Ինֆորմացիայի ազատության կենտրոնը օրերս հրապարակեց «Լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքը- 2024. հետազոտություն» արդյունքները:
Հարցմանը մասնակցած լրագրողների 67.5%-ը հայտնել էր, որ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում նախընտրում է նյութ գրել այդ մասին կամ փորձում են այլ աղբյուր գտնել՝ 62.3%: Լրագրողները նշել էին նաեւ, որ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում այդ մասին գրառում են անում սոցիալական հարթակներում (29.9%), ինչպես նաեւ դիմում են տեղեկության տրամադրումը մերժած պաշտոնյայի վերադասին (50.6%) կամ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» (15.6%) կամ՝ Մարդու իրավունքների պաշտպանին (10.2%): Հատկանշական է, որ տեղեկություն ստանալու իրավունքի խախտման դեպքում առավել հաճախ նախընտրում են դիմել ԻԱԿ-ին՝ գործնական աջակցություն ստանալու ակնկալիքով, քան՝ ՄԻՊ-ին:
Ինչեւէ: Ըստ հրապարակված ամփոփիչ հետազոտության, հետազոտողների առջեւ դրված խնդիրներն էին. իրականացնել տեղեկատվության ազատության առկա իրավիճակի գնահատում՝ ներկայացնելով լրագրողների տեղեկություն ստանալու պրակտիկայի առանձնահատկությունները, բացահայտել լրագրողների մասնագիտական առանձնահատկություններով պայմանավորված հիմնախնդիրները եւ խոչընդոտները, ընդգծել «ՏԱ մասին» ՀՀ օրենքի բացերը, որոնք անմիջական ազդեցություն են ունենում լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի իրացման գործընթացում, ներկայացնել լրագրողների տեղեկություն ստանալու իրավունքի լիարժեք ապահովմանն ուղղված առաջարկներ եւ խորհրդատվականներ՝ ուղղված տարբեր շահառուների եւ դերակատարների։
Հետազոտության համար առաջնային տվյալները հավաքագրվել են նախապես մշակված հարցաշարին լրագրողական համայնքի ներկայացուցիչների տված պատասխանների հիման վրա։ Առցանց հարցաշարին պատասխանել է 77 լրագրող, որոնք ներկայացնում են Երեւանում եւ մարզերում գործող տարբեր լրատվամիջոցներ՝ հեռուստատեսություն, ռադիո, տպագիր մամուլ եւ առցանց լրատվամիջոցներ։ Հարցաշարում ներառված հարցերը վերաբերում են տեղեկատվության ազատության պրակտիկայի ամենատարբեր ասպեկտների՝ տեղեկություն ստանալու հարցումների կազմման փուլից մինչ տեղեկություն ստանալու խախտված իրավունքի վերականգնման մեխանիզմների կիրառում։
Կարդացեք նաև
Հարցաշարի հիման վրա տվյալների հավաքագրմանը հաջորդել են ոլորտի փորձագետների, պետական կառավարման մարմինների տեղեկատվության ազատության պատասխանատուների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ խորացված հարցազրույցները՝ բացահայտելու խորքային հիմնախնդիրները եւ մշակելու դրանց լուծմանն ուղղված համալիր առաջարկներ։ Իրականացվել է 11 խորքային հարցազրույց 2024թ. ապրիլի ընթացքում։ Նշվել էր, որ հետազոտողների թիմը նաեւ տվյալներ է հավաքել հեղինակավոր աղբյուրներից, այդ թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցներից, Եվրոպայի խորհրդի փորձագետների իրականացրած ուսումնասիրություններից, հրապարակված պաշտոնական վիճակագրությունից, տեղեկատվության ազատության ոլորտում մասնագիտացած կառույցի՝ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի (ԻԱԿ) վերջին տարիներին իրականացրած հետազոտություններից, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից։
Հարցմանը մասնակցած լրագրողների 64,5%-ը նշում է, որ տեղեկություն տրամադրելիս պետական մարմինները խտրականություն են դնում տարբեր լրատվամիջոցների եւ լրագրողների միջեւ։ 32.9%-ը դժվարացել է պատասխանել այս հարցին եւ հարցվածների ընդամենը 2.6%-ն է կարծում, որ տեղեկություն տնօրինողները խտրականություն չեն դրսեւորում:
…Բոլոր այն դեպքերում, երբ տեղեկություն տնօրինողները հարցմամբ պահանջված տեղեկության տրամադրումը մերժում են տեղեկության՝ անձնական տվյալ պարունակելու հիմքով, խախտում են Տեղեկատվության ազատության մասին օրենքը: Լրագրողներին նաեւ խնդրել ենք ներկայացնել, թե իրենց կարծիքով, որ մարմիններից է առավել դժվար ստանալ տեղեկություններ։ Ինչպես երեւում է ստորեւ պատկեր 15-ում՝ այդ կառույցների եռյակն են՝ Վարչապետի աշխատակազմը՝ 48%, պետական հիմնադրամները՝ 27%-ով, դատարանները եւ կառավարության ենթակա մարմինները՝ 26%-ով։
Թե ինչու են լրագրողները խուսափում դատարան դիմել տեղեկություն ստանալու պահանջով, ըստ հետազոտողների. «Բացի ծախսատար լինելուց, դատարան դիմելը նաեւ խիստ ժամանակատար պրոցես է։ Դատական պրակտիկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տեղեկատվության տրամադրման մերժումը դատական կարգով վիճարկելու դեպքում դատական գործերի քննությունը միայն Վարչական դատարանում տեւում է միջինը 1-4 տարի, իսկ բողոքարկման դեպքում երբեմն գերազանցում նաեւ այդ ժամանակահատվածը: Օրինակ, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ռազմավարական դատավարություններից մի քանիսի տեւողությունը հատել է 5 տարի ժամկետը։ Ակնհայտ է, որ նման իրավակիրառ պրակտիկան անհրաժեշտ օրենսդրական կարգավորումների բացակայության պայմաններում բովանդակազրկում է տեղեկատվության ազատության իրավունքը եւ անձին զրկում տեղեկատվության ազատության իրավունքի խախտման դեպքում արդյունավետ իրավական պաշտպանության միջոցի հնարավորությունից, քանի որ տեղեկատվության մատչելիության իրավունքի արդյունավետ իրականացումը պայմանավորված է առաջին հերթին տեղեկատվության տրամադրման սեղմ ժամկետներով: Միեւնույն ժամանակ, ամիսներ կամ տարիներ անց դատական կարգով տեղեկատվության մատչելիության իրավունքի խախտումը վերացնելուց հետո արդեն վերացած է լինում նաեւ հայցված տեղեկատվության անհրաժեշտությունը, հետեւաբար իրավունքի վերականգնում ըստ էության տեղի չի ունենում»: Հետազոտողները առաջարկներ են արել բազմաթիվ մարմինների, իսկ նրանցից մեկով՝ ՆԴԽ-ին, դատական դեպարտամենտին, դատարաններին առաջարկել են. «Ցանկալի է, որ ստեղծվի հատուկ արտահայտվելու ազատության եւ տեղեկատվության ազատության հարցերում մասնագիտացած դատավորների խումբ, որոնք լիարժեք կտիրապետեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ոլորտային պրակտիկային, ՀՀ ոլորտային նախադեպային իրավունքին, ինչպես նաեւ քաջածանոթ կլինեն մամուլի եւ լրագրողների աշխատանքի առանձնահատկություններին»:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.06.2024