Կոտայքի մարզի քննչական վարչությունում տուժող կողմը հաղորդում է տվել այն մասին, որ մայիսի 30- 31-ին անհայտ անձը Կոտայքի մարզի Նաիրի շրջանի Քասախ բնակավայրի բնակարաններից մեկն է ներխուժել, կատարել գողություն՝ իրեն պատճառելով հիսունհինգ հազար դոլարին համարժեք դրամ գումարի չափով վնաս…
Կասկածյալ Վրեժ Դավթյանին ձերբակալելու պահից հարվածել են մինչ բաժին բերելը, քարշ տալով խոշտանգել են ու դրանից հետո հարցաքննել:
Վրեժ Դավթյանին մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 46-254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 4-րդ կետերով ենթադրյալ արարքի կատարման մեջ։
Նա հերքում է իր մասնակցությունը կատարվածին:
Կարդացեք նաև
«Կոտայքի մարզի Նաիրի շրջանի Եղվարդի բաժնում խոշտանգված պաշտպանյալիս ազատ արձակեցին ժամկետի ավարտի հիմքով եւ կրկին ձերբակալեցին եւ սա այն պարագայում, երբ նախնականում ձերբակալել էին անմիջական ծագած կասկածի հիման վրա եւ 3 օր անմիջական ծագած կասկածը չէին կարողանում հիմնավորել ու վերածել հանրային հետապնդման», – երեկ «Առավոտին» ասաց քրեական ծանր գործերով հայտնի փաստաբան Գուրգեն Հովհաննիսյանը, որը փաստաբան Աննա Ծառուկյանի հետ ներկայացնում է Վրեժ Դավթյանի շահերը:
Գուրգեն Հովհաննիսյանին մինչեւ ՁՊՎ հասնելը, թույլ չէին տվել մուտք գործել քննչական վարչություն, բաժին, ապա ասել էին՝ «պաշտպանյալդ այստեղ չէ»:
Պաշտպանությունը ստանձնելու պահին նա չէր կարողացել քննիչի հետ կապ հաստատել, սակայն մարդու իրավունքների պաշտպանին դիմելուց հետո նա կարողացել է հանդիպել իր պաշտպանյալին, եւ ՁՊՎ-ում տեսել կապտուկները, հակաօրինական գործողությունները, որոնք կատարվել են իր պաշտպանյալի նկատմամբ, որոնք տեսնում եք լուսանկարներում:
Ըստ պաշտպանական կողմի, մինչ օրս նյութեր չկան անգամ թեթեւ կասկած հարուցող։
Դատավոր Դ.Ղուկասյանը տնային կալանք կիրառեց երկու ամսով:
Հանձնարարվեց ԱՆ պրոբացիայի ծառայությանը, օրենքով սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցներով, իրականացնել նրա հսկումը:
Դատարանը ընտրելով այս խափանման միջոցը՝ արգելել է Դավթյանին լքել բնակության վայրը, նշված հասցեում հյուրընկալել մարդկանց, օգտվել հաղորդակցության տարատեսակ ձեւերից, ստանալ փոստային առաքանի:
«Լավ, դա արեցիք երկրորդ անգամ եւ հիմա էլ պարզ չի խմբի կազմում յուրաքանչյուրի գործողությունը (անգամ դերերը չեն բաշխել), որը որոշակիության սկզբունքի տեսանկյունից եւ արարքի անհատականացման տեսանկյունից իմպերատիվ է: Բաժին բերելուց ինչու էին Վրեժ Դավթյանին անմարդկային ձեւով ծեծի ենթարկել եւ ըստ տրված նրա հաղորդման՝ ստիպել, որ գրի՝ ինչ ասում են»,-ասում է երկրորդ պաշտպանը՝ Ա.Ծառուկյանը:
Վարույթ նախաձեռնվել է, թե ոչ, տեսախցիկներն արգրավվել են, թե ոչ, հարցերը դեռ առկախ են:
Գ.Հովհաննիսյանը (լուսանկարում) «Առավոտին» տեղեկացրեց, որ միջնորդություն է արել տեսախցիկները առգրավվելու համար, որտեղից Դավթյանին ձերբակալել են, սակայն ոչ մի պատասխան չկա:
«Մենք էլ բողոքարկել ենք խափանման միջոցի որոշումը՝ մասնակիորեն բողոքարկել ենք վերաքննիչ դատարան, հիմնավոր կասկածի բացակայության հիմքով, չունենք պատասխան»,-ասում է Գ.Հովհաննիսյանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ. Կոտայքի մարզում խոշտանգման դեպքերն առաջին անգամ չեն: Անցած տարվա սեպտեմբերի 15-ին լրատվամիջոցները բարձրաձայնեցին Հրազդանի բաժնում քննիչի աշխատասենյակ մինչ հարցաքննությունը տարված խոշտանգված անձի մասին, նաեւ այն մասին, որ խոշտանգման հիմքով վարույթ է հարուցվել Վաչիկ Հայրապետյանի գործով:
«Առավոտ» օրաթերթ
27.06.2024