքում։ ZEIT օրաթերթի խմբագիրն է։ «Դրսում մեր անուններն ուրիշ են» վեպը նրա գրական դեբյուտն է։

ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Բրեմեն-Նորդ թաղամասի երեխաները հստակ գիտեն, թե որտեղից են իրենց ընտանիքները՝ Թուրքիայից, Ռուսաստանից, Ալբանիայից: Միայն Կառլայի մոտ ամեն ինչ մի փոքր այլ է։ Նա գիտի, որ իր տատիկը Ստամբուլից Գերմանիա է եկել 1960-ականներին՝ որպես հյուրատան աշխատող, եւ որ ընտանիքը հայկական արմատներ ունի, բայց այդ մասին ոչ ոք չի խոսում։ Երբ Կառլայի տատիկը մահանում է, մի կնոջ անուն է ջրի երես դուրս գալիս, ինչպես նաեւ Հայաստանում ինչ-որ հասցե։ Կառլային հաջողվում է հորը համոզել միասին մեկնել ճանապարհորդության հայրենիք, որտեղ նրանցից եւ ոչ մեկը երբեւէ ոտք չի դրել։

– Լաուրա, ի՞նչը ձեզ ստիպեց մտածել ինքնության հարցերի շուրջ։ Ինչպե՞ս սկսվեց այդ փնտրտուքների ուղին։

– Ես մեծացել եմ Բրեմենում, որտեղ միշտ շատ գաղթականներ են եղել: Այնպես որ, ինքնության հարցերը շատ սովորական էին այնտեղ երեխաների համար: Իմ դեպքում այս հարցերը հատկապես բարդ էին, քանի որ մայրս գերմանացի է, իսկ հայրս՝ պոլսահայ։ Ես գերմանացի՞ եմ, թե՞ հայ։ Իսկ ինչո՞ւ չենք ասում, որ ես թուրք եմ, եթե արմատներ ունենք Թուրքիայից: Սրանք հարցեր էին, որոնք ես միշտ ինքս ինձ տալիս էի: Բայց ես հազվադեպ էի պատասխաններ ստանում, քանի որ իմ ընտանիքում հայոց պատմության մասին խոսելը հեշտ չէր՝ սերնդեսերունդ փոխանցված տրավմայի եւ միգրանտների հանդեպ խտրականության վախի պատճառով:

Երբ ես 28 տարեկան էի եւ արդեն աշխատում էի որպես խմբագիր գերմանական DIE ZEIT թերթում, միտք առաջացավ մի հոդվածում շեշտը դնել հենց ինքնության վրա: Եվ այդ պատճառով էլ կյանքումս առաջին անգամ հայրիկիս հետ մեկնեցի Հայաստան, եւ դրանով սկսվեց մեկ այլ ճանապարհորդություն՝ դեպի իմ վեպը:

– Ի՞նչ ուղերձ ունի ձեր վեպը եվրոպացի ընթերցողներին եւ իհարկե՝ հայ ընթերցողներին։

– Վեպը մեկ ուղերձ չէ, որ ունի, քանի որ այն վերաբերում է տարբեր թեմաների, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը, արտագնա աշխատանքի անցած ներգաղթյալ կնոջ կյանքը, մեծանալը որպես ներգաղթյալ: Եթե մեկ ուղերձ նշեմ, ապա կասեմ, որ տրավման չի ավարտվում մեկ սերնդով, այն կարող է ավարտվել միայն անցյալի հետ առերեսվելով։

– Ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար այն փաստը, որ վեպը թարգմանվել է հայերեն։

– Քանի որ ամեն բան սկսվեց հենց այստեղ, այնպիսի տպավորություն է, թե գիրքը տուն է վերադառնում: Իմ ընտանիքը պատմականորեն զրկված է եղել իր մշակույթից, լեզվից, եւ հիմա, երբ հայերեն տեսնում եմ պատմությունը՝ հիմնված մեր ընտանիքի իրական պատմության վրա… անձամբ ինձ համար դա շատ բան է նշանակում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.06.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930